Սկզբում վճարումները դարձան QR կոդով, հետո քովիդի պատվաստման էլեկտրոնային տարբերակները եկանՙ «կանաչ անձնագրերը», հիմա էլ թվայնացվում են ատեստատները:
Հայաստանում առաջիկայում թղթային ատեստատներին կփոխարինեն QR կոդերը:Այսինքնՙ կթվայնացվի հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից սովորողներին տրվող ավարտական փաստաթուղթը: Այս մասին նշվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունիսի 15-ի N 320 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» նախագծում, որը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում դիտվել է 650 անգամ, նախագծին կողմ քվեարկել է 24-ը եւ դեմՙ 10 հոգի:
Ըստ կայքի տրմադրած տեղեկության, միջոցառման գլխավոր նպատակըՙ ժամանակակից տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների լայն կիրառումն է ուսուցման ու կրթության կառավարման համակարգերում:
Ավարտական փաստաթղթերը կտրամադրվեն էլեկտրոնային եղանակով եւ կդառնան հասանելիՙ ըստ անհրաժեշտության:
«Նախագիծն ինձ համար անհեթեթ է: Մի քիչ խելքին մոտ չի. 12 տարի սովորում ենք, որ վերջում ձեւական թերթիկ տան սեւ քառակուսիով ու ասենՙ սա է ձեր ատեստատը: Զարմանալի է, կայքում 5000-ից ավել դիտումներ նկատեցի, բայց իրենցից ընդամենը 34-ն էին մասնակցել քվեարկության ու մեծամասնությունը կողմ էր քվեարկել»,- մեզ հետ զրույցում ասում է 17-ամյա Միլենան:
ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է. «Արդեն այս տարվանից ատեստատներն ու հիմնական կրթության վկայականները կտրվեն էլեկտրոնային եղանակով, դպրոցներում կկրճատվի վարչարարության զգալի ծավալ, կմեծանա գործընթացի թափանցիկությունը, օրակարգից դուրս կգա հետայսու ատեստատը կամ վկայականը կորցնել-վերականգնելու գործընթացը»,- գրել է Անդրեասյանը:
Նախագծով առաջարկվում է հաստատել համապատասխան պետական նմուշի ավարտական փաստաթղթերի թվայնացված ձեւերը, որոնք կպահպանվեն կրթության կառավարման տեղեկատվական միասնական համակարգում եւ հասանելի կլինեն www.e-verify.am կայքում: Կրթության թվայնացված ավարտական փաստաթղթերը կունենան անհատական QR-կոդեր, որոնց միջոցով հնարավոր կլինի ստուգել փաստաթղթերի վավերականությունը եւ իսկությունը: Ըստ նախագծի` հնարավոր կլինի ներբեռնել ավարտական փաստաթուղթը եւ անհրաժեշտության դեպքում նաեւ թղթային տարբերակով տպել:
«Եթե այդ ամենի հետ միասին նաեւ թղթային տարբերակը պահպանվի, մի քիչ ընդունելի կլինի: Չի կարելի միայն թվային տարբերակի վրա հույսը դնել: Մատյաններն էլ թվայնացրեցին ու ի՞նչ օգուտ դրանից. անսահման սխալներՙ գերազանց երեխայի կիսամյակը կարող է հանկարծակի 5 փակվելՙ համակարգի սխալի պատճառով, իսկ ուսուցչի անցկացրած գնահատականները հանկարծակի չքանում են կամ մի երեխայից անցնում մյուսին: Գնալով աշխատանքային գործընթացը դեգրադանում է»,- ասում է 40-ամյա Ռուզաննան, որի երկու դուստրերը սովորում են հիմնական դպրոցում:
Հասարակության տարբեր խավերի հետ իրական շփման ընթացքում կարծիքների մեծամասնությունը բացասական էր, իսկ e-draft.am կայքում ներկայացված միայն հինգ կարծիք ու առաջարկներ դրական են:
Պետք է նշել, որ նախագծի քննարկումը e-draft.am հարթակում շարունակվեցին մինչեւ 2022 թվականի հունվարի 29-ը: Մասնագետները, քաղաքացիները, շահագրգիռ կառույցներն ու կազմակերպություններն այդ ընթացքում կարողացավ ներկայացնել իրենց դիտողություններն ու առաջարկները:
Դե ինչ, անհպում վճարումներից մինչեւ թվայնացված ատեստատներ ընդամենը մի թռիչք էր, թե ինչ ենք թվայնացնելու հաջորդիվ, ժամանակը ցույց կտա: