Բագրատ Եսայանն ազատ արձակվեց։ Նրա փաստաբանական խումբը սա համարում է միջանկյալ հաղթանակ։
Հիշեցնենք, որ հունիսի 10-ին՝ կեսօրից քիչ անց, Բագրատ Եսայանը բերման է ենթարկվել «Երկիր մեդիա» հեռուստաընկերության իր աշխատասենյակից, այնուհետև ձերբակալվել է։
Azg.am-ը հայտնում է, որ հունիսի 10-ի լույս 11-ի գիշերը՝ մինչև ժամը 4-ը, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում տեղի են ունեցել 44 հոգանոց քննչական խմբի կալանքի միջորդության լսումները։ 44 քննիչ միջնորդություն է ներկայացրել, որպեսզի Բագրատ Եսայանը բերման ենթարկվելուց, ձերբակալվելուց հետո կալանքի ենթարկվի, սակայն դատարանը միջնորդությունը չի բավարարել։
«Ինչում ասես, որ ինձ չեն մեղադրում, մնում է Քենեդու սպանության մեջ էլ մեղադրեն»,-սարկազմով ասաց Բագրատ Եսայանը՝ դատարանից դուրս գալով։
Նրա փաստաբանական խմբի անխոնջ աշխատանքից հետո քննչական խմբի միջնորդությունը մերժվել է։ Քանի որ անձին ձերբակալելու նպատակը նրան կալանքի տանելն է, իսկ այս դեպքում կալանավորման միջնորդությունը մերժվեց, ուստի ձերբակալությունը ոչ նպատակահարմար է։ Սակայն քննությունը կշարունակվի։
Հիշեցնենք, որ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Բագրատ Եսայանին մեղադրանք է առաջադրվել 2 հոդվածով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելուն հանցակցություն ցուցաբերելու (2020 թվականի նոյեմբերի 9-ի դեպքեր) և խուլիգանության մեջ (2021 թվականի նոյեմբերի 19-ին Դատախազության մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ Նիկոլ Փաշինյանին անձնական վիրավորանք հասցնել)։
Փաստորեն, 20 և 14 ամսվա վաղեմության դեպքերի առնչությամբ ձերբակալությունը տեղի է ունեցել 2022-ի հունիսին։ Այդ ամբողջ ընթաղցքում 44 քննիչ ջանք ու եռանդ չի խնայել, որպեսզի Բագրատ Եսայանին կալանավորելու հիմքեր ստեղծի։