Հայաստանի հանրապետության տնտեսությունը, ինչքան էլ իշխանական համակարգն այն հուսադրողից լավատեսական փորձի ներկայացնել, հանրության հիմնական հատվածի համար խնդրահարույցից մինչեւ լրջագույնս անհանգստացնող է ներկայանում: Այստեղ կարեւոր չէ թվերի թե ցուցանիշների հրապարակումն ու դրանց ինչ-ինչ մասնագիտական բառապաշարով մեկնաբանումը, որը որպես պարզից մինչեւ քողարկված աճպարարության դրսեւորում է դիտարկվում, քանզի շարքային քաղաքացին իր գնումների ու ստացած ծառայությունների դիմաց վճարումների ընթացքում այլ, ամենայն վստահությամբ նշենք, համոզման է գալիս. իր առօրյան մասամբ իսկ տեսանելիորեն չի բարեփոխվում, որը միշտ չէ որ պայմանավորված է իրեն համոզել փորձող, այսպես կոչված, արտաքին ու միջազգային հայտարարվող գործընթացներով: Դրանք շատ հաճախ այդ գործընթացներից պարզից մինչեւ որոշակի աստիճանների, հիմնավորված ու արդարացված եզրակացություններ չանելով է պայմանավորված, տնտեսությունը զուտ քաղաքականությամբ ներկայացնելու անհույս լավատեսությամբ: Անգամ առօրյա պարզ դիտարկումների արդյունքում է նշմարվում, որ տնտեսության առանձին ճյուղերի սահմանափակ ոլորտներ ուղղորդումը չի նպաստում ողջ տնտեսության առաջընթացին, որի ապացույցներից է այս օրերին Շրի Լանկայում ծավալվողը, կամ Կուբայի Կաստրո եղբայրների իշխանավարման շրջանի վիճակագրությունը: Առաջինում անառարկելի է համարվում թեյի արտադրությունը, երկրորդում` շաքարեղեգը, որպիսի տնտեսվարումը երկրները փակուղային վիճակի առաջ են կանգնեցնում: Եվ այնքանով, որքանով գյուղոլորտը էապես բարձր արդյունավետություն երաշխավորող բնագավառ չի հանդիսանում, տուժում է ողջ տնտեսությունը, բարեփոխում ու զարգացում չափորոշիչները չեն նշմարվում ու գոհացնում հանրային լայն շրջանակներին, վերջինիս ու իշխանության միջեւ չի հաստատվում ցանկալի բարերար մթնոլորտ:
ՀՀ տնտեսությունում անցանկալի դրսեւորումները, գրեթե անհաղթահարելի խոչընդոտների տեսքով, արտահայտվում են տասնամյակներ շարունակվող մթերումների ու արտահանումների ընթացքում արձանագրվող երեւույթներով: Հենց այս օրերին խոսվում է 1000 եւ ավելի բեռնատարների հայկական արտադրության գյուղմթերքներով Լարսի անցակետում կուտակումներից: Ցավոք, երբեւէ չի քննարկվում, թե ինչու է Հայաստանի գործարար միջավայրը ստանձնել այլոց բանջարա-բոստանային կցորդը կամովին դառնալու հանգամանքը, քանզի սույն գործընթացն իրականացվում է հայաստանաբնակների առավել առաջնահերթությունները հիմնականում ներկրումների միջոցով ապահովելով: Խոսքն անշուշտ մեր մարդկանց ամենօրյա սննդակարգի պարտադիր մաս կազմող ցորենի, բազմաբնույթ հատիկաընդեղենների,մսամթերքի ու կաթնեղենի հումք հանդիսացող մշակաբույսերի արտադրության աննշանից մինչեւ անվտանգային խնդրին է առնչվում, երբ առկա են հիմնական միջոցները` բարեբեր հողային, ջրային ու ջերմային կարողունակությունները: Առաջնահերթությունների փոխարեն այլ ճյուղային գերարտադրություններն էլ, հանձին մեզանում արմատավորված այգեգործական ու ջերմոցային բանջարա-բոստանային տարածքների ավելացման խրախուսման, հանգեցնում են այն վիճակին, որում հերթական անգամ գտնվում է ՀՀ տնտեսական ու իշխանական համակարգը. հարկավոր է փրկել հարյուրավոր այն բեռնատարներում գտնվող արտադրանքը, որն անորոշ վիճակում հայտնվել է Լարսի անցակետում:
Ելք է գտնվել Փոթիի նավահանգստում Սեւ ծովով դեպի Ռուսաստանի դաշնություն լաստանավի վարձակալումը, առաջիկա 6 ամիսներին ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորման եղանակով: Օգնության ձեռք մեկնումը մշտապես է համարվում առաքինի ու մարդասիրական քայլ, այնպես որ հեռու վանենք այլ դատողությունները: Այսուհանդերձ, գործարար միջավայրի ներկայացուցիչներից մի քանիսի հետ ունեցած զրույցներից ծագած հարցերից ընդամենը 2-ի մասին հարկ է հիշել. կա՞ արդյոք լաստանավի 40 վագոններ բեռնաբարձելու արտադրանք եւ ի՞նչ խնդիր է լուծում 40 բեռնատարի մեկանգամյա տեղափոխումը: Հատկապես վերջինը հարցեր է ծնում, քանզի հիշյալ քանակությունը Լարսում կուտակվածի ընդամենը 2-3 տոկոսն է կազմում, շաբաթը 5-6 տոկոսը, եթե իհարկե այն նոր հոգսեր չառաջացնի: Եվ հարցը` որն ու որտեղ է այսօրինակ վիճակից ելքը, հնչում է ինքնաբերաբար:
Ելքը` ինքնաբավության հնարավորինս բարձր աստիճանի տնտեսությունն է եւ միայն ավելցուկի պայմաններում արտահանումը: Առաջնահերթություններից առաջնայինը հացահատիկն է, հացի, մակարոնեղենի ու հրուշակեղենի համար 1 հայաստանցու համար տարեկան անհրաժեշտ մինչեւ 200-220 կգ պահանջով, էլեկտրաէներգիայի արտադրությունը` 6-8 հազար կտվժամ ցուցանիշով եւ ընտանիքներում շաբաթը 1-2 շիշ գինու վայելքը: Տարօրինակորեն թե ցավալիորեն այսօրվա ՀՀ տնտեսությունում առկա հնարավորությունները` առաջինի պարագայում ինքնաբավության 20-25 տոկոս, երկրորդի դեպքում 40-50 տոկոս, երրորդում խիստ սահմանափակ, կազմավորում են այն միջավայրը, որում ապրում ու գտնվում է հայաստանյան հանրային կյանքը` իր անորոշությամբ ու տարիներ առաջվա թիվ 1 պաշտոնյայի բնորոշած գաղջ միջավայրով: Այն մասամբ իսկ վերափոխելու թե բարեփոխելու իշխանությունների ձեռնարկումները տեսանելի արդյունք չեն ցուցադրում, քանզի առկա է տնտեսական քաղաքականություն համարվողի արդյունքում թե հետեւանքով առաջացող գնաճը, որի համար պատասխանատու հիմնական կառույց ՀՀ կենտրոնական բանկն այն բացատրում ու արդարացնում է ինչ-ինչ համաշխարհային գործընթացներով:
Կյանքի որակ կոչվածը մասամբ իսկ պարզելու նպատակով, թող որ սիրողական մակարդակով, հետեւյալ վերլուծությունն իրականացնենք, ասենք, մեր երբեմնի բախտակից, 2,7 մլն բնակչությամբ Լիտվայի օրինակով: 2018-ին երկրի համախառն ներքին արդյունքը կազմել է 48,4 մլրդ դոլար, որից արտահանվել է 29 մլրդ-ը: Երկրում է մնացել 19.4 մլրդ դոլարի արդյունքը, որը գնվել ու վաճառվել է ապրանքների ու մատուցված ծառայությունների տեսքով` սնունդ ու հագուստ, կենցաղային ու էլեկտրոնային տեխնիկայի ձեռքբերում, ճանաչողական ու ժամանցի վայրեր այցելություններ… 1 բնակչի հաշվով 7.000 դոլար: Նույն հաշվարկը Հայաստանի հանրապետության պարագայում իրականացնելու դեպքում ստանում ենք 3.000 դոլար: Հաշվարկը բնակիչ-օր տեսքով իրականացնելու արդյունքում Լիտվայի պարագայում ունենում ենք 19 դոլար, ՀՀ-ում` 8 դոլար, որոնք էլ բնորոշում են առօրյաների որակը: Շաբաթվա արդյունքով հանգստյան օրերին կինո ու թատրոն կայցելես թե մարզասրահ ու համերգադահլիճ, քո որոշելիքն է: Ընդամենը նկատենք, որ մեր պարագայում անգամ քաղաքամայր Երեւանի 10 վարչական տարածքներից առնվազն 8-ում կինո-թատրան չկա. Փոխարենը հայացքդ ընդգրկող տարածքում կարող ես տասնյակից ավելի դեղատների ու վարկեր տրամադրող ֆինանսական կետերի ցուցանակների հանդիպել: Թե ի՞նչ է սա, ինքներդ գնահատեք, քանզի վարչապետական շնորհներով եք օժտվել:
Այսպես էլ կառավարվում ենք:
ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ
31.05.2022թ.