Ագնես Ղափլանյան-Գալշոյանի հիշատակին
Ագնես Ղափլանյանի հետ ծանոթացել եմ 1990 թվականի հոկտեմբերին իր ամուսնու՝ Մուշեղ Գալշոյանի մահվան 10-րդ տարելիցի օրերին, իմ «Բրաբիոն ծաղիկ որոնողը» տեսաֆիլմի համար:
Պայմանավորվել էինք հանդիպել իրենց տանը: Երբ դուռը բացվեց, ականատես եղա մի հրաշք տեսարանի՝ շիկահեր, կապուտաչյա, համակրելի մի կին՝ ձեռքերը հենած իր երկու սքանչելի երեխաների՝ Սիրանույշի ու Տավրոսի ուսերին:
Սկսվեց ջերմ զրույց (այդ օրվանից մենք դարձանք լավ բարեկամներ, հետո՝ մտերիմներ): Պատմեց Գալշոյանի մասին, ծանոթացա գրողի թողած անավարտ ձեռագրերին, տպագրված գրքերին: Սիրանույշն ու Տավրոսը հետեւում էին մեր զրույցին, երբեմն իրենց խելացի մտքերով միանում մեզ: Մեր սովորության համաձայն հարցրի, թե ի՞նչ են երազում դառնալ: Սիրանույշն ասաց, որ ինքը պետք է թուրքերենի մասնագետ դառնա, որ թշնամու հետ իր լեզվով խոսի: Տավրոսը, որ Սիրանույշից բավական փոքր էր, իր խաղալիքով մոտեցավ ինձ մի քանի անգամ կրակելով ասաց. «Ես ուզում եմ գնամ Ղարաբաղ թուրքերի դեմ կռվեմ»:
Տիկին Ագնեսան այդ ժամանակ աշխատում էր ամուսնու ձեռագիր նյութերի վրա: Նրա խմբագրությամբ տպագրվել են «Ձորի Միրոն» եւ «Բովտուն» մեծածավալ գրքերը, «Տարեմուտին» եւ «Պայուսակ» անավարտ վեպերը, «Ագռավաքար»-ը, «Քեզ վերեւից չպետք է նայել» ակնարկների ժողովածուն, «Ծիրանի ծառ» պատմվածքները, 1994թ. Անթիլիասում, Գարեգին Բ կաթողիկոսի (հետագայում՝ Գարեգին Ա Ամենայն հայոց կաթողիկոս) հովանավորությամբ հրատարակված «Ընտրանի» հատորը, իսկ 2003թ. Մուշեղ Գալշոյանի 70-ամյակի առթիվ՝ «Պատմվածքներ», 2009թ. 75-ամյակին՝ «Ընտրանի» գրքերը:
2008 թվականի օգոստոսին Ագնեսը ժամանեց Փարիզ: Նա եղավ իմ տան շատ ցանկալի հյուրը: Սիրով նրան հյուրընկալել էին նաեւ Փարիզի հայկական ռադիոյում (AYPFM): Ռադիոյի տնօրեն Վարդան Գաբրիելյանն իր ARTS ET REGARDS հայտագրով հետաքրքրական զրույց ունեցավ Ագնես Ղափլանյանի հետ, այն եթեր հեռարձակվեց 2008 թվականի սեպտեմբերի 5-ին: Հայ համայնքի համար տեղին ու սպասված հաղորդում: Այդ օրը ֆրանսահայ ունկնդիրներն իրենց համար բացահայտեցին հայ մեծանուն գրող–հրապարակախոս Մուշեղ Գալշոյանին, եղան բազմաթիվ արձագանքներ:
Բնականաբար, ես էլ հարցազրույց ունեցա տիկին Գալշոյանի հետ, որը տեղադրել եմ 2009թ. հրատարակված իմ «Իրական պատկերներ» գրքում:
Հարցազրույցը Ագնես Ղափլանյանի մահվան կապակցությամբ տեղին համարեցի ներկայացնել «ԱԶԳ»ի ընթերցողներին:
– Տիկին Գալշոյան, շուտով լրանում է Մուշեղ Գալշոյանի ծննդյան 75-ամյակը, արդեն 28 տարի է, որ այլեւս քո կողքին չէ, իր զավակների, իր հարազատների, իր ժողովրդի, իր ընթերցողների կողքին չէ, անշուշտ, սա մեծ ցավ է, անդառնալի կորուստ, այսքան մարդիկ ապրում են այս մեծ «բացով», այո՛, սա այն «բացն է», որը միայն ու միայն ինքը կարող էր լցնել իր ապրած կյանքով…
28 տարի… ինչպիսի՞ մտահղացումներ ուներ, ինչպիսի՞ տողեր կարող էր թողնել իր ընթերցողներին, իր հայրենիքին, իր հարազատ Էրգրին, որի մասին այնքա՜ն կարոտով ու հուզումով, նաեւ հորդորով գրել է եւ կգրեր, եթե…
– Կաշխատեմ հակիրճ ներկայացնել այդ տարիների ապրածն ու զգացածը: Մուշեղն ամեն ինչից եւ ամենից բարձր դասում էր Էրգրի ու Հայաստանի շահը: Իզուր չէ, որ միշտ կրկնում էր մեծարենցյան հանճարեղ միտքը. «Տու՜ր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական»:
Ճիշտ է, դժվար է մի կնոջ համար լինել Գալշոյանի կողակից ու 14 տարիների կյանքի ընկերը, վայելել նրա տղամարդկային վեհ արժանիքներն ու միանգամից զրկվել նրանից, անչափ դաժան են եւ միաժամանակ պարտավորեցնող, քանի որ միշտ զգացել եմ նրա բացակա ներկայությունը:
Ինձ համար անմոռաց են այն օրերը, երբ Մոսկվայում գրում էր «Զանգեզուրյան աշունը», որը հետագայում վերածվեց էսսեի եւ անվանակոչվեց «Ագռավաքար»:
Խորամուխ լինելով Հայոց պատմությանը՝ Զանգեզուրին վերաբերող էջերի մեջ հիշատակվում է Սյունյաց աշխարհի տերերի ու երկրի անառիկ լեռների ու բերդերի տեր, դաշնակ սպարապետի (Նժդեհի) անձնուրաց կռիվը, որին զորավիգ էին Սյունիքի բերդ-լեռները: Սակայն Սյունյաց աշխարհի երբեմնի տերը՝ Անդոկ իշխանն իր աշխարհը մի բարձի հետ փոխեց, վիրավորանքը՝ պարսից Շապուհ արքայից վրեժխնդրությամբ լուծեց. հավաքեց ողջ երկրի հարստությունը, լցրեց Շաղատի վանքը, թաղեց վերջինիս, այրեց ողջ Սյունյաց աշխարհը եւ հեռացավ:
Որդին՝ Բաբիկը, հոր մեղքն իր կյանքով վճարեց եւ տեր դարձավ Սյունյաց աշխարհին:
Եվ որքան ժամանակահունչ է Շապուհ արքայի հանդիմանությունը. «Դու այր ես քաջ, քեզ գնահատում եմ, բայց ես քո ցեղակիցների մասին եմ խոսում, որոնց հարեւանությամբ ու փորձով ճանաչում եմ: Քո ցեղակիցները անխոհեմ են ու անմիաբան: Եվ իրենց Հայոց աշխարհը զգում են հեռվից, եւ՛ կսկծում, եւ՛ ուզում են իրենց աշխարհի կարոտից մեռնել այն ժամանակ, երբ կորցրել են արդեն: Քո ցեղակիցներն իմ ամենամոտ հարեւաններն են եւ թշնամին ամենամոտ: Ես ուրախ եմ, որ նրանք անխոհեմ են ու անմիաբան…»:
Յուրաքանչյուր գրական երկ գրելիս, Մուշեղ Գալշոյանն իր անդրանիկ էջի վերեւի մասում միշտ դիմում էր՝ «Յա՜, Մարաթուկ» արտահայտությանը, ուժ ու կորով էր հայցում սրբացած սարից՝ գործը կատարյալ ավարտին հասցնելու համար:
Գալշոյանն ուներ բազմաթիվ մտահղացումներ Հայաստանի տնտեսական, քաղաքական, քաղաքաշինական ու պատմական թեմաների մասին: Դժբախտաբար գրողի շատ գործեր մնացին անավարտ. դրանք են՝ «Տարեմուտ» եւ «Պայուսակ» վեպերը, «Սպիտակ ձին» վիպակը, «Ծիրանի ծառ» շարքը եւ գրառումներ թողեց «Անդոկի պաշտպանությունը» վեպից, որը կապված է վերջինիս հերոսական պաշտպանությանն ու անկոտրում պայքարին:
Աներկբայելի է, եթե ավարտին հասցներ վեպը, ապա այն կդառնար Գալշոյան գրողի գլուխգործոցը:
Կան գրառումներ նամակի տեսքով՝ ուղղված Ղարաբաղի երբեմնի առաջին քարտուղար Կեւորկովին, ուր արտահայտել է իր անաչառ քննադատությունը նրա հայատյացության եւ ոչ սկզբունքայնության համար:
Հեղինակի համար հուզիչ թեմա էր ամերիկաբնակ Ստեփանի եւ նրա ընտանիքի պարագան. նա իր բնակարանը վաճառում է Հայաստան գալու համար: Դարձյալ օտարության մեջ գտնվող հայի ճակատագիրը, որը այնքան հուզում էր Մուշեղին, սակայն միայն գրառումներ թողեց:
1960-ական թվականների վերջին Երեւանի կենդանաբանական այգուց փախուստի էր դիմել Վովա անունով փիղը: Մուշեղը հետեւում էր փղի ընթացքին: Ոչ մի կերպ չէր հաջողվում փղին բռնել, նա հարձակվում էր մարդկանց վրա եւ ջարդում էր մեքենաներ: Անկառավարելի էր վիճակը. նման դեպքերում Մոսկվան էր հարցին լուծում տվողը: Եվ հրաման ստացան, որ Վովա փղին պետք է սպանել… Այս թեման արդեն Մուշեղինն էր… սակայն, ափսոս, որ միայն գրառումներ են մնացել:
Գալշոյանը որոշել էր անպայման ավարտին հասցնել «Ծիրանի ծառ»-ը` Կոմիտասին նվիրված շարքը, քանի որ նրան ոգեշնչողը Պ. Սեւակի` «Գարուն» ամսագրում լույս տեսած հոդվածն էր, ուր բանաստեղծն իր կարծիքն է հայտնել Կոմիտասին վերաբերող պատմվածքների մասին. նրա հավանությանն էին արժանացել Ռաֆայել Արամյանի եւ Մուշեղ Մանուկյանի (Գալշոյան) գործերը՝ նվիրված մեծ երգահանի 100-ամյակին:
– Վերադառնալով ակունքներին՝ խոսեք նրա ստեղծագործական տարիներից:
– Մուշեղ Գալշոյանը ծնվել է 1933 թվականին, Թալինի շրջանի Կաթնաղբյուր գյուղում, Արեւմտյան Հայաստանից գաղթած ծնողների ութը զավակներից վեցերորդն է: Նրա առաջին ստեղծագործությունը լույս է տեսել 1959 թվականին՝ տեղի շրջանային թերթում:
1969թ. լույս ընծայվեց նրա անդրանիկ գիրքը՝ «Կռունկ» խորագրով, ուր տեղ են գտել «Ձորի Միրոն» եւ «Կածանի ճամփորդները» վիպակները, 1973թ.` «Ծաղկած քարեր» ակնարկների ժողովածուն, 1974 թվականին` «Բովտուն» վեպը, որն արժանացավ Հայաստանի սովետական գրողների միության գրական առաջին մրցանակի: 1981 թվականին լույս ընծայվեց «Մարութա սարի ամպերը» պատմվածքների ժողովածուն, որը հետմահու արժանացավ գրողների միության մրցանակին:
Գալշոյանը մահացել է հոկտեմբերի 15-ին, հայրենի Կաթնաղբյուր գյուղում:
Հեղինակի գրքերը թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով. ռուսերեն 1972թ.` «Ձորի Միրոն», 1977թ. «Քարե հովտում» («Բովտուն»), 1977թ. «Ձորի Միրոն»` լիտվերեն, բուլղարերեն, ուկրաիներեն, բելոռուսերեն, իսկ «Դրուժբա նարոդով» ամսագիրը 1978 թվականի N1-ում տպագրել է «Մարութա սարի ամպերը» շարքից երկու պատմվածք, որոնք արժանացել են «տարվա լավագույն պատմվածք» մրցանակին:
Նրա սցենարներով նկարահանվել են «Հնավանդ թմբուկը», «Բովտուն» եւ «Ձորի Միրոն» կինոնկարները: Դեռեւս 1969թ., երբ հրատարակվեց Մ. Գալշոյանի անդրանիկ գիրքը՝ «Կռունկ» անվանումով, այն, իրոք, մեծ ճանաչում բերեց գրողին: Ժամանակին գրաքննադատներից մեկը գրեց. «Դանդաղահոս գետի նման գրականություն մտավ Մուշեղ Գալշոյանը՝ ուշ, բայց ոչ ուշացած»:
Ձորի Միրոյի կերպարը հավաքական է, որի նախատիպը գրողի հայրն է՝ սասունցի Հովեն, որի ընտանիքը թուրքերի կողմից սպանդի է ենթարկվել:
Հայրենի պապենական հողերից քշված ու մազապուրծ Հովեն ուժ է գտնում ու հաստատվում Արեւելյան Հայաստանում:
– Այն, որ Մուշեղ Գալշոյանը սասունցի Հովեի որդին է, ակնհայտ երեւում է նրա բոլոր ստեղծագործություններում: Նա իր բոլոր զգայարաններով կապված էր Էրգրին, նրա ժողովրդին, յուրաքանչյուրին…
– Այս առումով շատ հուզիչ է 1973թ. հրատարակված «Ծաղկած քարեր» ակնարկների ժողովածուն, ուր տեղ է գտել «Օրիորդ Մարի» ակնարկը: Երեւանում ապրող օրիորդ Մարին 1946 թվականին Ֆրանսիայից տեղափոխվել էր Հայաստան: Նա իր կյանքն ու երիտասարդությունը թողել էր Արեւմտյան Հայաստանում…
Հայրենիքում ապրում ու շնչում էր իր կենսագրությունը ծրարած նկարների ալբոմում:
Համակ ողբերգություն, մարդ, որն ունեցել է հարազատներ, բայց այս անիրավ աշխարհում մնացել է մեն մենակ՝ իր տխուր հիշողությունների հետ…
– Մուշեղ Գալշոյանի ո՞ր գործերն եք պատրաստել, խմբագրել ու հրատարակել:
– Առաջինը հրատարակվեց «Տարեմուտին» վեպը, որի թեման ծնողների կյանքն է՝ անցած դժնդակ օրերով ու սպասման հույսով, այնուհետեւ՝ «Պայուսակը» վեպը, որում Մ. Գալշոյանը նկարագրում է 1941-45թթ. պատերազմում հաղթած գնդապետ Դավթյանի կյանքը, իսկ «Սպիտակ ձին» վիպակում հեղինակը անդրադարձել է հայաստանյան այն օրերին, երբ հայ երիտասարդները գնում էին Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի, իսկ իրենց ընտանիքի հոգսը թողնում էին հարեւան ադրբեջանցիներին… մտացավություն վաղվա օրվա համար, ինչպես այն տեղի ունեցավ 1988թ. ղարաբաղյան շարժման ժամանակ, երբ հարյուրավոր ազերիներ ինքնակամ հեռացան մեր երկրից, թերեւս այդ շարժման ամենամեծ հաղթանակը դա էր:
– Մուշեղ Գալշոյանը հայտնի է նաեւ իր հրապարակախոսական նյութերով, որոնցից յուրաքանչյուրը ճշմարտության պարտադրանքով գրված բաց նամակ է՝ ուղղված աշխարհին:
– Այո՛, Մուշեղ Գալշոյանը նաեւ անաչառ ու ճշմարիտ հրապարակախոս է: Նրա հոդվածները՝ «Այսպես կոչված նացիոնալիզմի մասին», ծրարված մնացել էին գրողի գրադարակներում: Այդ հոդվածներն իրենց տեղը գտան «Ի տեղ բաց նամակի» գրքում, որը հրատարակվել է իմ խմբագրությամբ՝ 1994 թվականին: Գրքում տեղ են գտել նաեւ «Ձորի Միրոն» վիպակը, «Պայուսակ» վեպը, «Ագռավաքար» էսսեն, ակնարկներ եւ մի շարք հոդվածներ:
– Մուշեղ Գալշոյանը հանրությանը ծանոթ է նաեւ իր «Ձորի Միրոն», «Բովտուն» ստեղծագործությունների հիման վրա նկարահանված ֆիլմերով:
– Այո, բայց մինչեւ «Ձորի Միրոյի» եւ «Բովտուն»-ի նկարահանումները, 1972թ. գրեց իր անդրանիկ կինոֆիլմի սցենարը՝ «Հնավանդ թմբուկը», ուր Սասնա սովորական հարսանիքը պատկերելով՝ առաջին անգամ վեր հանեց ազգային-հայրենասիրական երգերը:
1975-76թթ. «Բովտունը» նույնպես վերածվեց սցենարի եւ նկարահանվեց բավականին դժվարությամբ:
1977-78թթ. նկարահանեցին «Ձորի Միրոն»: Այն լինելու էր հայկական առաջին բազմասերիանոց ֆիլմը, սակայն նկարահանեցին առաջին եւ երկրորդ մասերը միայն:
Ովքեր դիտել են «Ձորի Միրոն», անպայման կհիշեն Միրոյի կերպարը մարմնավորող դերասան Սոս Սարգսյանին, որի անթերի դերակատարման մասին իր հիացմունքն ու գոհունակությունն է արտահայտել հեղինակը՝ Մուշեղ Գալշոյանը:
Այն մեծ ճանաչում բերեց բազմաթիվ անգամ հեռուստատեսությամբ հեռարձակված Ձորի Միրո՝ Սոս Սարգսյանին: 1981թ. մայիսին Մոսկվայի առաջին ալիքով ցուցադրվեց «Ձորի Միրոն» ֆիլմը, որի ցուցադրությանն արձագանքեց Թուրքիան՝ նոտա ներկայացնելով Մոսկվային:
– Հայոց Ցեղասպանության ցավը նույնպես մորմոքել է Մուշեղ Գալշոյանի անհանգիստ հոգին: Նա կտրականապես դեմ էր լաց ու կոծին ու հորդորում էր, որ այլեւս պետք է պահանջատեր լինել, ոչ թե զոհ. «Լացն ու կոծը հաստատ ավելորդ են, բայց Եղեռնի պատճառով խաթարված ճակատագրերի ու հոգիների մասին գրելը խիստ ժամանակակից խոսք է» (Մ.Գ.):
– Այո՛, գրող-հրապարակախոս, կինոբեմադրիչ Մուշեղ Գալշոյանին անչափ հուզել եւ տագնապել է Մեծ եղեռնը, որի առաջին սերունդն է եղել ինքը:
Նրա «Այսպես կոչված նացիոնալիզմի մասին» հոդվածը մի բաց նամակ է՝ նույնպես գրված ճշմարտության պարտադրանքով, ուր խտացված արտահայտել է իր մտահոգությունները: «Բոլորը գիտեն Երկրորդ համաշխարհային պատերազմի համակենտրոնացման ճամբարների ու գազախցիկների տեղն ու պատմությունը, բայց Դեր Զորի ու հրկիզարան մարագների մասին ո՞վ գիտե…
Այնինչ՝ պետք է, որ իմանային ոչ թե ի սեր եւ ի խղճահարություն հայ ժողովդրի, այլ ի սեր եւ ի անհանգստություն մարդկության ու նրա ճակատագրի» (Մ.Գ.):
Այս հարցում Մուշեղ Գալշոյանը գնահատել է աշխարհասփյուռ հայերի դերը: Նա մի առիթով գրել է. «Դուք՝ սփյուռքահայերդ, ազատ եք գործելու, բողոքելու, շարժումը պետք է լինի համահայկական: Մայր Հայրենիքն այն հենակետն է, որ ձեզանով պետք է ուժեղանա…»:
– Մուշեղ Գալշոյանն իր ստեղծագործություններով, իր յուրահատուկ, ազնիվ, շիտակ խառնվածքով, դիպուկ, լայնախոհ գաղափարախոսությամբ, ընդունվեց եւ սիրվեց ՀԱՅ ժողովրդի կողմից թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում: Նրա անունով Երեւանում կա փողոց, դպրոց, վերջերս իր ծննդավայրում՝ Կաթնաղբյուր գյուղում կառուցվեց Մուշեղ Գալշոյանի թանգարանը: Համոզված եմ, որ այն կդառնա յուրաքանչյուր այցելուի հյուրընկալ, տաք օջախը…
– 2001-2006թթ. նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նախաձեռնությամբ գրողի հայրենի գյուղում՝ Կաթնաղբյուրում կառուցվել է թանգարան: Այն անչափ գեղեցիկ է թե՛ իր դիրքով եւ թե՛ իր ինքնատիպ կառույցով: Թանգարանի մուտքն սկսվում է կամար զանգակատնով, խաղահրապարակով, կառույցն ամֆիթատրոնաձեւ է, իսկ բարձունքի վրա են հառնել վեց սյուներ, որոնք խորհրդանշում են Արեւմտյան Հայաստանի վեց վիլայեթները: Սյուներից մեկի վրա գրառված են Մուշեղ Գալշոյանի իմաստուն մտքերը մարդու եւ հողի մասին մեջբերված «Ձորի Միրոյից». «Աշխարհքի ամենամեծ կորուստ մարդու կորուստն է: Մարդու կորուստ անդարձ կորուստ է: Երկիր ու հողի կորուստ ծանր կորուստ է, բայց հող անմահ է, հող ուրիշ տեր չի ընդունե, հող իր տիրոջ հետ արնակից է ու էդ արնակցին կսպասե՜, կսպասե՜, ու օրերից մի օր կհանդիպեն: Հողի կորուստ անդարձ կորուստ չէ՛»:
– Իմ համոզմամբ, Մուշեղ Գալշոյանի թանգարանը, այսպես ասած, կունենա այն կարգավիճակը, ինչպիսին Եղիշե Չարենցի, Հովհաննես Թումանյանի, Պարույր Սեւակի եւ մեր մյուս մեծերի թանգարաններն են:
– Ես էլ եմ այդ կարծիքին եւ հուսով եմ, որ այդ երկհարկանի կառույցն իր ողջ հետաքրքրությամբ կարող է լինել բազմաթիվ զբոսաշրջիկների, արվեստագետների, գրողների հանդիպման վայր, ուր կհյուրընկալվեն նաեւ Սասունից, Մուշից, Վանից, Տիգրանակերտից բռնագաղթվածների երիտասարդ, պատանի սերունդներն՝ իրենց ապուպապերի ավանդական, ազգային-հայրենասիրական երգ ու պարով…
ԱՆԺԵԼԱ ՍԱՀԱԿՅԱՆ
Փարիզ, 06.07.2008