2022-ի պետական բյուջեի ծրագիրը ներկայացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավական ուշագրավ հայտարարություն արեց: Ըստ նրաՙ ՀՀ-ն, ինչպես յուրաքանչյուր խաղաղասեր պետություն, զինված ուժերը զարգացնելու եւ վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ ագրեսիայից պաշտպանվելու համար: «Հայաստանի Հանրապետությունը տարածքներ նվաճելու մտադրություն չունի»,- հայտարարում է Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանը, իսկապես, երբեք էլ ագրեսոր չի եղել, բայց սեփական տարածքներին տեր կանգնելը նվաճողի տրամաբանություն կամ ագրեսիա համարելը հաստատ ազգային ու պետական շահերից չի բխում: Անգամ շարքային ադրբեջանցին կխոստովանի, որ Հադրութը Արցախի պատմական շրջաններից է, հիմա դրա վերադարձին միտված քայլերը ինչպե՞ս կարելի է նվաճել համարել:
Նորություն ասած չենք լինի, որ աշխարհին «հում-հում հումանիզմի» քարոզը երբեք էլ չի հուզել: Մեզ շրջապատող աշխարհը մեզ ընկալում է մեր վարքուբարքով: Չենք պայքարում, հարմարվում ենք կորուստների հետ, նշանակում էՙ կորցրածը մեզ պետք էլ չի եղել, դրա արժենք չենք իմացել: Հաղթում է ուժեղն ու կարողը, իր ձայնը լսելի դարձնողը: Մաթեւոսյանի ասածՙ «ով խելք ու խորամանկություն ունիՙ իր խելքով ու խորամանկությամբ, ով վերեւներում ընկեր, բարեկամ, ծանոթ ունիՙ իր էդ հավատարիմներով, ով ճարտար լեզու ունիՙ հենց լեզվակռվով, ով էլ գլուխ ու լեզու չունի, բայց կուռը փետ է պահում, տո՛, էդ դագանակով, թուր ու թվանքով միշտ պետք է պատրաստ լինել, մեծ տրաքոց է լինելու…»:
Իսկ ի՞նչ ենք անում մենք մեծ տրաքոցին ընդառաջ, կարելի է ասելՙ ոչ մի բան: Ձեռքներս ծալած ու խաղաղասիրության քարոզը շրթներիսՙ սպասում ենք, թե ում մոտ ենք հերթական անգամ մեր դարդը լացելու: Տարածքները, որոնք դարերի ու տարիների ընթացում անցել ու շարունակում են անցնել հակառակորդ երկրներին, մեզ համար սոսկ հողակտորներ են, դրանք կեսատարածքներ են, որտեղ ապրել ու արարել են մեր հայրենակիցները: 44-օրյա պատերազմից հետո խոսել նվաճող չլինելուց, կանգնել ու ասել ենք, թե մենք ոչինչ էլ չենք ուզում, «բոլորը ձեզ, բոլորը ձեզ», մեղմ ասած անհեռատես գործչի ոչ հանայապաստ հայտարարություններ են: Քանի՞ երեխա է զրկվել իր ծննդավայր Հադրութում դպրոց հաճախելուց, քանի՞ հադրութցի է իր այգու արքայախնձորի ու նռան մասին երազում, իսկ քանի՞ պետական այր է պատրաստ ոչ միայն նվաճել, այլեւ գնալ, պայքարել ու կյանք տալ հանուն կենսական նշանակության տարածքների: Այս ամենի պատասխանը 44 պատերազմը ցույց տվեց, երբ պատգամավորներն ու պաշտոնյաները Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցի ապաստարանը որպես առաջնագիծ էին ընկալում, վայելում թթի օղին ու կյանքի-մահվան մասին վերտառությամբ սելֆիներ հրապարկում: