Իր մահկանացուն կնքեց Շահեն Խաչատրյանը: Նա մեկն էր մեր այն հազվագյուտ անձանցից, որոնք իրենք են ստեղծում իրենց անուն-ազգանունը, որոնք անուն ունեն, որ միշտ հարգանք է ներշնչում եւ ավելին է, քան որեւէ աստիճան եւ կոչում: Նա իր անունը ստեղծել է իր անխոնջ ու անդուլ գործունեությամբ:
Եղեռնից հրաշքով փրկված էրզրումցի ծնողների զավակը ծնվել էր Հալեպում: 1946 թվականին ընտանիքով եկել էին Հայաստան: Այստեղ Խաչատրյանների ընտանիքը թեեւ լիովին ճաշակել էր հայրենադարձներին բաժին ընկած բոլոր տեսակի դառնությունները, այնուամենայնիվ Շահենը եղավ ու մնաց Հայաստանին խորունկ ու անվերադարձ նվիրված ու սիրահարված անձնավորություն:
Շահեն Խաչատրյանը հայ արվեստաբանության ասպարեզը մտավ 1960-ական թվականներին. 1959 թվականի դեկտեմբերից աշխատանքի էր անցել Հայաստանի պետական պատկերասրահում: Շահենը պատկանում է 1960-ական թվականների մեր այն տաղանդավոր արվեստագետների փաղանգին, որը բերեց նոր ժամանակների հայ գեղանկարչության փառքը: Դա Մինաս Ավետիսյանի, Հակոբ Հակոբյանի, Ալեքսանդր Գրիգորյանի, Հովհաննես Մինասյանի, Արտո Չաքմաքչյանի, Երվանդ Գոջաբաշյանի, Հակոբ Անանիկյանի, Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի, Ռոբերտ Էլիբեկյանի եւ էլի մեծ թվով տաղանդավոր արվեստագետների սերունդն էր: Շահեն Խաչատրյանը նրանց ընկերն էր, բարեկամը եւ արժանավոր ժամանակակիցը: Այսօր անկարելի է արվեստագետների այդ խմբի մասին խոսել առանց նրանց արժանավոր ուղեկցիՙ Շահեն Խաչատրյանի անունը տալու: Մեր արվեստագետները պետք է ունենային իրենց արվեստը ժողովրդին տանող-հասցնող-մատուցող միջնորդը, արվեստաբանը, կերպարվեստը դեպի դպրոցները, լսարանները, ժողովրդի ամենատարբեր հատվածներին տանող անձի, եւ այդ անձը եղավ Շահեն Խաչատրյանը: Իբրեւ մեր արվեստը ժողովրդականացնող անձ նա չունեցավ իր հավասարն ու մրցակիցը: Երանի էր, որ մեր մշակույթի այլ ասպարեզներումՙ գրականության-երաժշտության կամ թե թատրոնի, լիներ Շահեն Խաչատրյանի նման մի գործիչ:
Հիմա, երբ ես ետ եմ նայում, նայում եմ իր անցած ուղուն, իր հսկայածավալ գործունեությանը, որի թեեւ ականատեսը, վկան ու երբեմն նաեւ մասնակիցն եմ եղել իր թանգարանային եւ արվեստաբանական գործունեության, այնուամենայնիվ մնում եմ ապշած ու զարմացած: Շահեն Խաչատրյանը մեն-մենակ արել է մի ինստիտուտի աշխատանք:
Շահեն Խաչատրյանը հեղինակ է հարյուրավոր ցուցահանդսների եւ հաճախ ոչ սովորական, այլ բացառիկ ցուցահանդեսների, եւ տասնյակ ու տասնյակ ալբոմ-պատկերագրքերի եւ մասամբ ոչ սովորական, այլ ընտիր, ուղղակի հանրագիտարանային պատկերագրքերի:
Նա, ով կյանքում գեթ մեկ անգամ փորձել է ցուցահանդես կազմակերպել կամ մասնակից է եղել ցուցահանդես կազմակերպելու գործին, ճիշտ կպատկերացնի, թե ինչ ասել է ցուցահանդես կազմակերպելը, ինչ ծանր, դժվարին ու սրտամաշ աշխատանք է դա, ինչ ջանքեր է պահանջում: Շահենը իր շատ ցուցահանդեսները կազմակերպել է բոլորովին մեն-մենակ, անելով ցուցահանդեսի հետ կապված ամեն մի բանՙ սկսած ցուցանմուշները հավաքելուց եւ շրջանակ ու պասպարտու պատրաստելուց մինչեւ բացման ոգեշունչ խոսքը: Շահեն Խաչատրյանը հարյուրավոր, ուղղակի հարյուրավոր ցուցահանդեսներ է կազմակերպել Հայաստանում, Խորհրդային երկրի տարբեր մեծ ու փոքր քաղաքներում, ինչպես նաեւ արտասահմանյան երկրներում:
Լիոնելլո Վենտուրին մի առիթով ասում է, որ ալբոմ-պատկերագիրք կազմել-ստեղծելը հավասարազոր է մենագրություն գրելուն: Դա նույնպիսի ծանր ու դժվարին գործ է, ինչպես ցուցահանդես կազմակերպելը, դեռ դրան գումարած նաեւ տեսական-ուսումնասիրական աշխատանքը: Ապշեցուցիչ է Շահեն Խաչատրյանի հեղինակած մեծ ու փոքր ալբոմների եւ կատալոգների թիվը: Դրանց սոսկ թվարկումը հսկա տեղ կզբաղեցնի: Իր հետ աշխատում էին խորհրդային երկրի լավագույն հրատարակչություններըՙ Լեինգրադ-Սանտ-Պետերբուրգի «Ավրորա»-ն, Մոսկվայի «Սովետսկի խուդոժնիկ» («Խորհրդային նկարիչ») եւ այլ հրատարակչություններ, ալբոմ էին պատվիրում եւ հրատարակում էին մեծ սիրով: Մի քանիսը չեմ կարող չհիշել: Իր ալբոմներից առանձնանում է 1987-ին հրատարակած մեծադիր եւ մեծածավալ- ուղղակի հանրագիտարանային «Սարյան»ը` հայերեն, ռուսերեն, անգլերեն, սերբերեն եւ այլ լեզուներով, իր փառահեղ «Մինաս»ը, իր քանի «Այվազովսկի»ներից վերջին մեծածավալը… Չեմ կարող չհիշել Փարիզի «Գալիմար»ի հրատարակած իր «Սարյան»ը: Շատ մարդ կերազեր, որ «Գալիմար»ը հրատարակեր իր ալբոմը կամ գիրքը: Դրանք չունեն իրենց նմանն ու հավասարը…
Բացառիկ է Շահեն Խաչատրյանի հավաքչական գործունեությունը: Որքա՜ն արժեքավոր կտավներ է նա հայտնաբերել եւ բերել Հայաստան, որքան գործերով է հարստացրել մեր թանգարանները: Իր «Թանգարանի զինվորը» ազնիվ ու անմիջական գիրքը դա ներկայացնում է մանրամասնորեն:
Շահեն Խաչատրյանի կյանքում մեծ շրջադարձ եղավ իր աշխատանքը «Սարյան» թանգարանում: «Մարտիրոս Սարյան» թանգարանը հիմնադրվեց եւ բացվեց 1967 թվականին: Նույն տարվա սեպտեմբերի 14-ին մեծ նկարիչը նամակ է ուղղում այն ժամանակվա մշակույթի նախարարին` խնդրելով նոր ստեղծվող թանգարանի տնօրեն նշանակել պետական պատկերասրահի երիտասարդ աշխատակից Շահեն Խաչատրյանին:
«Վերջապես գտնվեց թանգարանային աշխատանքի շատ լավ փորձ ունեցող մի երիտասարդ արվեստաբան, որը կարող է ղեկավարել թանգարանը եւ ծավալել իսկական աշխատանք:
Դա Շահեն Խաչատրյանն է:
Խնդրում եմ Ձեզ նրան թանգարանի դիրեկտոր նշանակել…»:
Մեծ նկարչի «խնդրում եմ» քաղաքավարի-պահիպատշաճ բառը ուղղակի հավասարազոր էր անառարկելի պահանջի: Այսպես Շահեն Խաչատրյանը դարձավ «Սարյան» թանգարանի տնօրեն: Թանգարանում նա աշխատեց, ես կասեի` ծառայեց ինչպես եկեղեցուն ծառայում է ազնիվ վանականը, եւ կատարեց Սարյանի խոսքով ասած` «իսկական աշխատանք»: Շահենի համար թանգարանը եղավ հարազատ տուն: Ես յոթ տարի աշխատել եմ «Սարյան» թանգարանում Շահենի հետ կողք-կողքի: Եվ համոզվեցի, որ թանգարանագիտությունը իրոք գիտություն է, թանգարանային աշխատանքըՙ առանձնակի նվիրվածություն ենթադրող ու պահանջող աշխատանք:
Շահեն Խաչատրյանը ավելին եղավ, քան սոսկ թանգարանային աշխատողը: Տարիներ շարունակ նա լվաց թանգարանի ապակիներն ու գորգերը, լվաց իր ձեռքերով (թանգարանը դրա համար աշխատող չուներ), մաքրեց ձյունը, ջարդեց ու մաքրեց մուտքի դռան առջեւի սառույցը եւ նման հազար ու մեկ մանր ու մեծ աշխատանք:
Շահեն Խաչատրյանի տնօրինության տարիներին «Մարտիրոս Սարյան» թանգարանը մշակութային կյանքի բացառիկ կենտրոն էր, մշակույթի բարձր ու յուրահատուկ ակումբի պես մի վայր: Մեր գրականության ու մշակույթի նշանավոր մարդկանց համար թանգարանը դարձել էր պարտադիր այցելության վայր: Այստեղ այցելության էին գալիս նաեւ խորհրդային երկրի նույնիսկ ամենահեռավոր վայրերից: Մշակույթի մարդկանց ձգում էր, իհարկե, նախ Սարյանի մեծ արվեստը, բայց եւ թանգարանում գոյություն ունեցող մշակութային ջերմ ու գրավիչ մթնոլորտը: Թանգարանում հաճախակի կազմակերպվող ցուցահանդեսները, մշակութային հանդիպումները առանձնակի շուք էին տալիս թանգարանի գործունեությանը: Տարվա ընթացքում շատ հաճախ բոլորս էինք դառնում էքսկուրսավար,- ի՜նչ ֆոնդապահ, ի՜նչ գիտաշխատող,- որովհետեւ այցելուների խմբերը դրսում հերթ էին կանգնած:
Իսկ Մարտիրոս Սարյանի արվեստը առանձին ալբոմներով, կատալոգներով, զանազան այյլ հրատարակություններով եւ ցուցահանդեսներով ներկայացնելու, տարածելու եւ ժողովրդին հասցնելու առումով Շահենի թանգարանային գործունեությունը ուղղակի լեգենդական է: Եթե ես փորձեմ մանրամասնաբար ներկայացնել այդ գործունեությունը, պատկառելի եւ շատ ուսուցողական գիրք կդառնա:
Հետո մեր կյանքում վրա հասան խայտառակ ժամանակներ: Ճարպիկներն ու ճարպկորդիները, անարժան ու հարաբերական մարդիկ, զանազան անազնիվ միջոցներով ու եղանակներով արժանավորներին դուրս էին դնում ասպարեզից ու գրավում նրանց տեղը: Դա տեղի էր ունենում ամենուրեք: Շահեն Խաչատրյանին դուրս դրեցին նախ պետական պատկերասրահից եւ ապա «Սարյան» թանգարանից: Ոչ ոք շնորհակալության կես բառ անգամ չասաց, ո՛չ մշակույթի նախարարություն կոչված դուքանը, եւ ո՛չ այլ ոք:
Սիրելի աշատանքից եւ միջավայրից զրկվելը Շահենի համար եղավ ծանր դրամա: Թանգարանի զինվորը զրկվեց գործունեության ասպարեզից, եւ չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ իր աչքում նույնիսկ առօրյան կորցրեց իր իմաստը: Նա այլեւս շվարած, մոլորյալ, իր ճամփան կորցրած անցորդ էր:
Ճիշտ է, հետագայում նա թանգարանային աշխատանքի հնարավորություն ստացավ Մայր աթոռում: Այստեղ էլ նա շարունակեց իր հավաքչական գործունեությունը,- եւ իր անձնական կապերի եւ իր մարդկային հմայքի շնորհիվ կարճ ժամանակում մեծ թվով արժեքավոր կտավներ ու գործեր հավաքեց, բայց իրենից անկախ պատճառներով «Արշիլ Գորկի» թանգարանը այդպես էլ չկայացավ:
Այդ անհանգիստ մարդը մեկ վայրկյան անգամ հանգիստ չուներ: Կարճ ժամանակում նա հասցրեց դպրոցականների, ուսանողների եւ արվեստասեր լայն հանրության համար «Ճանաչիր եւ սիրիր» ընդհանուր խորագրով հայ կերպարվեստի քսան ալբոմ, քսան հատոր հրատարակել:
Նա ավելին կարող էր անել, բայց վերջին երկու տարում դաժան հիվանդությունը դիպավ նրան: Եվ Շահենը լուռ եւ անտրտունջ տարավ իր խաչը: Եվ, ի վերջո, իր հոգնած մարմինը հանգավ…
Վերջում չեմ կարող երկու բառ չասել մեր ընկերության եւ բարեկամության մասին: Շահենին ինձ ծանոթացրել է Մինասը 1967, թե՞ 1968 թվականին: Մենք միասին աշխատել ենք եւ հետագայում համագործակցել ենք արվեստաբանական մեր աշխատանքներում: Տարիների ընթացքում մեր միջեւ հաստատվել էր անկեղծ ընկերություն եւ ջերմ բարեկամություն: Նա իսկական ընկեր ու բարեկամ էր, միշտ անմնացորդ նվիրված ընկերությանը եւ բարեկամությանը: Մեր ընկերության եւ բարեկամության մանրամասներն ու պատմությունը այլեւս պատկանում են միայն ինձ, եւ եթե Աստված կամենա, մի օր դրանք գրավոր խոսք կդառնան…
Իսկ հիմա հավերժական հանգիստ իմ սիրելի ընկերոջ եւ անկեղծ բարեկամի խոնջացած մարմնին եւ խորին հարգանք իր անբասիր անունին եւ իր պատկառելի գործին:
Նկար 1. Ընկերների հետ Վանում, Վարագավանքում
ԵՐՎԱՆԴ ՏԵՐ-ԽԱՉԱՏՐՅԱՆ