Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Նման հայտարարություններով հայկական պետականությունը վտանգի տակ է դրվում․ Արցախի ԱԺ պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին

Այսօր միակ կողմը, որն Արցախի զինված ուժերի հետ կանգնած է շփման գծում և ապահովում է արցախահայության անվտանգությունը, ռուս խաղաղապահներն են։ Այս իրավիճակում խաղաղապահների վրա բարդելով սեփական սխալները՝ սպառնալիքի տակ է դնում հայկական պետականությունը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ խաղաղապահների արդյունավետությունը կասկածի դնող այսօրվա հայտարարություններին։

«Առաջին անգամը չէ, որ Նիկոլ Փաշինյանն իր ու իր գլխավորած կառավարության ձախողումները փորձում է բարդել ուրիշների վրա։ Այդպես եղավ 44-օրյա պատերազմի ժամանակ, այդպես է նաև հիմա։ Փոխանակ երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու՝ փորձում է պատասխանատվության վեկտորներն ուղղել այլ կողմերի վրա»,-նկատում է պատգամավորը։

Գալստյանը վարչապետի գործելաոճի տրամաբանությունից ենթադրում է, որ հաջորդն էլ, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքն է նույն կերպ մատուցվելու։ Սեփական սխալները, որոնց հետևանքով հայկական երկու պետություններն այսօր լուրջ մարտահրավերների առաջ են կանգնած, ըստ Գալստյանի, այլ կողմերի վրա բարդելով՝ Փաշինյանն ամեն կերպ փորձում է պահել վարչապետի աթոռը։

Պատգամավորը հիշեցնում է՝ 2020թ․ նոյեմբերի 9-ի համաձայնագրի տակ ստորագրություն է դրել Նիկոլ Փաշինյանը և հետո փորձել արդարանալ, թե ինքը չէ պատերազմի ու դրա հետևանքով ունեցած հսկայական կորուստների պատասխանատուն։

«Ինչքան Նիկոլ Փաշինյանն իշխանության լինի Հայաստանի հանրապետությունում, բոլոր մեղքերը բարդելու է ուրիշների վրա»,-համոզված է Դավիթ Գալստյանը։

Աղբյուր` Փաստինֆո