Մեզ պետք են տղաներ՝ քաջ ու անձնուրաց տղաներ
Անվանակոչությունը յուրաքանչյուրիս մշակույթի անբաժան մասն է, որից ինձ հետաքրքրող թեման անվանակոչության միջոցով մեր ազգի շառավիղը շարունակելու խնդիրն է:
Կարճ ասած, երբ մի քանի աղջիկ երեխայից հետո դարձյալ աղջիկ երեխա ես ունենում, լույս աշխարհ եկածին «Բավական» անունը պարգեւելով, ապահովում ես հարազատ երեխայիդ բարդույթավորման նախադրյալը: Բացատրությունը մեկն է քեզ անհրաժեշտ են քաջ ու անձնուրաց զինվորներ՝ ազգի շառավիղը շարունակելու եւ մեր չլուծված խնդիրները վերջնականապես լուծելու համար:
Բայց թող չնեղվեն «Բավական» անունը կրող մեր հրաշագեղ աղջիկները, քանի որ այդ գեղեցիկ անունը մաքուր հայկական է:
Կան նաեւ հաջորդը տղա ունենալու սպասումով այնպիսի ծնողներ, որոնք Աստծու ականջը շոյելու եւ իրենց դստրիկին ավելի քիչ ցավ պատճառելու համար, ընտրում են արաբերեն «Թամամ» անունը, որը թե՛ «վերջ» է նշանակում, եւ թե՛ «կատարյալ»: Դրա արդյունքում, Աստծուն հայտնի է դառնում, որ ծնողներն այլեւս աղջիկ երեխա չեն ուզում, եւ դստրիկն էլ ուրախանում, որ ինքը Սայաթ-Նովայի սազի նման «թամամ» է, այսինքն՝ կատարյալ, ամբողջական:
Հայերը նաեւ գտել են հերթական անգամ աղջիկ երեխա ծնվածին փաղաքշելու ավելի հնարամիտ միջոց: Ակամա ծնված աղջկան նույն նպատակով կոչում են «Հերիք», իբր այնքան նազանք ունի, որ ծնողներն ասում են՝ Հերիքնազ, (հերիք է նազ անես): Բայց մտքի խորքում, միեւնույն է, դիմում են Բարձրյալին՝ շառավիղը շարունակողի՝ արու զավակ ունենալու ակնկալիքով: Թող Հերիքնազ անունը կրող մեր գեղանի աղջիկները շարունակեն տղաների՝ դեռեւս աննվաճ սրտերը գրավելու իրենց նազանքները, իսկ եթե արդեն գրավել են, այլեւս հերիք է նազ անեն:
Շառավիղը շարունակելու համար մեզանում հորինվել է նաեւ մի «եթերային» անձնանուն՝ ԵԹԱՐ իգական անունը, որը փոխառված է թուրքերեն yeter (բավ է) բառից, ինչն էլ թուրքերեն Yeterkz (բավ է աղջիկ) բարդ բառի փաղաքշական հապավումն է: Ըստ Աճառյանի, այդ իգական անունը հայերի մոտ տարածված է եղել դեռեւս 14-րդ դարից:
Թյուրքական միջավայրում ապրող թավրիզահայերի ականջին խորթ չէ նաեւ «Կըզբաստի» (աղջիկը բավ է) իգական անունը, որի կազմությունը ենթարկվում է ընտանեկան տոհմածառը աներեր պահելու նույն տրամաբանությանը: Հավանաբար, Կըզբաստիի ավագ քույրերի անունները պիտի լինեին Թամամ, Հերիքնազ, Բավական… որ այլեւս թավրիզահայ ծնողների մոտ սպառված լիներ ակամա ծնված աղջկա անվանակոչության համար եղած բառապաշարը:
Ի դեպ, Թավրիզի հայտնի բազարի հատվածներից մեկը կոչվում է «Կըզբասդի բազար», որի անվան ստուգաբանության մասին շրջանառվում է մի վարկած, համաձայն որի, իբր բազարի նշված հատվածից անցնելու պահին, մի կին, ծիծաղելու չափն անցած իր դստերը սաստելու համար, ասել է՝ «Կը՛զ, բաստի», որը նշանակում է «հերիք է, ախչի»: Ակնհայտ է, որ այդ վարկածը ժողովրդական ստուգաբանության ժանրից է: Այդ մասին է վկայում Իրանի պարսկախոս շրջաններում տարածված պարսկերեն «Դոխթար-բաս» իգական անձնանունը, որը «Կըզբասդիի, Եթարի, Բավականի, Թամամի, Հերիքնազի… հոմանիշն է:
Թող հայ ծնողների արու զավակ ունենալու ցանկությունն այնքան բավարարված լինի, որ մեկը մյուսին հաջորդող արու զավակներ ունենալուց հետո, ակամա ծնված հերթական տղա երեխային Հերիք կամ Բավական կոչեն:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ