Հայկական զույգ պետություններն անկախությունից հետո այսօր գտնվում են իրենց պատմության ամենավտանգավոր ոլորանում։ Պատկերացրեք՝ ավելի վտանգավոր, քան նույնիսկ 44- օրյա պատերազմի ժամանակ ու դրան անմիջապես հաջորդող ամիսներին։ Այն, ինչ դեռեւս չէր հաջողվել անգամ պատերազմով՝ մեր թշնամին հիմա ուզում է ստանալ փաստաթղթերով ու համաձայնագրերով, ընդ որում՝ նրան էլի չի խանգարում մեր դաշնակիցը, որը նաեւ մեր թշնամու դաշնակիցն է։ Հավատալ, որ ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում գտնվող եւ Արցախը սնող գազատարը ադրբեջանական կողմն ինքնագլուխ էր պայթեցրել ու հիմա էլ ուղղակի փակել՝ կնշանակի վերջին միամիտը լինել։
Ի՞նչ են, ուրեմն, հասկացնում մեզ մեր թշնամին ու դաշնակիցը միասնաբար։Ի՞նչ են հասկացնում մեզ՝ մարտի 8-ից արդեն սկսյալ սառեցնելով 120 հազար արցախցիներին եւ կոլապսի հասցնելով Արցախի՝ գազով աշխատող ենթակառուցվածքները, ընդհանրապես՝ Արցախը հումանիտար աղետի առջեւ կանգնեցնելով։ Եւ ինչո՞ւ է դա տեղի ունեցել հիմա, երբ ռուս-ուկրաինական բախումների վերջը չի երեւում, երբ թվում է՝ մեր տարածքում եղած անհանգիստ վիճակը պիտի որ մեր դաշնակցի համար աննպատակահարմար լիներ, եթե երկրորդ ճակատ չի ուզում։ Ի՞նչ է հասկացնում թշնամին՝ մի ձեռքով իր 5 առաջարկները ներկայացնելով Հայաստանին, մյուս ձեռքով լարվածություն ստեղծելով բուն Հայաստանի սահմաններին եւ տարբեր ձեւաչափերով սպառնալիքի լեզուն բանեցնելով։ Կամ Ադրբեջանը կարո՞ղ էր ռուսների քթի տակ գազատար պայթեցնե՞լ, փական փակե՞լ, առանց դիմադրությա՞ն։
Հոդաբաշխ բացատրություններ այս ամենին իշխանության ներկայացուցիչները չեն տալիս, ուղիղ հարցերին հնչում են խուճուճ կամ դիվանագիտորեն ծռմռված պատասխաններ։ Բայց անգամ կառավարության վերջին նիստին չգիտես ինչ գնով խաղաղության գործընթաց սկսելու պատրաստ վարչապետն էր նույնիսկ ստիպված խոստովանել, որ Արցախի գազատարը պայթեցնող եւ Արցախի գազը փակող Ադրբեջանի դրվագի շնորհիվ միջազգային հանրությունը Ղարաբաղի հիմնախնդրի էությունը կարող է հասկանալ առանց 100-ավոր էջեր թերթելու, պատմության նրբություններն ուսումնասիրելու, այն է՝ Ադրբեջանի քաղաքականությունը արցախահայության նկատմամբ արցախցիների ապրելը սեփական հայրենիքում անհնար դարձնելն է։
Արդյոք Արցախի հանդեպ գազային սաբոտաժը ենթադրում է մի շարք պարտադրանքներ, օրինակ, ինչպես համացանցում տարածված լուրերն են պնդում՝ հայկական զորքն Արցախից լիովին դուրս բերելու, Արցախը հայաթափելու, Արցախը նվազագույնը՝ Ռուսաստանի կազմ , առավելագույնը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմամբ Ադրբեջանի կազմ մտցնելու։ Արդյոք ադրբեջանցիք ուզո՞ւմ են Արցախի նկատմամբ իրականացնել Նախիջեւանում տեղի ունեցածը։ Արդյոք այս բոլորն արվում է՝ Հայաստանին պարտադրելու ստորագրել աննպաստ համաձայնագիրը։ Արդյոք սա առավել ընդգրկուն ծրագրի մի բաղադրիչն է, հաջորդիվ ավելացնելով մեզ ուղղված պարտադրանքները. հետո արդեն Հայաստանի գազը կփակեն՝ ըստ պարտադրանքի բովանդակության։
Մի՞թե ակտիվացած ռուսամոլներն ու միութենական պետության հայ կողմնակիցները հինգերորդ շարասյուն են, ինչպես ընդունված է ասել, մեր իսկ պետության ներսում, տրոյական ձիեր, որոնք ամեն ինչ անում են՝ հանձնելու նախ Արցախը, հետո նաեւ մեր պետականության բանալիները։ Եւ արդյոք երեւացող քարոզիչների կողքին ավելի ստվար զանգված չկա, այդ թվում՝ բարձր պաշտոնյաներ, որոնք տակից կողմ են պետականության կորստին՝ հանուն ապահով կյանքի։
Առանց հասկանալու, որ պատերազմող Ռուսաստանի ապահով կյանքը եւս հայտնվել է մեծ հարցականի տակ՝ նրա հանդեպ կիրառվող պատժամիջոցների, տնտեսության դժվարին վիճակում հայտնվելու պատճառով։ Ամեն ինչ խառնվել է իրար՝ ռուս-ուկրաինական պատերազմով։ Հիմա Հայաստանում այնպիսի անհամարժեք քայլեր կտեսնես, որ կմնաս արմացած-զարմացած՝ մի՞թե այդ աստիճան 30 տարում արժեզրկվել է պետականության, պետություն ունենալու երջանկության գաղափարը, որ կարող են այլ պետությունների քաղաքականությունը պաշտպանող ոչ կենտ ցուցարարներ հայտնվել այս ու այն դեսպանատան մոտ, իսկ այս ու այն հեռուստաալիքով կարող են ռուսամոլության կամ արեւմտամետության բացահայտ քարոզ անել։ Բոլոր դեպքերում ապրում ենք այնպիսի ժամանակներ, որոնք անդարձելի կորուստներով են հղի, ու Աստված խելք տա հայ ժողովրդին՝ կանգնեցնելու Արցախի եւ մեր իսկ պետականության կորուստը։
Խորհրդարան՝ երկրի արտապատկեր
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պարզ դարձավ, որ իշխող մեծամասնությունն արդեն մտածում է պատասխանատվության բեռը գոնե ֆորմալ առումով մի հոգուց, տվյալ դեպքում՝ վարչապետից նաեւ այլ ֆիգուրների վրա դնել։ Մտածվա՞ծ է արվում դա, թե՞ պատահականորեն՝ մեր կարծիքով առաջինը։ Դիրիժորն առաջիկայում երկատելու , եռատելու է պատասխանատվության չափաբաժինը, ու հարց է առաջանում՝ արդյոք դա արվո՞ւմ է ամենավատ որոշումնրից առաջ, որոշակի նպատակով։
Այս անգամ (իսկ միգուցե՝ արտաքին ֆոնի լարվածության պարագայում դա էլ բնական է) այդ ֆիգուրը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էր, որը խորհրդարանում պատասխանեց բոլոր այն հարցերին, որոնց առաջ վարչապետն էր պատասխանում՝ հանրության մեջ բավական դիմակայություն առաջացնելով։ Միրզոյանն այս անգամ պատասխանում էր Արցախի եւ Հայաստան-Ադրբեջան տիրույթի բոլոր հարցերին՝ դիվանագիտորեն խուսափելով որեւէ հստակ տեսակետ հայտնել, թե արդյոք կարո՞ղ է բացառել Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելը։ Ընդհանրապես ՝ հայ պաշտոնյաների վերջին շրջանում արտահայտած շատ թերասածություններ ստիպում են մեզ մտահոգվել Արցախի եւ անգամ բուն Հայաստանի ապագայով։ Աղվան Վարդանյանի այն հարցին, թե Ադրբեջանի հետ հնարավոր համաձայնագրի ստորագրումը ի՞նչ ընթացակարգ պետք է անցնի, ու այնտեղ հանրաքվեն կարո՞ղ է դեր խաղալ, ի պատասխան Միրզոյանը նոր շեշտադրում արեց, թե որ հարցն իր համար նոր է, պետք է ուսումնասիրել, ոչինչ չի բացառվում։ Սակայն նրան հետո ուղղեց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, նշելով, որ միջպետական պայմանագրերի հետ կապված հանրաքվեի ընթացակարգ չի նախատեսված, համաձայնագրերը վավերացվում են ԱԺ-ում, ՍԴ-ում սահմանադրականության ստուգում անցնում։ Ու հաստատ՝ Անդրեասյանին ուղղորդել էր վարչապետը։
Այսի՞նքն. որեւէ կառավարության թվում է, թե հայության համար ամենակենսական հարցերը կարող է լուծել միայնակ, մեկ-երկու հոգով նոր թղթեր ստորագրելո՞վ, մեր սահմանները ադրբեջանցիների ախորժակով գծելո՞վ։ Բա հանրաքվեի գործիքն ի՞նչ անելու համար է։ Կամ, ինչպես կառավարության նիստին Փաշինյանն էր ասում՝ Երասխից դիրքերն հետուառաջ անելով հարցի լուծումը պատկերացնելո՞վ։ Ում երկրի սահմաններն ե՞ք առանց հանրաքվեի հետուառաջ անում որ…
Ադրբեջանցի եւ ռուս զինվորականները հանդիպում եւ նոյեմբերի 10-ի հայտարարությամբ իբր նախատեսված՝ Ադրբեջանի տարածքն ապօրինի զավթած հայկական զորքի դուրսբերումն են քննարկում (խոսքը հավանաբար Արցախի տարածքի զինուժի մասին է, փաստորեն Արցախի զինաթափման մասին է խոսք գնում), մերոնք մերժում ստանալուց հետո էլի հայելային հետքաշման վրա են կանգնել-մնացել ու խաղաղության պայմանագիր ստորագրելու մասին ե՞ն քննարկում։ Ի՞նչ է, Հայաստանն այլեւս Արցախի անվտանգության երաշխավոր չէ՞, լրի՞վ է զիջել ռուս խաղաղապահներին, որոնք ադրբեջանցիների հետ փաստորեն քննարկում են Արցախը զինաթափելու հարցը։ Իսկ ո՞վ է երաշխավոր, որ խաղաղապահների ներկայության 5 տարին լրանալուց հետո (իսկ միգուցե՝ ավելի շուտ, քանի որ ոչ ոք չգիտե, թե ինչպես կավարտվի կամ որքան կձգվի ռուս-ուկրաինական հակամարտությունը), երբ ռուս խաղաղապահները լքեն Արցախը, ադրբեջանական զորքը չի մտնելու Արցախ։
Թե՞ մինչ այդ Արցախը հայտնվելու է Ռուսաստանի կազմում։ Հետո էլ, ինչպես 100 տարի առաջ է եղել հայկական տարածքներում, ռուսները հեռանալու են՝ ապահովելոով Արցախի փափուկ հանձնումն իր դաշնակից Ադրբեջանին։Հարցեր, որոնց պատասխանները ոչ մի կերպ հնարավոր չէ ստանալ Հայաստանի պատասխանատուներից։
Այլապես ի՞նչ է նշանակում Արարատ Միրզոյանի այն միտքը, որ այժմ առանցքային են ԼՂ հայության իրավունքները, եւ ավելին՝ այդ իրավունքներն ու ԼՂՀ կարգավիճակի հարցը դիտարկվում են Հայաստան-Ադրբեջան համապարփակ կարգավորման օրակարգում։ Բա ավելի վաղ ասում էիք՝ Հայաստանի սահմանագծումը կապ չունի՞ Արցախի հարցի հետ։ Ձեռք ե՞ք քաշում Արցախից։ Չէ՞ որ Ադրբեջանը չի թաքցնում, որ Արցախի հարց այլեւս գոյություն չունի, պատերազմով այդ հարցը լուծել է։
Կամ որ անընդհատ կրկնում եք Մինսկի խմբի համանախագահության մանդատով Արցախի կարգավիճակի հարցը լուծելու մասին, գոնե պատկերացնում ե՞ք, որ այդ խմբի գոյությունն արդեն իսկ կասկածի տակ է՝ նրա անդամ, Ադրբեջանի դաշնակից Ռուսաստանը հակամարտության մեջ է նրա մյուս անդամների՝ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ, համենայնդեպս՝ այդ երկրների սահմանած պատժամիջոցների տակ է, հակամարտողներով մի մանդատի տակ ո՞նց կարող են շահերի բախում չունենալ։ Եւ առհասարակ՝ դեռ երկար այդ մանդատը կարող է սառեցված մնալ։
Այսպիսի անհասկանալի իրավիճակում ի՞նչ խաղաղության պայմանագրի շուրջ է բանակցում Հայաստանը Ադրբեջանի հետ, ո՞ւմ պարտադրանքին է տրվում, երբ որ ամեն օր պարտադրանքի վեկտորը կարող է փոխվել։
Այդպիսով գանք Ադրբեջանի՝ մեզ ներկայացրած 5 պահանջին, ու մեր՝ նրանց ուղարկած պահանջներին, որի մասին Արարատ Միրզոյանը, Զոյա Կոսմադենյանսկայայի կերպարով, այդպես էլ հստակ որեւէ բան չի ասում, այդ թվում՝ Արցախի հետագա կարգավիճակի ու մեր սահմանների հետ կապված, հղում անելով Արմենպրեսին տված իր հարցազրույցին, որպես միակ աղբյուր։ Այ քեզ բան։ Ի՞նչ հարցազրույց, դուք պաշտոնյա եք, թե՞ հարցազրույցի կողմ, եւ ինչո՞ւ պաշտոնական ձեւաչափով մինչեւ վերջին ստորակետը չբացահայտել մեր հակապահանջները, երբ Ադրբեջանն իր պահանջները հրապարակել է։ Իմանանք, էլի, ինչ է գալու մեր գլխին, երկիրը ոչ մեկի հոր դուքյանը չէ, այդ թվում արտգործնախարարի, նա ընդամենը մեր վարձած պաշտոնյան է։ Իսկ եթե վախենում եք, որ ամեն ասված բառին կարող են հետեւել ադրբեջանցիների ու ռուսների նոր պահանջները, ուրեմն եկեք ընդհանրապես վախից տնից դուրս չգանք, թողնենք մեզ հետ ով ինչպես ուզում է՝ վարվի։
Վերադառնանք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ այսպես կոչված խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի ու մեր իշխանությունների պատկերացումներին՝ առաջինները հստակ ձեւակերպմամբ, երկրորդները Արմենպրեսին Արարատ Միրզոյանի հարցազրույցից քաղած ենթադրություններով։
Ադրբեջանը նախ իր մշտական պահանջն է ներկայացնում՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում, փոխադարձ տարածքային պահանջների բացառում, սա ենթադրում է Արցախն Ադրբեջանի տարածքում ներառում՝ ի՞նչ ազգերի ինքնորոշում, ինչ բան։ Ապա՝ Հայաստանի սահմանների սահմանազատում ու սահմանագծում, հաղորդուղիների ապաշրջափակում՝ իր պայմաններով (գիտեք՝ Զանգեզուրի միջանցք եւ այլն)։
Արարատ Միրզոյանն ասում է, որ դեռևս 1991 թվականի դեկտեմբերի 8-ին համատեղ ստորագրելով «Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին» համաձայնագիրը, արդեն իսկ ճանաչել ենք միմյանց տարածքային ամբողջականությունը եւ ընդունել, որ չունենք միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ։
Հա՞, բա ինչ գործ ունեն ադրբեջանցիք Սեւ լճի, Ներքին Հանդի մոտակայքում եւ այլ մեր սահմաններին մոտիկ։ Բայց համ էլ դա պետք է նշանակի, որ Ադրբեջանը ոչ մի կերպ չի կարող հավակնել այդ ժամանակ արդեն իսկ ինքնորոշված Արցախին՝ Շուշիով ու Հադրութով ներառյալ։ Այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի որպես հայկական կողմի համար սկզբունքային հարց արցախահայության իրավունքների եւ ազատությունների երաշխավորումը ադրբեջանական կողմից, եւ ԼՂ (եւ ոչ թե՝ ԼՂՀ, ինչպես որ հարկ է լիներ Միրզոյանի խոսքում) կարգավիճակի վերջնական հստակեցման պահանջը, չէ որ 1992-ին Արցախն արդեն Ադրբեջանի կազմում չէր։ Էս աստիճանի հակասությու՞ն։
Ու դեռ՝ Հայաստանի սահմանագծման ու սահմանազատման ադրբեջանական պահանջի հետ կապված էլ, ըստ Միրզոյանի, եռակողմ հայտարարություններով ամրագրված այս դրույթի վերաբերյալ պայմանավորվածությունները պետք է լիարժեք կյանքի կոչվեն։ Դե իսկ հայկական առաջարկները՝ զորքերի հայելային հետ քաշման եւ միջազգային մոնիթորինգի ներդրմամբ սահմանազատման մեկնարկով՝ արդեն իսկ մերժվել են Ադրբեջանից։
Հիշեցումը, թե մեր ԱԳՆ-ն դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ կազմակերպելու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ՝ հիմք ընդունելով ՄԱԿ կանոնադրությունը, Քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագիրը եւ Հելսինկյան եզրափակիչ ակտը, էլի ոչինչ չի ասում՝ վերեւում գրել ենք ինչ պատճառով։ Մինսկի խումբն այս պահին անգործունակ է եւ դեռ երկար այդպիսին կլինի։ Անկախ նրանից, որ Ադրբեջանն այս առաջարկից նյարդայնանում է, եւ ընդհանրապես՝ այդ առաջարկը, որպես մեկնարկ, վատը չէ, բայց իրականանալի չէ, քանի որ այս պահին դա հնարավոր չէ։
Հա դե՝ կարեւորը, որ հայկական կողմը Ադրբեջանի առաջարկներում անընդունելի ոչինչ չի նկատում, ուղղակի մերոնք դրանք լրացրել են իրենց առաջարկներով՝ հա-մա-պար-փակ, ու փոխանցել Մինսկի խմբի համանախագահությանը, դրանք արդեն փոխանցվել են Բաքվին, իսկ Բաքուն լռում է։ Բայց դե կարեւորն այն է, որ մերոնք ամենօրյա քրտնաջան աշխատանք են տանում, որ գոնե Մինսկի խմբի համանախագահության ներքո ադրբեջանական եւ հայկական առաջարկները քննարկվեն։Անկախ նրանից՝ այսօր Արցախի գազն են փակում, վաղը Հայաստանինը կփակեն, կամ թե էլի կկրակեն ե՛ւ Արցախի, ե՛ւ Հայաստանի սահմաններին։
Եթե մարդկային լեզվի փոխադրենք մեր արտգործնախարարի խոսքից վերծանվող բովանդակությունը՝ կհանգենք հետեւյալին. կատարվում է խաղաղության գործընթացի իմիտացիա՝ հարկավոր պահին չհակադրվելով մեր թշնամու ոտնձգություններին համարժեք կերպով, մինչեւ աշխարհի մեծ խաղացողները լուծեն իրենց խնդիրները ու դառնան մեզ, իսկ մենք առայժմ սխալ բաներ խոսելով չբարկացնենք մեր թշնամուն, որ սա չգազազի ու նորից մեր սահմաններին խնդիրներ ստեղծի, Արցախի հերն էլ անիծած։
Դե իսկ Փաշինյանի՝ կառավարության նիստին ասած այն միտքը, թե աշխարհում եւ տարածաշրջանում լարվածություն թուլացնելու մեր քայլը պետք է լինի խաղաղության բանակցությունները սկսել օր առաջ, սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներն արագացնելու անհրաժեշտությամբ, զորքերի հայելային հետքաշման կողմնորոշիչ որպես խորհրդային սահմանները, էլի անորոշ է եւ բազմաթիվ վտանգներով լի՝ իր անորոշության պատճառով. ո՞ր խորհրդային սահմանները՝ 1970-ի՞, 1988-ի՞, թե՞ 1930-ի։
Ամեն օր մոտեցող վտանգավոր որոշումներին դիմակայելու համար Հայաստանում չկան այն ուժերը, որոնք իշխանության զիջողականության հանդեպ դիմակայություն կստեղծեին, հենց իշխանությանը արտաքին բանակցություններում արգումենտ կտային, Հայաստանից հնչեցնելով հայրենիքին տեր կանգնող ժողովրդային տեսակետներ։
Մեր ընդդիմությունը, որ խորհրդարանում, փոքր բացառություններով, զբաղված է աշխատելու իմիտացիա ստեղծելով, ո՛չ ժողովրդին ոտքի կանգնեցնելու, ո՛չ դժվար պահին Հայաստանի ինքնապաշտպանությունը կազմակերպելու ներուժն ունի։ Ժամանակին Արցախի ճանաչումը կամ նոյենբերիննյան փաստաթղթի աննպաստ կետերը փոխելու պահանջներ չներկայացրած ընդդիմությունը հիմա մեր խորհրդարանում զբաղված է բազմաթիվ նախագծեր առաջարկելով, նախապես իմանալով , որ դրանք մերժվելու են։ Վերջին թարմ օրինակը. «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցություններն Ազգային Ժողովի օրակարգ էին մտցրել «Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի եւ ահաբեկչության վերաբերյալ» Ազգային Ժողովի հայտարարության նախագիծ, որի ընդունումը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պիտի տապալեր ու տապալեց։ Նույնը տեղի ունեցավ նաեւ « Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը կասկածի տակ առնող գործողություններն ու հայտարարությունները քրեականացնելու» ընդդիմության նախագծի հետ։
Թվում էր՝ վերջինն, իրոք, շատ հարկավոր նախագիծ է, եւ եթե խորհրդարանը դա ընդուներ՝ գոնե աշխարհին ցույց կտար դիմակայության նախադեպ հայոց խորհրդարանի կողմից։ Մյուս կողմից, եթե խորանանք, ախր վերջին նախագծի բովանդակությունն ամրագրված է Սահմանադրությամբ, ու ամեն քաղաքական ուժ, ամեն անհատ, եթե համարում է, որ պաշտոնյան ՀՀ Սահմանադրության դեմ քայլ է անում, կարող է դատական գործ սկսել, դիմել ՍԴ, հետո բոլոր ատյաններն անցնելով՝ նաեւ դիմել միջազգային դատարան։ Հակասահմանադրական համարվող քայլի դեմ մի հատ էլ օրենք պետք է ընդունե՞նք։ Սա արդեն վերջն է, սահմանադրական ամեն դրույթ պահպանելու համար, ուրեմն, կարելի է ամեն օր մի նախագիծ բերել, դա, իրոք, գործ կլինի ու կօգնի հաղթահարել Հայաստանի՝ ամեն օր ավելացող մարտահրավերները, բա։
Ճիշտն ասած՝ ինձ համար մեւնույն է, թե մոտեցող մարտահրավերների դեմն ո՞վ կկարողանա առնել՝ իշխանությունը, թե՞ ընդդիմությունը։ Ինձ համար այլեւս անտանելի է նայել սեփական կուսակցությունները պաշտպանող լեզվակռիվները՝ սողացող վտանգներին ընդառաջ։ Համատարած ապատիայի եւ իրոք ժողովրդի վստահությունը վայելող ընդդիմության բացակայությամբ՝ որեւէ մեկը դա պետք է անի, եթե դեռ մեր մեջ չի մեռել պետություն (այդ թվում՝ Արցախը ներառյալ) ունենալու արժանապատվությունը։ Ո՞վ կկանգնեցնի սխալ որոշումները՝ եղած, թե նոր ընդդիմությունը, կամ իշխանության ներսից ծագած դիմակայությունը, չգիտեմ, բայց որ դա այլեւս հրամայական է՝ միանշանակ։ Թե ինչու է ուշանում այն կենտրոնի ստեղծումը, որը ոչ մի մեծ պետության մոլի կողմնակիցը չի լինի, այլ կկազմակերպի սեփական պետության պաշտպանությունը, պետականության կորստի կասեցումը, ինձ համար հանելուկ է։
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ