Մշակութային ներկայության հիշեցում՝ պարսից լեզվի մայրաքաղաքի ընտրությամբ

Հայտնի է, որ աշխարհի բազմաթիվ պետություններ դեռեւս վաղ ժամանակներից իրենց ազդեցության գոտիներում ամրապնդում էին սեփական դիրքերը ու պաշտպանում շահերը, այդ թվում՝ նաեւ լեզվի տարածման միջոցով: Մեր ժամանակներում եւս լեզվի գործոնը շարունակում է կարեւոր նշանակություն ունենալ: Հետխորհրդային տարիներին նորանկախ հարեւան պետությունների հետ հարաբերություններում իրանական կողմը հաճախ է այդ ուղղությամբ հանդես գալիս տարբեր նախաձեռնություններով:
Օրերս Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ իրանագիտության միջազգային մրցանակի նախագծի մշակումն ավարտվել է: Պաշտոնյան տեղեկացրել է, որ մոտ ապագայում կանցկացվի պարսից լեզվի մայրաքաղաքի ընտրությունը: Ակնհայտ է, որ անկախ այն բանից, թե որ քաղաքը կհավակնի դառնալ պարսից լեզվի մայրաքաղաքը, միանշանակ է, որ իրանական կողմից տվյալ ուղղությամբ նախատեսվում են լեզվա-մշակութային ծրագրերի իրականացում:
Հետաքրքրական է, որ աշխարհում պարսից լեզվի ուսուցման ոլորտում ակտիվ ինստիտուտների 8-րդ ամենամյա ժողովում նշելով, որ իրանական ինքնությունը դրսեւորվում է պարսից լեզվում, Խաթիբզադեն նկատել է, որ պարսկերենը տարածված է Իրանի՝ 450 միլիոն բնակություն ունեցող հարեւան երկրներում:
Հարկ է նկատել, որ պատժամիջոցների եւ դրանց սպառնալիքների պայմաններում անգամ շարունակում է առաջնահերթ նշանակություն ունենալ պարսից լեզուն տարածելու ու պահպանելու ԻԻՀ արտաքին գործերի նախարարության քաղաքականությունը: Այդ մասին է վկայում Խաթիբզադեի այն պնդումը, որ պարսից լեզվի վերականգնմանը նվիրված ծրագրերում խնդիրներ են ծագել իրանաֆոբիայի պատճառով, սակայն արտաքին գործերի նախարարությունը հետամուտ է եղել պարսից լեզվի ուսուցման հաստատություններին աջակցելու հարցին, միջբուհական համագործակցություններին, կրթաթոշակների ավելացմանը եւ պարսից լեզվի փառատոների անցկացմանն ու մրցանակների շնորհմանը:
Ըստ էության, պաշտոնական Թեհրանի ռազմավարական ծրագրերում որոշակի տեղ է հատկացվում լեզվի գործոնին: Ավելին՝ քննարկվում է նրա դերի վերականգնման հարցը, որի համար էլ փաստորեն նախատեսվում են իրականացնել վերոնշյալ նախաձեռնությունները: Անկասկած, այդ նախաձեռնություններից կարեւորը վերոնշյալ ժողովի անցկացումն էր մարտի 6-ին՝ Սաադի հիմնադրամի եւ Իրանի արտաքին գործերի նախարարության համագործակցությամբ:
Վերոնշյալի համատեքստում հիշարժան է նաեւ «Նիզամի Գյանջավին եւ ազգային ինքնությունը» խորագրով տեսակոնֆերանսի կազմակերպումը մարտի 7-12-ին: Կոնֆերանսի շրջանակներում ելույթ կունենան պարսկական մշակույթի եւ գրականության ոլորտի հետազոտողներ: Ի դեպ, իրանական օրացույցում մարտի 12-ին նշվում է պարսկական գրականության ականավոր գործիչ Նիզամի Գյանջավիի (1141-1209) հիշատակի օրը: Ինչպես ծանոթ է, ադրբեջանցիք, պարսկական գրականության ուրիշ շատ ներկայացուցիչների շարքում անվհատ փորձ է կատարում յուրացնելու նաեւ նիզամիին:
Այսպիսով, պարսից լեզվի մայրաքաղաքի ընտրության կազմակերպումը յուրօրինակ փորձ է հարեւան երկրներին իրանական քաղաքակրթության ներկայության հիշեցման, ինչպես նաեւ դիրքերի ամրապնդման համար:
ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ
Իրանագետ
