Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Արցախից բռնի տեղահանվել է 40 000 մարդ, ինչը հանգեցրել է մարդու իրավունքների` իր ծավալով աննախադեպ ոտնահարման. Արցախի ՄԻՊ

Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքով Արցախի 118 համայնք ամբողջությամբ եւ 2 համայնք մասնակի (ընդհանուր 215 բնակավայր) անցել են Ադրբեջանի օկուպացիայի տակ։ Այս մասին ասել է Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը՝ ներկայացնելով 2021 թվականի հաշվետվությունը։

«Արցախի այս բնակավայրերից բռնի տեղահանվել է 40 000 մարդ, ինչը հանգեցրել է մարդու իրավունքների` իր ծավալով աննախադեպ ոտնահարման։

Բռնի տեղահանվածները բացասական հետեւանքներն իրենց վրա զգացել են ողջ 2021 թվականի ընթացքում։ Նրանք շարունակում են բախվել բնակարանների դեֆիցիտի, սոցիալական ծրագրերից չհիմնավորված դուրս մնալու եւ այլ խնդիրների»,- հավելել է նա։

Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ հակառակորդի ագրեսիվ պահվածքը խոչընդոտում է Արցախում երեխաների կրթության կազմակերպմանը։

«Մի շարք ուսումնական հաստատություններում ակնհայտ ֆիզիկական սպառնալիքի պայմաններում ուսումնական գործընթացը պարբերաբար դադարեցվում է»,- ասել է նա։