Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջրերը մի առվով չեն հոսում: Երբեմնի մետրիմ ընկերները ռինգի հակադիր բեւեռներում են հայտնվել: Հայկ Մարությանի խաղացած հայտնի մանրապատումներից մեկի սցերարովՙ շուտով փոխադարձ մեղադրանքների տարափ կսկսվիՙ «բոշա-փչացած» մակարդակում: Իհարկե, մենք մանրապատումի տրամաբանական շարունակությունըՙ «երկուսդ էլ ճիշտ եք», կողմերին ասել չենք կարող, բայց միանշանակ կարող ենք պնդելՙ մեկմեկու արժանի են:
Հայկ Մարությանը, միանշանակ, Երեւանի լավագույն քաղաքապետը չէ, բայց Նիկոլ Փաշինյանիՙ նրա նկատմամբ սկսած արշավը ոչ այլ ինչ է, քան քինախնդրություն ու Մարությանին պատժելու գործընթացՙ հավատարմության երդումը դրժելու համար: Վարչապետը մեկ անգամ չէ, որ ցույց է տվելՙ իր անձն ուրացողներին, իր գաղափարախոսությունը, կարծիքն ու դիտարկումները (որ, ի դեպ, հաճախ, երբեմնՙ ժամ առ ժամ են փոփոխվում) չկիսողներին պարզապես տանել չի կարողանում: Կա՛մ իր նման պետք է մտածեն ու շնչեն, կա՛մ բոլորի երեսով կտա բացառապես իր անհատական վարկանիշի շնորհիվ պաշտոն ձեռք բերելու անհերքելի հանգամանքն ու «ժողջանը» կգա խժռելու հերթական զոհին: Մինչեւ ատամները կխժռիՙ առանց դույզն-ինչ խղճալու. դա է «հեղափոխական» իշխանության ձեռագիրը:
Հայկ Մարությանին Նիկոլ Փաշինյանը մեղադրում է նաեւ հասարակությանը սեւերի ու սպիտակների բաժանալու մեջ, շեշտում, թե ատելության մթնոլորտի տարածման մեջ մեծ մեղավորություն Մարությանն ունի: Իհարկե, աներկբա է Փաշինյանի ասածը, բայց պրն. վարչապետին հիշեցնենք, որ այդ հայտարարությունը թե՛ ինքը, թե՛ թիմակիցներն են ծափերով ողջունել: Ավելինՙ զարգացրել են թեզն ու մարդկանց նախկինների ու ներկաների բաժանել: Հետեւաբար քաղաքապետին անվստահություն հայտնելու մյուս դրույթների մեջ եթե կարելի է գոնե փորձել ճշմարտության հատիկ գտնել, ապա սեւուսպիտակի մասով Փաշինյանն ու յուր թիմակիցները ձայն-ծպտուն անգամ չպետք է հանեն:
Այս ամբողջ պատմության մեջ ամենից զավեշտալի ու ճղճիմ իրավիճակում են հայտնվում Երեւանի ավագանու այն անդամները, որ, կատարելով Փաշինյանի հրահանգը, անվստահության գործընթաց են սկսել: Ավագանու անդամները, որ բավական երիտասարդ են ու դեռ անցնելու ճանապարհ ունեն, այս պահից սկսած բիծ են թողնում իրենց կենսագրության վրա: Ինչո՞ւ, որովհետեւ անվստահություն հայտնելու գործընթացի ռեժիսորն ու դատավորը միմիայն Փաշինյանն է: Եթե դեպքերին փոքր-ինչ ուտոպիստական հայացքով մոտենանք, ապա կարող ենք գրել մեղադրական այն տեքստը, որը Փաշինյանը կարող է ներկայացնել հանրությանը. «Ժողովուրդ ջան, հաշվի առնելով, որ Հայկ Մարությանը «Կարգին հաղորդում» հայտնի մանրապատումներ նկարելու ժամանակ կիրառել է «բոշա-փչացած» դիալոգը, ինչպես նաեւ 1990-ականներին նկարահանվել է «Մեր բակը» ֆիլմում, ինչի ժամանակ «Ես լավ տղա եմ, հայաթում ինձ կյաժ են ասում» քրեական ենթամշակույթին հարող երգ է երգել, ապա նրան մեղադրանք է առաջադրվում հասարակության կրթական մակարդակը իջեցնելու փորձ անելու, ինչպես նաեւ քրեական ենթամշակույթին հարելու համար: Հայկ Մարությանը հաճախ է կնոջ դեր մարմնավորել, իսկ դա կարող է ազդել աճող սերնդի ներաշխարհի վրա ու բարոյահոգեբանական շեղումներ առաջացնել երեխաների մոտ: Սույն մեղադրանքը անհապաղ ուժի մեջ է մտնում իմՙ վարչապետ Փաշինյանիսՙ Facebook-ում ուղիղ եթեր մետնելուց ու Հայկ Մարությանին արար աշխարհով խայտառակ անելուց հետո»:
Հ.Գ. Նիկոլ Փաշինյանին անմնացորդ հավատացող նրա թիմակիցների հիշողությունը նույնպես թարմացնենք: Երբ ՔՊ-ականները Հայկ Մարությանին մեղադրում են քաղաքական թիմին դավաճանելու մեջ, կարեւոր մի փաստարկ են մոռանումՙ իրենց քաղաքական առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ո՞ր քաղաքական թիմից էր ու ո՞ր ուժի մանդատով էր ԱԺ-ում հայտնվել, այնուհետեւ լքել այդ թիմը: