Մինչ Հայաստանի իշխանությունը խոսում էր խաղաղության գործընթացից, Արցախում թշնամին Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտեց շփման գիծը եւ մտավ Փառուխ։ Դա տեղի է ունեցել երեկ, մարտի 24-ին, ժամը 16։00-ին, ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Այս գյուղը Խրամորթի հարեւանությամբ է, Փառուխի եւ Խրամորթի կանայք եւ երեխաները տարհանվել են։ Արցախի պաշտպանության բանակի, ինչպես նաեւ ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչները բանակցում են՝ կասեցնելու համար թշնամու առաջխաղացումը եւ վերադարձնելու նրանց ելման դիրքեր։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան նույն ժամերին կոչ է արել կողմերին Լեռնային Ղարաբաղում չսրել առանց այդ էլ լարված իրավիճակը, ինչպես նաեւ արագորեն վերկանգնել ընդհատված գազամատակարարումը։ Նաեւ Ադրբեջանին ուղղված Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը՝ Արցախում գազամատակարումը վերականգնելու կոչով հակադարձվել է Ադրբեջանի ԱԳՆ-ի հակառակ կոչով՝ չխառնվել Ադրբեջանի ներքին գործերին եւ կատարել եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները։ Այ քեզ խաղաղության գործընթաց։