Յարոն Վայսը իսրայելցի հայամետ ակտիվիստ է: Նա ծնվել է 1976 թվականին, Իսրայելում, Հունգարիայից ներգաղթածների ընտանիքում: Կնոջ եւ չորս երեխաների հետ բնակվում է Իսրայելի հյուսիսում գտնվող Կեֆար Վերադիմ փոքր քաղաքում: Յարոնն աշխատում է հեռահաղորդակցության խոշոր ընկերությունում, իսկ զբոսաշրջության եղանակին որպես զբոսավար է աշխատում Հայաստանում եւ Վրաստանում: Նա Հայաստանը համարում է զբոսաշրջության մեծ ներուժ ունեցող ամենագրավիչ երկրներից մեկն աշխարհում: Յարոնն Իսրայելին մշտապես իրազեկ է պահում Հայաստանի եւ Արցախի մասին՝ ջանքեր գործադրելով արծարծելու այնպիսի հարցեր, ինչպիսիք են Իսրայելում Հայոց ցեղասպանության ճանաչումը, միշտ պնդելով, որ Իսրայելի կառավարության համար արդարացում չկա, որ նա ցայսօր չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, նաեւ պայքարում է, որ Իսրայելի կառավարությունը դադարեցնի զենք վաճառել Ադրբեջանին:
Յարոնի հետ ծանոթացել եմ Հայաստան կատարած նրա վերջին այցի ժամանակ: Մտավորականի կերպարանքով այս բարձրահասակ, եռանդուն այրը հանդիպման եկավ Մոնթե Մելքոնյանի դիմանկարը կրող շապիկով, եւ մեր միջեւ ծնունդ առավ հետեւյալ զրույցը:
-Յարո՛ն, դու նոր ես եկել Արցախից, որը դու Դրախտ ես անվանում: Ինչպե՞ս ընթացավ այս անգամ ճանապարհորդությունդ:
-2012 թվականից ես պարբերաբար գալիս եմ Հայաստան եւ Արցախ: Պատերազմից հետո սա իմ երրորդ այցն է: Արցախն ինձ համար մի ազգի, մի ժողովրդի օրինակ է, որը հազարավոր տարիներ ապրում է իր տարածաշրջանում ու տակավին պայքարում է ոչ թե իր անկախության, այլ գոյատեւելու համար: Արցախցիներն իրենց պայքարը սկսել են 1980-ականների վերջից, եւ ասում են, որ Խորհրդային Միության փլուզումը սկսվել է Արցախից: Այնպես որ, երբ առաջին անգամ այցելեցի այս տարածաշրջանը, հետաքրքրված էի՝ լինելու նաեւ Արցախում: Ես սիրահարվեցի Արցախին ու այնտեղ մնացի երեք շաբաթ: Քայլեցի «Ճանապարհ թրեյլով» (ոտքով ճամփորդելու համար նշագրված արահետ Արցախում – Ա. Բ.), գիշերեցի մարդկանց տներում՝ վայելելով գեղեցիկ բնապատկերները եւ շատ բարի մարդկանց հյուրընկալությունը: Ինձ բոլորը վերաբերում էին որպես ընտանիքի անդամի, ասես նրանցից մեկն էի: Ուստի ես իմ պարտքն էի համարում իմ երկրում խոսել Հայաստանի եւ Արցախի մասին եւ անել հնարավորը այդ ժողովրդին աջակցելու համար: Ազատ ժամանակս եւ հանուն իմ հոգու սկսեցի իսրայելցի զբոսաշրջիկների խմբեր բերել Հայաստան: Իսրայելում կա լոբբի՝ ցանկացած ազգի համար, շատ վրացի եւ ադրբեջանցի ներգաղթյալներ պաշտպանում են նրանց շահերը, հատկապես Ադրբեջանը մեծ գումարներ է ուղարկում՝ հավանաբար կաշառելու քաղաքական գործիչներին եւ լրատվամիջոցներին, բայց Հայաստանի անունից գրեթե ոչ ոք չի խոսում, նույնիսկ զբոսաշրջության մասին: Ես բացեցի Հայաստանի մասին առաջին ֆեյսբուքյան էջերից մեկը եբրայերենով եւ հոդվածներ գրեցի՝ ներկայացնելով երկիրը: Արցախի մասին հոդված եմ հրատարակել Իսրայելի ամենակարեւոր կայքում եւ ամսագրում, այնպես որ դարձա հայկական հարցերի մի տեսակ փորձագետ, եւ մարդիկ սկսեցին կապվել ինձ հետ: Հետո կապ հաստատեցի հայ համայնքի հետ, նրանք պաշտպանում են հայկական շահերը, բայց իմ առավելությունը հայ չլինելն է եւ այն, որ ես չեմ վարձատրվում իմ հայանպաստ գործունեության համար: Իմ եւ Ադրբեջանին աջակցող իսրայելցիների միջեւ մեծ տարբերությունն այն է, որ ես ինքս եմ փող վճարում Հայաստանին աջակցելու համար, մինչդեռ նրանք գումար կամ նպաստ են ստանում իրենց աջակցության համար, ուստիեւ իրենց ասածը ոչինչ է:
-Համոզված եմ, որ դու Ադրբեջանի սեւ ցուցակում ես, բայց դա քեզ երբեք չի խանգարել շարունակել աջակցել Արցախին:
– Ինձ երբեք ոչինչ չի կանգնեցնի: Հատկապես 44-օրյա պատերազմի ժամանակ եւ դրանից հետո: Ես բողոքի ցույցեր կազմակերպեցի, հարցազրույցներ տվեցի լրատվամիջոցներին մեր օրակարգի վերաբերյալ, քանի որ իսրայելական լրատվամիջոցներից մի քանիսը աջակցում էին Ադրբեջանին: Ինձ հրավիրեցին խոսելու մեր տեսանկյունից. թեեւ ես հայ չեմ, բայց «մերոնք» եմ ասում, քանի որ ինձ համարում եմ Հայաստանի եւ Արցախի հայրենասեր: Հայ համայնքի հետ միասին հիմնել ենք Հայաստանին եւ Արցախին աջակցող մի կազմակերպություն: Անցյալ տարի մայիսին պատերազմից հետո առաջին անգամ այցելեցի Արցախ: Այն ժամանակ մարդիկ ասում էին, որ հասկանում են իրենց նոր իրավիճակը. իրենք վերապրողներ են եւ պատրաստ են կառուցել իրենց նոր ապագան: Նրանք ցնցված էին, բայց` տակավին լավատես: Անցյալ սեպտեմբերին, երբ երկրորդ անգամ եկա, թվում էր, թե նրանք մի տեսակ հոգնել էին, հատկապես մտահոգ էին ժամանակավոր կացարաններում ապրող փախստականների համար: Իսկ հիմա մարդիկ մի քիչ ընկճված են թվում, քանի որ նախկինի պես մեր կողքին երիտասարդներ չկային, բոլորը սահմանին են, մթնոլորտում զգում ես, որ ինչ-որ բան է լինելու: Մարդիկ իսկապես մտահոգված են, թե միգուցե չկա ապագա, ուրեմն ինչո՞ւ բիզնես բացել, տներ կառուցել, եթե մի քանի ամսից դրությունը կարող է փոխվել: Իրավիճակը նույնն է, ինչ այժմ կատարվում է Ուկրաինայում: Ուստիեւ ես հղում եմ իմ ուղերձն աշխարհին, հայկական եւ ռուսական անձնագիր ունեցողներին, (քանի որ միայն նրանք կարող են մտնել Արցախ). հիմա ժամանա՛կն է, միա՛կ ընտրությունը, եկե՛ք Արցախ, եկե՛ք ձեր հմտություններով օգնելու այս քաջ երկրին: Եթե պարզապես այցելում ես, իհարկե, աջակցում ես տնտեսությանը, բայց կարեւոր է, որ այսօր Արցախում մարդիկ զգան, որ իրենք մենակ չեն: Հիմա նրանք լքված են զգում իրենց: Ես չեմ ուզում հիմա քաղաքականությունից խոսել, բայց իմ զգացողությունն այն էր, որ Արցախում մարդիկ կարծում են, թե Հայաստանի իշխանությունն ու Սփյուռքը լքել են իրենց, էլ չասած արեւմտյան աշխարհի մասին: Մենք չենք կարող վերահսկել Հայաստանի իշխանություններին, բայց գոնե մեր ուղերձը կարող ենք հասցնել Սփյուռքին: Ինձ իսկապես ցավ է պատճառում այն, որ Սփյուռքից, նաեւ Իսրայելից շատերն իրենց կռիվն անում են Ֆեյսբուքում՝ գրելով, որ «Արցախի ոչ մի թիզ չենք տալու», բայց երբեք չեն լինում այնտեղ…
-Մենք նրանց անվանում ենք ֆեյսբուքյան ֆիդայիներ:
-Շատ ճիշտ է: Նաեւ Իսրայելում կան այդպիսիք: Իսրայելը միկրո-տիեզերք է. կարող ես պատկերացնել, թե ինչ է կատարվում Սփյուռքում: Երբ Իսրայելը ստեղծվեց, մարդիկ հրեական սփյուռքից եկան կռվելու 1973-ի պատերազմին` թողնելով իրենց հարմարավետ կյանքը ԱՄՆ-ում եւ այլուր: Մենք էլ ունենք բազմաթիվ խնդիրներ Իսրայելում, նաեւ մարդկանց մեջ, բայց երբ արտակարգ իրավիճակ է, բոլորը համախմբված են եւ պայքարում ու աջակցում են: Այնպես որ, հայ սփյուռքը կարող է աջակցել միայն իր ներկայությամբ Արցախում: Խնդրում եմ՝ եկեք վա՛ղը, մի՛ ապահովեք ձեր թռիչքն ամռանը: Եվ եթե այդ ամբողջ ժողովուրդը գա, համոզված եմ, չկա մի ուժ, որը կարող է կոտրել արցախցու ոգին: Բայց հիմա նրանք օգնության կարիք ունեն: Երեք այցելությունից հետո մի կողմից՝ ուրախ էի տեսնել ընկերներիս, սիրածս բնապատկերները, շնչել հոգուս համար այնքան կարեւոր Արցախի օդը, բայց մյուս կողմից՝ տխուր վիճակ է: Մարդիկ կորցրել են իրենց ընտանիքները, ընկերներին, տները, նույնիսկ մարմնի որոշ մասեր եւ վախենում են ապագայից: Այնուամենայնիվ, նույնիսկ եթե ունեմ ուրախության եւ տխրության այս կրկնակի զգացումը, ես որոշեցի քայլել «Ճանապարհ թրեյլով», որը դեռ մեր վերահսկողության տակ է: Քայլեցի Քոլատակից Գանձասար՝ անտառի միջով անցնող շատ գեղեցիկ մի հատվածով, բաց դաշտերով ու գյուղերով Հակոբավանքից հասա մինչեւ Վանք գյուղ: Ֆանտաստիկ էր: «Ճանապարհի» կայքում հրապարակեցի, որ մենք շարունակում ենք քայլել այդ ճանապարհով, որպեսզի բոլորին ցույց տանք, որ նույնիսկ եթե գրավել եք մեր տարածքի 75 տոկոսը, մենք դեռ շարունակում ենք այնտեղ լինել: Պարտվելու պատճառ չկա. մի՞թե Աստվածաշնչում է գրված, որ Արցախը պետք է պատկանի Ադրբեջանին: Այն մեր ձեռքին է՝ Արցախի բնակչության, Հայաստանի Հանրապետության հայերի եւ ինձ նման օտարազգիների: Մենք կարող ենք վերահսկել իրավիճակը, նույնիսկ եթե թվում է, թե Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, Արեւմուտքը չեն կարող վերահսկել այն, բայց մենք կարող ենք ամբողջ աշխարհի նորմալ մարդկանց միավորել Արցախին աջակցելու համար: Եթե սփյուռքահայերը գրեթե ոչինչ չանեն, այդ դեպքում միգուցե ապագան անհասկանալի է թվում, բայց եթե ժողովուրդը միանա ու օգնի, վստահ եմ, որ մենք երբեք չենք կորցնի Արցախը:
-Ի՞նչ կարող է սովորել Իսրայելի ժողովուրդը հայերից եւ հակառակը:
-Կարծում եմ՝ շատ բաներ կան, որ մենք պետք է սովորենք հայերից: Առաջինը՝ քաղաքավարություն: Հասարակական տրանսպորտում ամենուր տեսնում ես, թե ինչպես են մարդիկ հարգում միմյանց՝ նստելու տեղերը զիջելով կանանց ու տարեցներին: Հետո, հայկական հյուրասիրությունը շատ օրինակելի է: Արցախում ինձ հյուրընկալում են՝ նույնիսկ իմանալով, որ ես քրիստոնյա չեմ եւ Ադրբեջանին զենք վաճառող երկրից եմ: Պարզապես հիանալի են ձեր ընտանեկան հարաբերությունները, ձեր հավաքույթները, այն, որ ձեր տան դռները միշտ բաց են հյուրերի առջեւ: Մի քանի տարի առաջ ես եւ կինս միացանք Գալիլեայի մեր տանը ճանապարհորդներին անվճար հյուրընկալելու նախագծին: Շատերը մեզ չէին հասկանում, թե ինչպես է հնարավոր հյուրընկալել օտարների: Դա Իսրայելում անսովոր է, բայց իմ հայ ընկերներից սովորեցի, որ դա շատ նորմալ է ու բնական: Արցախում նույնիսկ նեղանում էին, երբ ուզում էի վճարել իրենց հյուրընկալության համար: Կցանկանայի նշել նաեւ մշակույթը. Իսրայելը շատ նոր ազգ է, չնայած հրեական կրոնը շատ հին է: Չունենք հին մշակույթ, այն նոր է ու չզարգացած, մինչդեռ այստեղ դուք ունեք հին ավանդույթներ՝ տոնախմբություններ, արվեստներ, ուտելիքներ: Յուրաքանչյուր հայ իր «ուղեբեռում» կրում է պատմության մի մեծ փաթեթ: Անցնում ես փողոցներով ու տեսնում Սայաթ-Նովայի, Կոմիտասի կամ Մոնթե Մելքոնյանի դիմանկարները. դուք հպարտ եք ձեր ժառանգությամբ, հարուստ ժառանգությամբ մի ժողովրդի, որը միշտ խաղաղություն է ուզել, որը երբեք որեւէ մեկի չի վնասել, պարզապես ցանկացել է պաշտպանել իրեն: Նույնը չես տեսնի Թուրքիայում. նրանք հպարտանում են փոքրամասնություններին սպանելով:
Իսկ թե ի՛նչ կարող են հայերը սովորել հրեաներից. դե, մենք շատ տարանջատված ժողովուրդ ենք: Կան աշկենազի հրեաներ, սեֆարադ հրեաներ, շատ կուսակցություններ, մարդիկ անընդհատ կռվի մեջ են, նույնիսկ մի տեսակ ռասիզմ ունեն միմյանց նկատմամբ, բայց ինչպես արդեն նշեցի, վճռորոշ պահերին մենք միշտ համախմբվում ենք, համագործակցում: Դա է պատճառը, որ Իսրայելը երբեք չի պարտվել: Ուրիշ մի բան էլ նշեմ: Իսրայելը փորձում է բանակցություններ չվարել «կրակի տակ»: Սա շատ վատ է հարձակման ենթարկված կողմի համար:
Բռնությունը պետք է դադարեցվի, նոր միայն բանակցեն: Վերջերս գնդակոծվեցին Ասկերանի երկու փոքր գյուղերը, բայց դա չխանգարեց Հայաստանի կառավարությանը բանակցել Ադրբեջանի հետ: Եթե դուք բանակցում եք կրակոցների ներքո, դուք պարտվում եք: Սա առաջին օրենքն է, որ ձեր կառավարությունը պետք է սովորի Իսրայելից: Իսրայելցիները նույնպես խելացի գտնվեցին եւ զարգացրին զենքի լավ արդյունաբերություն՝ պաշտպանելու իրենց երկիրը, ինչպես նաեւ նրանք զենք են արտահանում շատ երկրներ, քանզի զենքի արդյունաբերությունը չես կարող միայն տեղական շուկայի համար զարգացնել: Միակ խնդիրն այն է, որ Իսրայելը, համեմատած այլ երկրների, զենք է վաճառում նաեւ բռնապետություններին: Արեւմտյան երկրներն արգելում են զենք վաճառել Ադրբեջանին, աֆրիկյան որոշ երկրների, բայց Իսրայելին չի հուզում՝ ո՛ւմ է զենք վաճառում: Սա մի բան է, որին ես դեմ եմ:
-Հայաստանի իսրայելցի բարեկամների փոքր խումբն ունի՞ արդյոք որոշակի մեխանիզմներ, թեկուզ աննշան, ազդելու Իսրայելի կառավարության վրա՝ փոխելու վերջինի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
-Հենց այսօր հանդիպեցի մի տեղացի քաղաքական գործչի, եւ մենք քննարկեցինք այն հարցը, որ խելամիտ կլինի աշխարհում ինչ-որ տեղ գտնել հարուստ մի իսրայելցու եւ նրան տալ Հայաստանի պատվավոր հյուպատոսի պաշտոնը՝ երկու երկրների միջեւ կապերը զարգացնելու եւ հայկական շահերի համար գումար ծախսելու համար՝ կազմակերպելով միջոցառումներ, ազդելով լրատվամիջոցների վրա եւ այլն: Իրականում Իսրայելում ունենք հայազգի պատվո հյուպատոս, բայց մեզ ավելին է պետք: Վերջին ամիսներին մենք ունենք Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպան, ինչը կարեւոր է, քանի որ այս տարիների ընթացքում ոչինչ չենք ունեցել. բացի հայ համայնքից, միայն ես էի ու էլի մի քանի հոգի, որ ներկայացնում էինք Հայաստանի եւ Արցախի հիմնախնդիրները, սակայն՝ ոչ պաշտոնապես: Ասեմ, որ շուտով մենք պատրաստվում ենք իսրայելցիների մի ֆորում կազմակերպել Հայաստանին աջակցելու համար: Հուսով ենք, որ ականավոր հայագետ Մայքլ Սթոունը այլ մտավորականների հետ կմիանա մեզ, եւ մենք կդառնանք Հայաստանի ձայնը Իսրայելում: Իհարկե, մենք կհամագործակցենք Հայաստանի դեսպանատան եւ տեղի համայնքի հետ, ինչպես նաեւ կփորձենք ներգրավել իսրայելցի գործարարների՝ Հայաստանում համագործակցության եզրեր գտնելու համար: Մենք չենք կարող մրցակցել Ադրբեջանի հետ մեծ գումարներով, բայց կարող ենք գոնե նման նախաձեռնություն սկսել: Ես ինքս շարունակելու եմ հոդվածներ գրել, զբոսաշրջիկներ բերել, հարցազրույցներ տալ, կապեր հաստատել: Յուրաքանչյուր զբոսաշրջիկ, որին բերում եմ Իսրայելից, դառնում է Հայաստանի բարեկամը: Վստահ եմ, որ սա իմ առաքելությունն է…
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ