Մենք պատմության դառը փորձ ունենք. երբ աշխարհի «գլուխը խառն է», միջնադարից մեզ հետապնդող ու մեր հայրենիքը ծվատելու հարմար առիթ որոնող թշնամին անցնում է գործի՝ հերթական կտորը պոկելու եւ յուրացնելու։ Այսօր էլ, երբ ընթանում է ռուս-ուկրաինական պատերազմը, որը չնայած որոշ հերքումների, համաշխարհային է, մեր անբարյացակամ հարեւանները կրկին փորձում են ինչ-որ բան պոկել մեզանից, եւ կրկին-կրկին արեւմուտքի դրդմամբ, որ անծայրածիր Ռուսաստանին ուղիղ հարվածելու փոխարեն՝ դարձյալ հարմար է գտնում մեր պարանոցն ու թուրքական յաթաղանը։ Նրանք ռուսներին թուլացնելու համար փորձում են հարվածել հարավային Կովկասում նրանց ամենակուռ հենարանին, այսինքն՝ մենք տուժում ենք երկու պատճառով եւ երկու ձեւաչափով։ Առաջինն այն է, որ թուրքերն ուղղակի մեր կենսաբանական թշնամիներն են։ Երկրորդն այն է, որ թուրքերը մեր բարեկամի (եւ դեռ հարց է մնում այս բարեկամության բուն բովանդակությունը) թշնամիների բարեկամներն են։ Այսինքն՝ վերջին օրերին սահմանում տեղի ունեցածի համատեսքտում թշնամական Թուրքիային ու նրա լակոտին՝ Ադրբեջանին պետք է դիտարկել ո՛չ միայն որպես ահաբեկիչ-զավթիչներ, այլեւ՝ միջազգային վարձկաններ, որոնք բացի սեփական աղտոտ իղձերից, նաեւ երրորդ կողմի պատվերով են գործում մեր դեմ։
Այս համատեքստում ստորեւ մեջբերում եմ մեծանուն Ավետիք Իսահակյանի նամակներից մի քանի հատված, որոնք գրված լինելով ավելի քան մեկ դար առաջ, այսօրվա դեպքերի պատճառները մատնանշում են ավելի պարզ ու հասկանալի։ Այսպիսով՝ Իսահակյա՛ն կխոսի։
1920 թվականի մարտի 14-ին բանասեր Սիմոն Հակոբյանին գրած նամակում Իսահակյանը գրում է.
.«Ուրեմն` նորից Զանգեզուրի շուրջ պատերազմ։ Անգլիան ուզում է անպայման ունենալ Ջուղայի բերանը։ Հնար չկա, կորած է թե՛ Ղարաբաղը, թե՛ Զանգեզուրը եւ թե՛ Նախիջևանը։
…Դուք հավատու՞մ եք Թուրքահայաստանի ազատությանը, ես դրան չեմ հավատում, հրաշք պիտի լինի, եթե ազատվի։ Իտալիան անվերջ զինում է Մուստաֆա Քեմալին, Ֆրանսիան գիտենք ինչ է… Անգլիան էլ մյուս կողմից Ադրբեջանին է զինում, խաբում են մեզ։ Բոլշևիկներից էլ հույս չկա, նրանք էլ պանթուրքիստ են դարձել, շատ մռայլ եմ տեսնում գործերը…»։ («Նամականի», կազմեց Արփիկ Ավետիսյան, Երեւան, ԵՊՀ հրատ, 2016, էջ 90)
Մեկ այլ տեղում՝ «…Մեզ մնում է ռուսը… վերջիվերջո ռուս եւ թուրք բախվելու են իրար, Անատոլիան գրավվելու է ռուսների կողմից ուշ կամ կանուխ… ֆրանկո – անգլիական նպատակն է մուսուլմաններին կանգնեցնել ռուսների դեմ, ինչպես եւ ռուսների նպատակն է, բայց էության մեջ թուրքը Եվրոպային համակիր է… Անգլիան եւ Ֆրանսիան հնարքներ են մտածում թուրքին հասցնել մինչեւ Բագու։ Ռուսը նրանց համար հազար անգամ վտանգավոր է, քան իսլամը … Տեսնո՞ւմ ես, թե ի՞նչ է խորհում Եվրոպան. թուրքերով պատնեշ ստեղծել ռուսի դեմ։ Եվ եթե մեր ղեկավարները հասկանային այս՝ Ղարսը կորցրած չէին լինի եւ 6000 հայ հողի տակ դրած…»։
Իսկ Հ. Օհանջանյանին էլ մի առիթով գրում է. «Ձեզ մատաղ, ամեն բան արեք Ղարաբաղը, Լոռին չկորցնեք։ Սեբաստիա, Կեսարիա հայերիս սրտին բան չեն ասի, իսկ Ղարաբաղ, Սյունիք, Դավիթ Բեկ… Անկարելի է, եւ, վերջապես, ղարաբաղցուն չի կարելի ընկճել։ Մելիքների որդիները նորեն ռուսներին կբերեն, թուրքերը չեն կարող նրանց տեր լինել… Երբեք»։ (Նույն գրքում, էջ 78)
Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ