«Տաղարան» համույթը ներկայացրեց Սեդրակ Երկանյանի «Հայկական խճանկար» շարքի հերթական շարանը
Մի քանի ոտք բահ խփիր հայոց հողին, եւ ընդերքից երկրի քարուկոշտ երեսին կամ առաջին վայրի հացահատիկի դաշտավայրերի սեւահողին կհայտնվեն հայ հին քաղաքակրթության վկայություններ: Ոչ միայն հնագիտական արշավախմբերը, այլ նաեւ հողի հասարակ մշակները որքա՜ն անգին վկայություններ են գտել մեր պատմությունից՝ սկսյալ անհիշելի ժամանակներից, հողի կուրծքը ճեղքած արկերն ու սակրավորների բահերը վերջին երեսուն տարիների Հայրենական պատերազմին հողի խորին շերտերից ինչքա՜ն անբառ – խոսուն վկայություններ են կորզել… Հայկականության կնիքը նաեւ մեր երգերում եւ նվագներում է, որ ժամանակին ձայնագրել, թղթին են հանձնել բանահավաքչությամբ, եւ այդ ծո՜վ նյութը երեկ, այսօր եւ վաղը այն թանկագին ատաղձն է, որի հենքի վրա ստեղծվել, ստեղծվում եւ ստեղծվելու են նոր ստեղծագործություններ՝ պահպանելով հնոց արվեստի ողջ հմայքը, բայց եւ կրելով արդի կոմպոզիտորների ձեռագրերի յուրահատկությունները:
Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր մաեստրո Սեդրակ Երկանյանի «Հայկական խճանկարների» շարքն այս իրողության ցայտուն վկայությունն է: Առայժմ ստեղծված են այդ շարքի վեց մասերը՝ յուրաքանչյուրն՝ ինքնատիպ կառույցով, պարեղանակների, աշխատանքային, կենցաղային, սիրո, պանդխտության ժողովրդական երգերի եւ նվագների ճաշակավոր համահյուսքով, այնպես կառուցիկ եւ ներդաշն՝ մի մեղեդին մյուսին, որ ասես իրար շարունակություն լինեն, ամբողջության մեջ՝ էպիկական պատումներ, որոնք ունկնդրի մոտ ստեղծում են կորուսյալ աշխարհների տեսլականը, իսկ գուցե թե՝ ո՛չ ամբողջությամբ կորուսյալ… Քանի որ մշակույթը միայն ցուցանքի համար չէ ու ոչ միայն աչք եւ ունկ շոյելու, այլ կրթիչ, վերափոխող, մաքրագործող, հայրենանվեր ու մարդասիրական գործողությունների մղող…
Մի քանի կյանքը բավարար չի լինի մշակելու այն նյութը, որ պահպանվել է թղթերի վրա նվիրյալների բանահավաքչության շնորհիվ՝ ասում է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ մաեստրո Ս. Երկանյանը: Նրա ստեղծած հորովելների շարքերը, հայկական պարեղանակները, երգերի մշակումները տասնամյակներ շարունակ հնչում են բեմերից, եւ դրանց հեղինակի ձեռագիրն անշփոթելի է՝ նվագների մշակման կոմիտասյան մաքրությամբ, գործիքավորումների «գուներանգների» նրբաճաշակությամբ: «Հայկական խճանկարները» սկսել է ստեղծել 2020-ից, շարքի առաջին պրակը կատարվել է ուղիղ մեկ տարի առաջ «Տաղարանի» համերգին: 2021-ին Երեւանի կամերային երաժշտության տան բեմին եղան «Հայկական խճանկարների» եւս երեք պրեմիերաներ: Եվ ահա ս.թ. փետրվարի 10-ին շարքի «Հա՜յ, յա՛ր, ամմա՜ն» խորագրով շարանի առաջնախաղն էր. ինչո՞ւ առաջնախաղ. քանի որ նրանում յուրատիպ դերաբաշխում կար, այնպես որ յուրաքանչյուր նվագարան հնչի առանձնակի գեղեցկությամբ, որ յուրաքանչյուր երգիչ ունենա իր մեներգը, որ գեղջկական միջավայրի կենդանի միջավայրում հնչեն պարեղանակները՝ ինչպես տոտեմական ժամանակների հիշատակումներ, որպես ծիսական արար: Հայոց երաժշտարվեստի մաքրամաքուր ակունքներից քաղված մեղեդիների եւ երգերի մեծ մասը մեզ անծանոթ են. այս թանկարժեք «պեղածոները»՝ պարեղանակներ ու երգեր, ստեղծվել են տարբեր տարածաշրջաններում, հաճախ պահպանվելով մեկ բնակավայրի սահմաններում, քանի որ հայոց լեռնաշխարհում գյուղերը բաշխված էին լեռ առ լեռ, խորխորատ առ խորխորատ, ու թե հաղորդվում էին հարեւան բնակավայրերին, ապա՝ արդեն որոշակի փոփոխություններով, բարբառային խոսվածքի փոփոխությամբ, էպիկական ասացողների երեւակայության ուժով հավելված…
Համերգը սկսեց հայկական «Գորանի» պարեղանակի կատարմամբ. անվանումը մեկնաբանվում է իբրեւ «մարտ, կռիվ»: Հիմա գոռ հնչմամբ եղավ շարքի մուտքը. պարեղանակ, որի տակ պարող մարդիկ ասես կազմել են մայր մտնող արեւը հիշեցնող զարդանկար: Դա մոգական գործողություն էր, որ առանց պարաշարժումների, հաղորդում էր այս արարի մոգականությունը: Մեկ այլ պարեղանակ՝«Լորկեն»՝ լորիկի թռչնապարի շորորանքի տոտեմական խորհրդով, հնչեց Արտակ Ասատրյանի դուդուկի մենանվագով: Հետո մեներգից մեներգ ընդմիջվելով, եղան այլ պարեղանակների պրեմիերաներ. դրանցից «Ծըյներ կոտրիկն» անգամ մասնագիտական նեղ շրջաններին անծանոթ է. ենթադրվում է՝ կատարվել է ծնկները խորը ծալելով, այստեղից էլ՝ անվանումը: Այս հայտնությունը Սեդրակ Երկանյանը ներկայացրեց Հասմիկ Մուրադյան-Հարությունյանի բլուլի մենանվագով: Նույնքան անծանոթ է «Շաքար աղա» կոչվող պարեղանակը, որ Ս. Երկանյանի գնահատմամբ, ազգային պարեղանակներից բավականաչափ տարբերվում է՝ առավել ազատ կառույցով, որ ենթադրում է համահունչ շարժումների ազատականությամբ: Ինչպիսի՞ն են եղել այդ պարաշարժումները՝ պետք է միայն ենթադրել՝ ունկնդրելով թավջութակահար Հովիկ Օգանեզովի մենանվագը: «Կողբա շորորն» ու «Արագ թեւխաղը» հնչեցին քանոնահար Մ. Գեւորգյանի, «Նինարեն»՝ ուդահար Լուսինե Դավոյանի, «Արշամին»՝ սանթուրահար Քրիստինե Մնացականյանի մենակատարումներով, իսկ ահա «Ճամբխավեն», որ դասվում է հայոց մոռացված հարսանեկան պարերի շարքին, հնչեցրեց ողջ գործիքային անսամբլը: Հիմնականում սիրո երգերի կատարումներով մեջընդմեջ հանդես եկան Լուսինե Մարկոսյանը, Արսեն Ստեփանյանը, Հովսեփ Ստեփանյանը, Գայանե Ղամբարյանը, Մարգարիտա Սարգսյանը եւ Ֆերդինանդ Մուրադյանը՝ յուրաքանչյուրն իր արտիստական եւ կատարողական արվեստով հարստացնելով այս ամբողջական ծիսական արարը:
ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ
Փետրվար 10, 2022