Մոսկվայի «Ստարայա Բասմաննայա» հրատարակչությունը լույս է ընծայել «Հայկական ծագումնաբանություն» պարբերական հրատարակության առաջին հատորը (ռուսերեն): Պատասխանատու խմբագիրն է Ռաֆայել Աբրահամյանը, խմբագրական խորհրդի անդամներն են Ռաֆայել Աբրահամյանը, Հակոբ Խաթլամաջյանը, Իգոր Կուզնեցովը, Ալեքսանդր Հակոբյանը (Ռուսաստան), Սոնյա Միրզոյանը (Հայաստան) եւ Հովան Սիմոնյանը (Շվեյցարիա): Հատորը բացվում է խմբագրական խոսքով (հեղինակ՝ Իգոր Կուզնեցով), բաղկացած է չորս բաժնից՝ «Հետազոտություններ եւ հոդվածներ», «Աղբյուրների հրատարակում» եւ «Տեղեկատվական նյութեր» եւ «Մատենագիտություն.. ակնարկներ. Գրախոսականներ»: Հատորում ընդգրկված է 23 նյութ 15 հեղինակից, որոնք են Ռաֆայել Աբրահամյանը, Սամվել Գրիգորյանը, Իսլամ-Բեկ Մարզոեւը, Վլադիմիր Կոլեսովը, Հակոբ Խաթլամաջյանը, Անդրանիկ Նահապետյանը, Աբել Կարաքեհյանը, Սամվել Մելիքսեթյանը (Ռուսաստան), Սոնյա Միրզոյանը (Հայաստան), Ջորջ Աղջայանը, Մարկ Արսլանը, Օդրի Մեգերյանը (ԱՄՆ), Անջեյ Զիեմբան (Լեհաստան), Սերժիու Բակալովը (Մոլդովա), ինչպես նաեւ ուկրաինացի երջանկահիշատակ հայագետ պատմաբան Յարոսլավ Դաշկեւիչի մի հոդվածը:
Հատորում տեղ գտած հաղորդումներն ու հոդվածները ներկայացնում են Կիլիկիայի հայկական թագավորության ականավոր գործիչ Սիր Ատանի, լեհական Տիշկեւիչ եւ մոլդովական Բոտեզանու տոհմերի, Հյուսիսային Օսեթիայի Թագաուրյան հանրույթի վերնախավի հայկական ծագումը, չերքեզահայ Բողարսուկով, Յոզղաթի Բուրուն Քշլա գյուղի Աղճայան տոհմերի, Պատիժվան գյուղի ծագումնաբանական տվյալները, Աբխազիայի հայաբնակ Չոբանենց գյուղի գերեզմանատունը, Շուշիի 1886 թ.-ի կամերալ նկարագրության տեղեկատվական տվյալները եւ բազմաթիվ այլ հետաքրքրաշարժ նյութեր: Հատորի վերջում տրված են նյութերի անգլերեն եւ հայերեն ամփոփումները:
Ա. Բ.