ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր ելույթում նշել է.« Մենք ականատես ենք, որ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակը լարված է, եւ կազմակերպության անդամ պետությունները շարունակում են բախվել նոր մարտահրավերների ու սպառնալիքների: Դաշնակցային պետությունների սահմանների ամբողջ պարագծով շարունակում է աճել կոնֆլիկտային ներուժը: Բարդ եւ ծանր իրավիճակ է Տաջիկստանի եւ Աֆղանստանի սահմանին: Հուսով ենք, որ հակամարտող երկրների միջեւ առկա խնդիրները լուծում կստանան դիվանագիտական ճանապարհով: Լարված է մնում նաեւ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Ցավոք, Ադրբեջանը շարունակում է բավականին ագրեսիվ քաղաքականություն վարել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Մտահոգություն է առաջացնում ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի: Հուսով ենք, որ ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչները, որոնք առանցքային դեր ունեն Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության ապահովման գործում, կվերականգնեն 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստատուս-քվոն:
Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է 2020 թ. նոյեմբերի 9-ի բոլոր պայմանավորվածությունների եւ պետությունների ղեկավարների հաջորդ եռակողմ հայտարարությունների կատարմանը: 44-օրյա պատերազմի հետեւանքով ստեղծված մարդասիրական խնդիրների համատեքստում առաջնայինը հայ ռազմագերիների եւ Ադրբեջանում պահվող այլ քաղաքացիական անձանց անվերապահ եւ անհապաղ վերադարձն է, ինչպես նաեւ հայկական կրոնական եւ մշակութային ժառանգության պահպանումը ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում:
Սիրելի՛ գործընկերներ, ուզում եմ մեկ անգամ եւս ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տարածքային վեճ չէ, դա Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց հայրենիքում անվտանգ ապրելու իրավունքի հարցն է: Կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի առաջմղման գործում առանցքային դեր պետք է խաղա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը: Միեւնույն ժամանակ, կոչ ենք անում Ադրբեջանի ղեկավարությանը չխախտել իրենց ռազմատենչ եւ ծավալապաշտական հռետորաբանությամբ Հարավային Կովկասում կայունության եւ խաղաղության ապահովմանն ուղղված քայլերը:
Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության եւ բարեկեցության հաստատմանը եւ բազմիցս արձանագրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններ սկսելու պատրաստակամությունը: Համապարփակ խաղաղության հասնելու համար մենք օրակարգը լրացրեցինք մեր առաջարկություններով եւ հանձնեցինք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:
Ամփոփելով խոսքս՝ ցանկանում եմ նշել, որ որքան էլ արդիական լինեն Հայաստանի կողմից հնչեցված կազմակերպության զարգացման առաջնահերթությունները, արդյունքների կարելի է հասնել միայն հավաքական անվտանգության համակարգի հետագա ամրապնդմանն ուղղված համատեղ ջանքերի, կառուցողական եւ արդյունավետ համագործակցության ու կազմակերպության անդամ պետությունների միջեւ դաշնակցային հարաբերությունների դինամիկ զարգացման շնորհիվ»:




