Սակայն արդյունքներն ամփոփելու համար պետք է սպասել տեղեկատվության արտահոսքին
Դեկտեմբերի 8-ին տեղի ունեցավ ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առցանց հանդիպումը: Դա տեւել է շուրջ 2 ժամ, կողմերը կենտրոնացել են գլխավորապես Ուկրաինայի ճգնաժամի եւ հիմնախնդիրների վրա: Հանդիպման նախաձեռնությունը պատկանում էր Պուտինին, որը եղել է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում, իսկ դրա արդյունքներըՙ նաեւ տարածաշրջանի երկրների, մասնավորապես Իրանի եւ Թուրքիայի:
Ինչո՞ւ: Նախքան հարցին անդրադառնալը նշենք, որ նախագահ Բայդենը լրջորեն նախապատրաստվել է հանդիպմանը, իրականացնելով նախօրեին հեռախոսազրույց Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլեր Մերկելի, Անգլիայի եւ Իտալիայի վարչապետների հետ: Այդ ընթացքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ հեռախոսով զրուցել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ եւ ավարտին «Timeturk.com»-ի վկայությամբ հայտարարել. «Մեր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը մշտապես պաշտպանելու համար երախտապարտ եմ ռազմավարական դաշնակից եւ գործընկեր Միացյալ Նահանգներին»:
Գալով եվրոպացի առաջնորդներին, ապա նրանք էլ նախագահ Բայդենին հայտնել են իրենց մտահոգությունը Ուկրաինայի ռուսական եւ բելոռուսական սահմաններին Ռուսաստանի կուտակած բազմահազարանոց զորքերի առթիվ, կոչ անելով վերջինին չսրել լարվածությունը: Պուտինի հետ հանդիպումից հետո Ջոզեֆ Բայդենը կրկին դիմել է եվրոպացի առաջնորդներին եւ իրազեկել նրանց Պուտինի հետ հանդիպման մանրամասներին:
Ինչ վերաբերում է Թուրքիային եւ Իրանին, ապա նրանցից առաջինն ոգեւորված է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման, ինչպես նաեւ ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման բանակցությունները 3+3 ձեւաչափով վերջական ավարտին հասցնելու հեռանկարով: Դա ենթադրում է Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի դուրս մղումը կարգավորման գործընթացից, հետեւաբար Հարավային Կովկասից, ինչին ձգտում է Կրեմլը, որքան էլ դա իրատեսական չլինի: Անկախ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ղարաբաղյան հիմնահարցի կարգավորումը ոչ թե միանձնյա Ռուսաստանին, այլ Մինսկի խմբի համանախագահներին, այսինքն նաեւ ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային հանձնարարելու որոշումից, նախագահ Բայդենը միանշանակ բացառել էր այդ միջանցքի բացումը, հայտարարելով, թե «Մեղրիի միջանցք չի լինելու»:
Ըստ ամենայնի, Պուտինն Արցախի հայկական հատվածի օրինակով Սյունիքը եւս ռուսական զորանոցի վերածելու հույսեր է փայփայում, որ արգելի ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի վերադարձը ռուսական գերազդեցության տարածքի համարում ունեցող Հարավային Կովկաս: Բայց ապարդյուն:Դա հատկապես ակնհայտ է դառնալու Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգմանը զուգընթաց, երբ այդ պետությունն ընդգրկվի ՆԱՏՕ-ի կազմում, ինչը համանման հեռանկար է բացելու նաեւ Վրաստանի առջեւ: Ահա թե ինչու Պուտինը թեեւ սսկվում է, սակայն ոչ մի կերպ չի հրաժարվում իր իսկ նախաձեռնությունը հանդիսացող «Զանգեզուրի միջանցքի» բացման ծրագրից:
Նա չի հրաժարվում նաեւ Թուրքիային ԱՄՆ-ից մեկուսացնելու փորձերից, պարզապես նրա լավագույն ընկերըՙ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է հրաժարվել ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի 2-րդ խմբաքանակը գնելու, Ռուսաստանի հետ Թուրքիայում ռազմական SU ինքնաթիռներ արտադրելու, 2-րդ ատոմակայանը կառուցելու եւ համատեղ շահագործելու մտավարժանքներից: Պուտինի նախաձեռնությունների հարցում Իրանը, ի տարբերություն Թուրքիայի, անհամեմատ զուսպ է: Որքան էլ Իրանը հավանություն տա 3+3 ձեւաչափին, որը նրան գոնե քաղաքական ներկայություն է ապահովում Հարավային Կովկասում, միջանցքի բացումով նա ամենեւին չի հրապուրվում, զգալով հավանաբար նախաձեռնությունը տարածաշրջանում Թուրքիային զիջելու վտանգը:
Թուրքական թերթերը, ինչ խոսք, առաջնահերթ նշանակությամբ են անդրադարձել Բայդեն-Պուտին հանդիպմանը: Դրանցից «Միլլիյեթը» հանդիպումը լուսաբանել է «Վճռորոշ հանդիպում Բայդենի եւ Պուտինի միջեւ: Մոտալուտ ճգնաժամ… բացեիբաց ասաց երեսին» վերնագրով եւ մատնանշում, որ դեկտեմբերի 9-ին Բայդենը վճռորոշ մեկ այլ հեռախոսազրույց կունենա Զելենսկու հետ: Ըստ թուրքական թերթի, հանդիպմանը հայտարարությամբ առաջինն արձագանքել է Սպիտակ տունը, ըստ դրա Բայդենը Ուկրաինայի սահմաններին կուտակված ռուսական զորքերի առնչությամբ մտահոգություն է հայտնել եւ զգուշացրել է Պուտինին, որ ռազմական ագրեսիայի դեպքում ԱՄՆ-ը իր դաշնակիցների հետ վճռականորեն պատասխան է տալու դրան եւ կրկնել է ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության վերականգման հարցերում Ուկրաինային բոլոր միջոցներով անվերապահ աջակցելու ԱՄՆ-ի պատրաստակամությունը:
Կրեմլը, «Միլլիյեթի» վկայությամբ, նշել է, որ հանդիպմանը կողմերն անդրադարձել են 2021-ի հունիսին Ժնեւում Բայդենի եւ Պուտինի ձեռք բերած պայմանավորվածությունների կատարմանն ու Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին երկու երկրների միջեւ հաստատված դաշինքին, ընդգծելով որպես օրինակ դրա կարեւորություը ներկա պայմաններում փոխադարձ շփումներ եւ համատեղ աշխատանքներ իրականացնելու համար:
«Timeturk»-ը իր հերթին, վկայակոչելով Սպիտակ տան ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանին, մեջբերում է Ռուսաստանի հարձակման դեպքում Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու ԱՄՆ-ի պատրաստակամության մասին նախագահ Բայդեի խոսքերը, որոնք նա ասել է Պուտինի երեսին: Համանման տեղեկություններ հայտնում է նաեւ «Սյոզջու»-ն: Բայցեւայնպես մյուս թերթերի պես, այս թերթն էլ հաշվի է առնում Պուտին-Էրդողան սերտ համագործակցությունը 44-օրյա պատերազմում եւ դրա ավարտին, ուստիեւ խուսափում ավելորդ մեկնաբանություններից:
Ռուսական լրատվամիջոցներից «РИА Новости»-ին, ի դեմս Պուտինի օգնական Յուրի Ուշակովի , հանդիպումը լուսաբանելիս նշել է, որ նախագահ Պուտինը Բայդենի ուշադրությունը հրավիրել է «կարմիր գծերի» վրա, որոնց մեջ առանձնակի կարեւորել է ՆԱՏՕ-ի հետագա առաջխաղացումը դեպի Արեւելք եւ հարձակողական զենքերի տեղակայումը Ուկրաինայում, ինչպես նաեւ Ռուսաստանին սահմանակից այլ երկրներում: Պուտինը միաժամանակ ԱՄՆ-ի նախագահին, ամփոփելով հանդիպման արդյունքները, Ուշակովի մեկնաբանությամբ ասել է. «Ձեզ ամերիկացիներիդ մինչ անհանգստացնում են ռուսական տարածքում տեղակայված մեր ստորաբաժանումները, որոնք ԱՄՆ-ից հազարավոր կմ. հեռավորության վրա են, մենք անհանգստանում ենք մեր անվտանգությամբ, գլոբալ իմաստով Ռուսաստանի անվտանգությամբ», ապա անվտանգության որոշակի երաշխիքներ է պահանջել, այնպիսի երաշխիքներ, որ ապահովեն Ռուսաստանի նորմալ զարգացումն առաջիկայում: Բայդենը իր հերթին հավաստիացրել է ՌԴ նախագահին, որ դաշնակիցների հետ կքննարկի Մոսկվայի մտահոգությունները: