Իրանի Իսլամական Հանրապետության իշխանական համակարգում կան դեմքեր, որոնց մատուցած ծառայություններն ակնառու են անցնող 42 տարիների ընթացքում: Իսլամական հեղափոխությանը մշտապես ծառայություն մատուցած առանցքային դեմքերից է ներկայիս ԻԻՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, ում վերապահված է «ծանր հրետանու» դերՙ Իրանին վերաբերող հայտարարություններին արձագանքելու համար:
Վերջին շրջանում Իրանի ու Ադրբեջանի միջեւ լարված հարաբերությունների կապակցությամբ հրապարկվող հայտարարություններին, ԻԻՀ ԱԳՆ-ից բացի, արձագանքում է նաեւ Ալի Շամխանին:
Թուրքիայի հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը , Ադրբեջանին սահմանակից տարածքներում Իրանի զորաշարժերի անցկացմանը վերաբերող հարցի կապակցությամբ հոկտեմբերի 20-ին Թուրքիայի զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, կարծիք է հայտնել, որ «Հանուն Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների, Իրանն Ադրբեջանի հետ առճակատման չի գնա»:
Էրդողանի համոզմամբ, Իրանում բնակվող թուրքերի թվաքանակը հաշվի առնելով, ԻԻՀ ղեկավարությունը կխուսափի բախման գնալ Ադրբեջանի հետ:
Ադրբեջանին իր տեղը ցույց տալու Իրանի հաստատակամությանը կասկածող Թուրքիայի նախագահի հայտարարությանը երկու օր անց, հոկտեմբերի 22-ին, պատասխանել է Ալի Շամխանին, նշելով, որ Էրդողանն իր խոսքերով ուռճացնում է Իսրայելի կարողությունները: ԻԻՀ պաշտոնյան ակնարկել է, որ Էրդողանը իսլամական աշխարհի առաջնորդը դառնալու հավակնություններ ունի:
Շամխանին նաեւ ընդգծել է. «Արդյո՞ք իսլամական աշխարհի առաջնորդի հավակնություններ ունեցող ղեկավարի կողմից սիոնիստական սին վարչակարգի կեղծ ակնածության ցուցադրումը ուժի վկայություն է, թե՞ՙ մահմեդականության դրսեւորում»:
Շամխանին նաեւ մեղադրել է Էրդողանինՙ Թուրքիայում բնակվող էթնիկ փոքրամասնություններին թիրախավորելու մեջ: Իրանի անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի բնորոշմամբ, այն իշխանություններն են ազգային փոքրամասնություններից վախենում, ովքեր նրանց նկատմամբ շիկացած խարան են օգտագործում: Ի հակադրություն Թուրքիայի, Շամխանին Իրանն անվանել է ազգությունների բուրաստան:
Իսկ մինչ այդՙ հոկտեմբերի 15-ին, Շամխանին պատասխանել էր նաեւ Իլհամ Ալիեւին ՙ Ադրբեջանի տարածքով դեպի Եվրոպա թմրանյութեր փոխադրելու հարցում Իրանին ուղղված մեղադրանքների համար: Ալիեւին հասցեագրված Շամխանիի կարճ, բայց բազմիմաստ հայտարարության մեջ նշված է. «Զգուշացե՛ք սատանաների ծախսատար որոգայթներից»: Շամխանիի նախազգուշացնող հայտարարության մեջ նաեւ ասված է. «Դրացիության պահանջներից բխող սկզբունքների նկատմամբ անտարբերությունը, ստահոդ ու ոչ կառուցողական արտահայտությունները չեն կարող բարի կամքի ու խոհեմության դրսեւորումներ համարվել»:
Եզրափակելով իր հակադարձումը, Շամխանին նշել է. «Միջազգային հանրության կողմից թմրանյութերի դեմ պայքարում հերոսի տիտղոսին արժանացած երկրի մասին հերյուրանքներ տարածող անձը նախեւառաջ վարկաբեկում է իր իսկ խոսքերը»: