Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ անցյալ տարի տեղի ունեցած 44-օրյա պատերազմից հետո Կովկասում նոր կանոնակարգ է ձեւավորվում: Չնայած պատերազմը այդ երկու երկրների միջեւ էր, բայց հրահրողներն ու դրանից օգտվողները գլխավորապես երկու պետություններ էինՙ Ռուսաստանն ու Թուրքիան: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ուրախանալու պատճառ ունի, բայց նրա հաղթանակը փուչ է, քանի որ հասարակությունը սկսել է հարցականի տակ դնել դրա գինը, որ 18 հազար ադրբեջանցու կյանք էր խլել:
Իսկական հաղթողները Ռուսաստանն ու Թուրքիան էին, ի հաշիվ Ադրբեջանի ինքնավարության: Անկարան փաստացի կերպով իր վերահսկողության տակ է վերցրել այդ երկրի կառավարությունն ու բանակըՙ «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսի ներքո: Մյուս կողմից, Ռուսաստանը, որ կորցրել էր իր ազդեցությունը Ադրբեջանում, այժմ երկար ժամանակով վերադարձել է այնտեղ իր զորքով: Ինչպես Նիլ Հաուերն է գրում. «Եթե դուք Կրեմլում նստած եք, հավանաբար շատ գոհ եք այն ամենից, ինչ տեղի ունեցավ Կովկասում 2021 թվին: Այդ պատերազմի ավարտին ռուսական խաղաղապահների մուտքը Ղարաբաղ նպատակադրված քայլ էր երեք տասնամյակ տեւած հակամարտության սկզբից ի վեր:
Նրանց ներկայությամբ այդ տարածքն այժմ դարձել է ռուսական «պրոտեկտորատ», այսինքն բացի այդ բառեզրի կիրառումից, ամեն ինչ Ղարաբաղում գտնվում է ռուսական վերահսկողության ներքո: Ավելին, խաղաղապահների ներկայությունը հզոր լծակ է Հայաստանում եւ մանավանդ Ադրբեջանում հասնելու իրենց նպատակին: Այնպես որ, Վրաստանից խլված Աբխազիայից եւ Հարավային Օսիայից բացի (որոնց կարգավիճակը ցարդ փոփոխության չի ենթարկվել) ռուսական զորքերն այժմ տեղակայված են Հարավային Կովկասի երեք փաստական հանրապետությունների տարածքներում»:
Ղարաբաղը իր վերահսկողության տակ պահելու Ռուսաստանի մտադրությունը հայտնի էր Խորհրդային Միության փլուզումից ի վեր: ԽՍՀՄ Պոլիտբյուրոյի ղարաբաղյան գծով ներկայացուցիչ Արկադի Վոլսկին էր այդ գաղափարը հղացողը: Բայց այդ ժամանակ ղարաբաղյան շարժման անփորձառու առաջնորդներն ունեին իրենց անիրականանալի նպատակները, որոնք հակասում էին Վոլսկու մտահղացմանը:
Ներկայիս, Մոսկվան ամրապնդում է իր դիրքերը տարածաշրջանում եւ բծախնդրորեն պահպանում այն օտար ներխուժումներից: Այս համատեքստում է գործում այժմ Արեւելք-Արեւմուտք նորացված մրցակցությունը:
Ռուսաստանի շահերից է բխում պահպանել հակամարտության շարունակականությունը, քանի որ պատերազմող կողմերը ընդունել են Ռուսաստանի դերակատարությունը որպես միջնորդի եւ իրավարարի: Այդ պատճառով է, որ ամեն անգամ, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (որոնց լիազորված է խաղաղություն հաստատել Ղարաբաղում 1992-ից ի վեր) փորձում են նախաձեռնություն ցուցաբերել, Մոսկվան հակադարձում է նոր քայլերով, որպեսզի Արեւմուտքին հեռու պահի տարածաշրջանից:
Չնայած Մ. Նահանգների եւ Ֆրանսիայի հետ Ռուսաստանն էլ այդ խմբի համանախագահներից է, բայց հավատացած է, որ կարող է դուրս մնալ դրանից եւ առաջ քաշել իր սեփական ծրագրերը:
Սոչիում կայացած նոյեմբերի 26-ի եռակողմՙ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների հանդիպումը այդ ծրագրի մաս չէր կազմում: Նախօրոք դրա մասին չէր հայտարարվել: Բայց անմիջապես, որ Եվրոխորհուրդի նախագահ Շառլ Միշելը հայտնեց, որ դեկտեմբերի 15-ին Բրյուսելում հանդիպում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը , Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջ անցավ եւ նշված երկու ղեկավարներին Սոչի հրավիրեց: Հանդիպման ավարտին հրապարակված հայտարարությունը շատ բան չպարզեց, բայց հատկանշական երեւույթն այն էր, որ Ալիեւը ավելի խոնարհ էր պահել իրեն եւ «Զանգեզուրի միջանցքի» մասին չէր ակնարկել:
Սակայն չգիտեինք, որ ընդամենը մեկ շաբաթ անց այդ հանդիպումից Ալիեւը դարձյալ վերադառնալու էր իր ռազմատենչ դիրքորոշումին եւ Հայաստանից պահանջելու էր միջանցքի բացման հստակ վերջնաժամկետ նշել, ինչը նշանակում է, որ Սոչիում ոչ մի արդյունքի չէին հասել բանակցողները:
Դիվանագիտական մեկ այլ միջադեպ էր նաեւ դեկտեմբերի սկզբներին նախօրոք հայտարարված` Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների Ստոկհոլմյան հանդիպման չեղարկումը: Այն կայանալու էր ԵԱՀԿ նախարարական խորհրդի շրջանակներում:
Անկարան եւ Մոսկվան ներկայիս ակտիվորեն առաջ են քաշում 3+3 ձեւաչափը, որ Թուրքիայի նախագահ Էրդողանի մտահղացումն է եւ պաշտպանություն է գտնում Ադրբեջանի նախագահ Ալիեւի կողմից: Ռուսաստանը ձեւացնում է, թե իբր դժկամորեն է միանում այդ ձեւաչափին, բայց քանի որ դրա նպատակը Արեւմուտքին հեռու պահելն է տարածաշրջանից, ապա ամբողջովին համամիտ է դրան: 3+3 ձեւաչափը նախատեսում է ընդգրկել մի կողմից Ռուսաստանին, Իրանին եւ Թուրքիային, եւ մյուս կողմից հրավիրել մասնակցելու տարածաշրջանային պետություններինՙ Հայաստանին, Ադրբեջանին եւ Վրաստանին: Նպատակն է կարգավորել այս երկրների միջեւ գոյություն ունեցող բոլոր առկա խնդիրները: Քանի որ ձեւաչափը հստակ հակաարեւմտյան հակվածություն ունի, Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում է ծրագիրը: Անկարայում Թեհրանի դեսպան Մոհամմադ Ֆարազմանդն այդ առթիվ նշել է. «Թեհրանը պաշտպանում է 2020 թվի նոյեմբերին արված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջարկն այն մասին, որ Հարավային Կովկասում ստեղծվի տարածաշրջանային համագործակցության մի մեխանիզմ Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի մասնակցությամբ եւ Թուրքիայի, Իրանի եւ Ռուսաստանի ներկայությամբ` 3+3 ձեւաչափով: Այդ ձեւաչափը լիուլի համապատասխանում է Իրանի արտաքին գերատեսչության սկզբունքներին եւ հիմնադրույթներին, որոնք ուղղված են տարածաշրջանային խնդիրները այդ տարածքի երկրների միջոցով կարգավորելուն, լարվածությունների թուլացմանը եւ համագործակցության զարգացմանը, որպեսզի հնարավոր լինի այդ համագործակցության շնորհիվ ստեղծել ամուր եւ կայուն տարածաշրջան»:
Վրաստանը վճռականապես դեմ է այդ ձեւաչափին եւ մերժել է մասնակցել դեկտեմբերի 10-ին փոխարտգործնախարարների մակարդակով Մոսկվայում տեղի ունեցած դրա առաջին հանդիպմանը: Թբիլիսին մերժում է մասնակցել որեւէ կառույցի աշխատանքներին, որ հնարավորություն է տալիս Մոսկվային որոշելու իր երկրի ճակատագիրը:
«3+3 ձեւաչափը» Մինսկի խմբի այլընտրանքային հարթակ է: Վերջինս ունի բոլորովին տարբեր օրակարգ: Ցարդ Մոսկվային եւ Թուրքիային հաջողվել է անգործունեության մատնել Մինսկի խմբին: Երկար վարանումից հետո Հայաստանը որոշեց մասնակցել այդ հանդիպմանը նախ Մոսկվայի հանդեպ հարգանքից դրդված եւ երկրորդ, որովհետեւ այդ ձեւաչափը միակն է, որտեղ կարող է դեմ առ դեմ բանակցել Թուրքիայի հետ:
Հանդիպումից հետո Հայաստանի փոխարտգործնախարար Վահե Գրիգորյանը նշանակալից հայտարարություն կատարեց շեշտելով, որ այդ 3+3-ի «հարթակը պետք է խուսափի այլ միջազգային հարթակներին կրկնօրինակելուց»: Այդ ակնարկը կարող է ուղղված լինել միայն ԵԱՀԿ Մինսկի խմբին, որն ունի, կամ մինչեւ վերջերս իր օրակարգում ուներ, Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցը:
Հայաստանն, այնուամենայնիվ, չի կարող դրական արդյունքներ ակնկալել այդ ձեւաչափից, որովհետեւ Թուրքիան եւ Ադրբեջանը գտնում են, որ Ղարաբաղյան հակամարտությունը զենքի ուժով կարգավորված է արդեն եւ քննարկելու ոչ մի հարց չի մնացել:
Ռուսաստանի համար Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է հետաձգվի անորոշ ժամկետով, մինչեւ Մոսկվան իր լուծումը պարտադրի: Իրանը արդեն իսկ շնորհավորել է Ադրբեջանին «իր իսկ տարածքները» վերագրավելու առթիվ: Ի դեպ, Իրանը կտրականապես դեմ է Զանգեզուրի միջանցքի բացմանը, ոչ թե ալտրուիստական (այլասիրական) նկատառումներով, այլ այն պատճառվ, որ այդ միջանցքը ավելորդ է դարձնելու Իրանի տարածքով Ադրբեջանի եւ Թուրքիայի առեւտրաշրջանառությունը եւ Թուրքիային մրցակցային ճանապարհ է բացելու Կենտրոնական Ասիայի հետ անմիջական առեւտուր անելու:
Այլ պատճառների շարքում օրակարգի ձեւավորումն է գլխավոր պատճառը, որ Մինսկի խումբը չի կարողանում շարունակել իր առաքելությունը: Մոսկվան հավատացած է, որ իր պարտականությունն է որոշել Ղարաբաղի կարգավիճակը եւ որեւէ նշանակալից առաջընթաց Մինսկի խմբի կողմից համարվում է Արեւմուտքի կողմից Կովկաս ներթափանցելու հավելյալ փորձ: Այդ պատճառով է, որ Ռուսաստանը միշտ շեղել է մյուս համանախագահների ուշադրությունը` կարգավիճակի հարցի փոխարեն առաջարկելով զբաղվել մարդասիրական հարցերով: Այժմ կարծես տեղաշարժ է նկատվում, եւ Մոսկվային թվում է, թե համաձայնել է մասնակցել խմբի աշխատանքներին` վերանորոգված օրակարգով:
Այս տեղաշարժը հայտնի դարձավ Մինսկի խմբի 3 երկրների արտգործնախարարների դեկտեմբերի 7-ի հայտարարությամբ: Էնթոնի Բլինկենը , Սերգեյ Լավրովը եւ Ժան-Իվ Լը Դրիանը իրենց համատեղ հայտարարության մեջ նշեցին, որ «համանախագահող երկրները Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ են անում շարունակել իրենց մասնակցությունը համանախագահող երկրների հովանու ներքո տարված աշխատանքներին եւ կոնկրետ առաջընթաց արձանագրել մարդասիրական` ներառյալ, այլոց շարքում, կալանավորվածների, ականազերծումների, անհայտ կորածների, տեղահանվածների կամավոր վերադարձի եւ պատմական ու մշակութային վայրերի պահպանման հարցերի կարգավորման ուղղությամբ: Նաեւ կառուցողական աշխատանքներ տանել կարգավորելու այլ չլուծված հարցեր, ինչպես օրինակ սահմանազատման, սահմանագծման եւ տնտեսական ու հաղորդակցական ուղիների վերականգնման խնդիրները: Համանախագահող երկրները մտահոգություն են հայտնում նաեւ վերջին շրջանում Հայաստան-Ադրբեջան չսահմանագծված գոտում տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ եւ վերահաստատում, որ անընդունելի է սպառնալիքների կամ ուժի գործադրմամբ լուծելու սահմանային վեճերը: Համանախագահող երկրները Հայաստանին եւ Ադրբեջանին հիշեցնում են, որ պարտավոր են կատարել միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր պահանջները եւ կողմերին ստիպում են անմիջապես վերացնել միջազգային մարդասիրական կազմակերպությունների վրա դրված բոլոր սահմանափակումները, որպեսզի վերջիններս կարողանան անարգել մուտք գործել հակամարտությունից տուժած տարածքներ եւ օգնել տեղի բնակիչներին»:
Ինչպես տեսնում ենք, միայն մարդասիրական հարցերն են նշված եւ կարգավիճակի հարցը առաջին անգամը լինելով դուրս է թողնված: Սա արդյոք նշանակո՞ւմ է ընդառաջ գնալ Ռուսաստանին, որ ապահովեն նրա մասնակցությունը, թե՞ կան նաեւ այլ պատճառներ:
Կովկասի քաղաքականության դիվանագիտական «փազըլը» (գլուխկոտրուկը) չափազանց բարդ է կարողանալ հստակ պատկերացում կազմելու համար: Բացի ուժայինից, կողմերից յուրաքանչյուրը մտահոգված է բանակցությունների արդյունքում հետագայում առաջ գալիք ճանապարհների եւ էներգակիր ցանցերի կոնֆիգուրացիայով: Հայաստանը պայքարում է հանուն կյանքի, գոյատեւման: Կողմերը Երեւանին զրկել են Ղարաբաղի հարցի քննարկումներից: Եթե Հայաստանը անբաժան ու անվնաս դուրս գա այս բոլորից եւ չկորցնի Սյունիքի մարզի վրա իր գերիշխանությունը, հրաշք է լինելու:
Անգլ. թարգմանեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Armenian Mirror-Spectator)