Բացառապես ոստիկանների ցուցմունքների հիման վրա հունիսի 7-ի տվյալներով հանրահավաքներին ու անհնազանդության խաղաղ երթերին մասնակցած 13 հոգի է ձերբակալվել, 8 հոգի էլ կալանավորվել է։ Ոստիկանների բիրտ գործողությունների հետեւանքով մի քաղաքացու աչքն է վնասվել, կոտրվել է մի անչափահասի ձեռք, եղել է նաեւ ոտք կոտրելու դեպք, իսկ մարմնական տարբեր վնասվածքների, վերքերի, քերծվածքների, արյան զեղումների, սալջարդի դեպքերը սովորական են դարձել։
Եվ այս ֆոնին իշխանության ներկայացուցիչները, սազն առած, գովերգում են ոստիկաններին, հիացմունք ու գոհունակություն հայտնում, զարմանում, թե ի՜նչ երկաթե ջղեր ունեն նրանք, ի՜նչ համբերատարություն են դրսեւորում ցույցերի ժամանակ։
Այդպես համբերատար ոստիկանները կիրառում են լուսաձայնային նռնակներ, որոնցից մեկն էլ ընկել է Հայաստանում Եվրոմիության դեսպանատան դիմաց, իսկ այնտեղից լսվել է միայն լռության ձայնը։
Վերջին օրերին վարույթ ընդունված գործերում նույն ոստիկանը 7 քրեական գործով վկա է։ Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը ոստիկաններին իրավամբ անվանում է «հաստիքով վկաներ»։
Առանձնակի դաժանությամբ են աչքի ընկնում բերետավորները։ Հենց նրանց շարքերից են եղել 44-օրյա պատերազմում զոհված Հայկազ Մկրտչյանի հորն անողոք կերպով ծեծած ոստիկանները։ Զավեն Մկրտչյանը փորձել է նրանց սթափեցնել՝ ասելով. «Տղերք, ինչի՞ եք ծեծում ինձ, ախր ես զոհված զինվորի հայր եմ»։ Պատասխանել են՝ հենց դրա համար էլ ծեծում ենք։ Ոստիկանների ձեռքերով պատռած ու գետնին նետված շապիկը, որի վրա հերոս Հայկազ Մկրտչյանի նկարն է, Հայաստան-ոստիկանապետության ցուցիչն է։
Գիտակից, բարոյականության, արժանապատվության չափանիշներով ապրողների շրջանում հերոսի հայր-բերետավոր կարճ երկխոսությունը զայրույթի մեծ ալիք բարձրացրեց, բայց երկու օր անց սենսացիան կորավ ներհայաստանյան իրադարձությունների հորձանուտում, որովհետեւ դրանից մի քանի օր անց Առողջապահության նախարարուհին մեծագույն բերկրանքով գովեց ոստիկաններին, զարմացավ նրանց համբերատար լինելու վրա, հայտարարեց, թե ոստիկանների գործողություններն օրինաչափ են, ավելին՝ ժողովրդավարության այբուբենին համապատասխան։
Բարոյականության այբուբենը մենք ջնջել ենք, հիմա ամեն օր ճերմակ թղթի վրա անլվա ձեռքերով ու կեղտոտ հոգով խզբզում ենք ամոթի, խայտառակության, ազգային արժանապատվության ոչնչացման մե՛ր պատմությունը։
Առողջապահության նախարարուհին իրավաբան է ու պաշտպանում է բիրտ, անհամաչափ ուժ կիրառող ոստիկաններին։ Առողջապահության նախարարուհին նույն իրավաբանն էր, երբ Առողջապահության նախարարության Դատաբժշկական կենտրոնի Կոտայքի բաժնում ամառվա շոգին, ցելոֆանե տոպրակների մեջ, հատակին գցված էին 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մարմիններն ու մասունքները։
Ո՞վ ասաց՝ իրավաբան-նախարարուհի, աչքիդ վերեւը սեւ հոնք կա։ Ոչ ոք։ Ավելին՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» նախարարուհին պարգեւատրվեց 1-ին աստիճանի մեդալով, երբ նրա պաշտոնավարման օրոք են մեր զինվորների մասունքներն ամիսներ շարունակ նետված եղել ինչ-որ նկուղում։ Եվ սա այն դեպքում, երբ տղաների ծնողները, ցավից խենթացած, հազար ու մի դուռ են թակել՝ երազելով գոնե իրենց որդիների մասունքներին արժանանալու, հողին հանձնելու մասին։
Հազարերորդ անգամ Հերոստրատը ճիշտ էր. «Մարդկային լկտիությունն աստվածներից էլ զորեղ է»։
Անպատժելիությունը ծնում է նոր հանցանք, նոր լկտիություն։ Հազարերոդ անգամ ենք համոզվում եւ դրա վկան դառնում։
Քովիդի հետեւանքով հազարավոր մահացածներ, պատվաստում-ՊՇՌ թեստ -պահանջի անտրամաբանական, անկառավարելի եւ օրինազանց համակարգ, ցելոֆանե տոպրակների մեջ լցված մասունքներ, պատերազմում զոհվածներին քովիդից մահացածների ցանկ բերել-հասցնելու համարձակություն, եւ հրաժարականի ոչ մի մտադրություն։ Բնական է, շարունակությունը պետք է լիներ փեշերը բերետավորների վրա փռելու՝ նախարարուհու եւ ամբողջ իշխանական կազմի պատրաստակամությունը։
2018-ի փողոցային իշխանազավթումը հիշենք. ժողովուրդն էյֆորիայի մեջ գոչում էր՝ ոստիկանը մերն է, որովհետեւ Փաշինյանն արդեն իսկ հանրւթյան բերանն էր գցել, թե ոստիկանն իրենն է, ողջունեք իր սիրելի ոստիկաններին։ Հետո նա հանրության ձեռքերի վրա բարձրանալով՝ բարձրացավ նաեւ ոստիկանների կենդանի պատի վրա, ու այդ օրվանից ոստիկանն իսկապես դարձավ Նիկոլինը։ Ու մինչեւ հիմա ոստիկանը Նիկոլինն է։
Քաղաքականացված իրավապաշտպան համակարգը քաղաքականացված իրավապահ համակարգի հետ ձեռք ձեռքի տված՝ իրականացնում է հաշվեհարդարների, քաղաքական հետապնդումների վայրագ պլանը։
ԱԱԾ-ն ոստիականությանն է դիմում՝ ֆեյսբուքյան մոնիտորինգի ընթացքում հայտնաբերվել են ծանր վիրավորանք պարունակող խոսքեր։ Նյութեր են նախապատրաստվել, ինչի հետեւանքով նմանատիպ դեպքերով մի քանի հազար քաղաքացի քաղաքական հետապնդման է ենթարկվել։ Ահա եւ ԱԱԾ-ի գործառույթն, ինչպես ասում են, իր ողջ լրջությամբ ու հմայքով։
Կան նաեւ քրեակատարողական հիմնարկներում պատանդառության մեջ գտնվող անձինք՝ Ավետիք Չալաբյան, Նարեկ Մանթաշյան, Հարություն Մանուչարյան, Մամիկոն Ասլանյան, Գերասիմ Վարդանյան, Արմեն Գրիգորյան, Արա Մկրտչյան, Միքայել Բադալյան։ Եվ առհասարակ նրանք, ովքեր դեմ են այսօրվա իշխանությունների վարած քաղաքականությանը եւ ինչ-որ հարթակում հայտնում են իրենց դիրքորոշումը, ուրեմն պոտենցիալ քաղբանտարկյալ կամ քրեակատարաողական հիմնարկի պատանդ են։
Բանսարկություն, գործ տալ, գործ սարքել գլխին, հրահրել, սադրել. այս երեւույթները մեր առօրյայի բաղկացուցիչն են դարձել, մենք վարժվել ենք դրանց հետ ընդհանուր համակեցության օրենքներով ապրելուն։ Միջնադարյան ինկվիզիցիան կերազեր այսչափ գործ տվող, գործ սարքող-կարող ունենալ, ինչքան ունի հին ու միջին դարերից 21-րդ դար հասած «Հայաստան երկիր դրախտավայրը»։
ՆԱԻՐ ՅԱՆ