Day:Փետրվարի 19, 2025

  • Բոյկոտի հիմնական շարժիչ ուժերն են ավտոբուսների վարորդները, վալիդատորներն ու Ավինյան Տիգրանը. Կարեն Հեքիմյան

    Բոյկոտի հիմնական շարժիչ ուժերն են ավտոբուսների վարորդները, վալիդատորներն ու Ավինյան Տիգրանը. Կարեն Հեքիմյան

    Պահպանողական կուսակցության խորհրդի անդամ Կարեն Հեքիմյանը գրում է. «Տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բոյկոտի հիմնական շարժիչ ուժերն են ավտոբուսների վարորդները, վալիդատորներն ու Ավինյան Տիգրանը:

    Նախ` ի՞նչ է նշանակում բոյկոտ: Դասական իմաստով, բոյկոտ նշանակում է ինչ-որ մեկի հետ հարաբերություններ խզել` այդ մեկին մեկուսացնել: Ցավոք, բնակչության և հասարակական տրանսպորտի միջև չկա հարաբերությունների խզում, տրանսպորտը մեկուսացված չէ: Երևանի մետրոպոլիտենն աշխատում է, այնտեղ բոյկոտի մասին չեն էլ լսել: Ավտոբուսներն ու տրոլեյբուսները ևս մեկուսացված չեն: Վերջիններիս ուղևորներին կարելի է բաժանել մի քանի խմբի:

    Ուղևորների փոքրաքանակ խումբը (10-15%) բաղկացած է գաղափարապես պատրաստված անձանցից, որոնք փորձում են իրենց վրա վերցնել բոյկոտի լոկոմոտիվի դերը:

    Ուղևորների համեմատաբար մեծ (20-25%) խմբի մեջ են պահի ազդեցության տակ չվճարողները, որոնք գաղափարապես պատրաստված չեն և ցանկացած պահին կարող են «ճամբարափոխ» լինել:

    Ուղևորների շուրջ 20-30%-ը բոյկոտին կողմ են իրենց տներում, շրջապատում, կանգառներում, մի խոսքով` ամենուր, որտեղ բոյկոտելու անհրաժեշտություն չկա: Վերջիններս գտնվելով տրանսպորտի մեջ կերպարանափոխվում են և սուսուփուս վճարում:

    Մնացին մնացածը` արտոնություններից օգտվողները, իշխանականները, զոմբիներն ու անդեմները:

    Ցավոք, այս իրավիճակում, դասական բոյկոտի մասին խոսելը չափազանցված է: Սակայն …

    Կան իրավիճակի փոփոխման բոլոր նախադրյալները: Մասնավորապես`

    1. Վարորդներն աստիճանաբար հասկանում են, որ իրենց գործը վարելն է: Վերջիններիս զգալի մեծամասնությունն ուշադրություն չի դարձնում ուղևորների չվճարելու վրա:

    2. Վալիդատորները մասամբ չեն աշխատում:

    3. Ավինյան Տիգրանի գործունեությունը ոլորտում խառնաշփոթ է ստեղծում:

    Ստացվում է, որ վարորդները, վալիդատորներն ու Ավինյան Տիգրանն էապես նպաստում են բոյկոտի կայացմանը:

    Անձամբ ես հիմնական հույսը կապում եմ … վալիդատորների հետ, քանզի դրանք համակարգչային ծրագրով են աշխատում, իսկ դրսում 21-րդ դարն է, ինչը նշանակում է, որ ցանկացած «վիրուս» կարող է «հակավիրուս» ունենալ»:

  • Արցախյան նոր օրակարգ. Վահե Հովհաննիսյան

    Արցախյան նոր օրակարգ. Վահե Հովհաննիսյան

    Արցախի Հանրապետության կայացման և արցախյան հարցի բանակցային պատմությունը՝ փաստաթղթերով, բանակցային ֆորմատներով, գաղտնի ու հայտնի մանրամասներով, ամբողջը զրոյացվեց այս իշխանության օրոք։

    Հիմա բոլորովին նոր վիճակ է, և այդ վիճակը որևէ ընդհանուր բան չունի երեք նախագահների օրոք ընթացած բանակցային գործընթացի հետ։ Ամեն ինչ զրոյացվել է, բանակցային պատմությունը դարձել է պատմություն։ Սա է փաստը։

    Այսօր մեզ անհրաժեշտ է նոր արցախյան կոնցեպտ։ Արցախը մնացել է առանց հայերի, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվի դատարանում է. այս իրավիճակը նախկին բանակցային որևէ փուլում հնարավոր չէր ենթադրել։ Փորփրել նախկին բանակցային օրակարգերը՝ նշանակում է ընդամենը կուլ տալ Նիկոլի նետած խայծը, իսկ նրա բոլոր քայլերի հիմքում միայն սեփական իշխանության (և/կամ սեփական անձի անվտանգության) երկարաձգումն է։ Ուրեմն՝ արցախյան նախորդ բանակցային օրակարգերի այս ցավոտ քչփորումը հերթական անգամ օգուտ է տալու միայն մեկ մարդու, և այդ մեկ մարդը Արցախի գերեզմանափորն է։

    Պետական մտածողությունն այն է, որ պետք է վեր կանգնել «իմ նախագահի օրոք ավելի լավ վիճակ էր, քան՝ մյուսի» թիմային մրցակցությունից։ Չի կարելի շարժվել ապագա պատմության դասագրքերում գրվելիքի մոտիվացիայով։

    Եվ այս իմպերատիվ լրջությունը պետք է գա նախկին նախագահներից, և թիմերը դա պետք է ընկալեն որպես առաջ շարժվելու հրահանգ։ Բոլոր երեք նախագահների օրոք եղել է ավելի լավ վիճակ, քան հիմա է։

    Հիմա ողբերգական փաստն այն է, որ Արցախում հայկականության շարունակություն ապահովելու համար մեզ անհրաժեշտ է բոլորովին նոր արցախյան օրակարգ։ Այդ՝ միակ առողջ օրակարգը սպասարկելու համար պետք է միավորվեն բոլոր երեք «նախկինների» ընդունակ ուժերը, որոնք կկարողանան պոկվել անձնական ամբիցիաների ու թշնամության թունավոր ու անհեռանկար ճահճից։ Այդ օրակարգը մեծ ներուժ ունի՝ իր շուրջ միավորելու նաև երիտասարդ, որևէ նախկին կամ ներկա իշխանական շրջանակների հետ չկապված, բայց այս երկրում իր ապագան տեսնող բազմազան խմբերին։ Կարող է միավորել արցախյան բզկտված հանրությանը, որի ներսում նույնպես այս իշխանական քարոզչախումբը հաջողել է տեղ-տեղ պառակտում սերմանել։

    Միևնույն է վերադառնալու ենք

    Նոր արցախյան օրակարգի ստրատեգիական բանաձևը պետք է լինի դա. Միևնույն է՝ վերադառնալու ենք։ Դրա համար կարող է պետք լինել մի քանի տարի, կարող է՝ մի քանի տասնամյակ։ Ինչքան էլ պահանջվի, ոչ ոք չի կարող հիմա ասել, սերունդներով սա պետք է փոխանցվի։ Նաև այս ձևով են շարունակական ազգ լինում։

    Սա ոչ թե երազանք է, այլ՝ ազգային նպատակ, որը պահանջում է ռացիոնալ-մշտական աշխատանք։

    Նոր արցախյան օրակարգը պարտավոր է իրատեսորեն գնահատել մեր հնարավոր բոլոր ռեսուրսները, պարտավոր է ընտրել ճիշտ հռետորաբանություն՝ փոփոխվող աշխարհում դաշնակիցներ գտնելու, սեփական նպատակները հասկանալի ու տարբեր ազդեցիկ շրջանակների համար ընդունելի շարադրելու համար։ Նոր արցախյան օրակարգը պետք է լինի ճկուն, եթե կուզեք՝ խորամանկ։ Ամենակարևորը՝ նոր արցախյան օրակարգը պետք է լինի խաղաղության օրակարգ՝ իր բոլոր բաղադրիչներով՝ ուժի հավասարակշռման, զսպման մեխանիզմներով, մարդկային ռեսուրսների ադեկվատ կառավարման, հանրության հետ մշտական երկխոսության ապահովմամբ, ու միաժամանակ չխաղարկի և չշահարկի հանրության համար նուրբ և ցավոտ կետերը։

    Նոր արցախյան կոնցեպտի առանցքն ու նպատակը պետք է լինի Արցախում հայկականության շարունակությունը։

    Իսկ որպես սկիզբ՝ փակել է պետք նախորդ բանակցությունների քննարկումը և դա թողնել շատ ավելի հետո՝ որպես Անկախ Հայաստանի պատմության քննության մաս։ Տեսականորեն ենթադրենք՝ երեք նախագահներից մեկն այս մրցավազքում հաղթեց. դրանից երկրի շահը ո՞րն է։ Դրանից ի՞նչ օգուտ՝ այս ծայրահեղ դժվար վիճակում։

    Այսօր այս բանավեճը ոչ թե անպտուղ է, այլ դրա միակ պտուղը քաղում է գործող իշխանությունը։

    Վահե Հովհաննիսյան

    Այլընտրանքային նախագծեր խումբ/ Alternative Projects Group

  • Հռոմի Պապի ընդհանուր կլինիկական պատկերը մնում է բարդ

    Հռոմի Պապի ընդհանուր կլինիկական պատկերը մնում է բարդ

    Հռոմի պապ Ֆրանցիսկոսի վիճակի կլինիկական պատկերը բարդ է. հայտնում է РИА Новости-ն՝ Վատիկանին  հղումով։

    Հայտարարության մեջ ասվում է, որ կեսօրին կատարված կրծքավանդակի hամակարգչային տոմոգրաֆիա (ԿՏ) հետազոտմամբ հայտնաբերվել են երկկողմանի թոքաբորբի վաղ փուլեր, ինչը պահանջում է լրացուցիչ դեղորայքային թերապիա: Ֆրանցիսկոսի շնչառական վարակը ներառում է նաեւ ասթմատիկ բրոնխիտ, որը պահանջում է կորտիզոնային հակաբիոտիկի բուժում:

    Նշվում է նաև, որ 88-ամյա պոնտիֆիկոսի ընդհանուր վիճակը կայուն է, թեև «ընդհանուր կլինիկական պատկերը մնում է բարդ»։

    Ֆրենցիսկոսը հոսպիտալացվել է ուրբաթ՝ փետրվարի 14-ին։ Այդ պատճառով նա ստիպված է եղել չեղարկել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի և CNN-ի գլխավոր տնօրեն Մարկ Թոմսոնի հետ հանդիպումները։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Պապի առողջական վիճակը շարունակում է մնալ բավարար։

  • Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը բանակցային սեղանին չկա. Գեղամ Ստեփանյան

    Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը բանակցային սեղանին չկա. Գեղամ Ստեփանյան

    30 տարի շարունակ արցախցիներին Հայաստանում տվել են ՀՀ անձնագիր, բայց 2023 թվականի հոկտեմբերի 26–ին պարզվել է, որ այդ անձինք ՀՀ քաղաքացիներ չեն։ Փետրվարի 18-ին, կայացած քննարկմանն ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

    «Երբ 2023 թվականի հոկտեմբերի 26-ին ՀՀ–ն կայացրեց որոշում՝ արցախցիներին ճանաչելու ժամանակավոր պաշտպանված անձինք, հիմքում դրեց մի համաձայնագիր, որն իբրև կնքվել է ՀՀ–ի և ԼՂՀ–ի միջև 1999 թվականի փետրվարի 26–ին, և որով սահմանվում էր, որ այդ անձնագրերը, որոնք տրվում են արցախցիներին, ճամփորդական փաստաթղթեր են։ Այս իրավահարաբերությունների ամբողջ պրակտիկան փաստում է հակառակը։ Եթե այդ անձնագրերը պիտի ճամփորդական փաստաթղթեր լինեին, չպետք է հնարավորություն տային այդ անձնագրերով ՀՀ–ի ներսում որոշակի իրավահարաբերությունների մեջ մտնել»,–ասաց նա։

    Գեղամ Ստեփանյանի խոսքով, այդ անձնագրերն ապահովում էին ՀՀ–ի ներսում ՀՀ քաղաքացիներին հավասար, տարբեր իրավահարաբերությունների մեջ մտնելը։

    «2021 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցել են ՀՀ–ում գտնվող արցախցիները. 100–ից ավել նման վճիռներ կան, որոնցով դատարանն անձանց վերականգնել է ընտրական ցուցակներում։ Եթե այդ ամենը փորձենք ամբողջացնել, 2023 թվականից առաջ որևէ բան չէր փաստում, որ 070 կոդով անձնագիրը ՀՀ քաղաքացիությունը չփաստող փաստաթուղթ է»,–ասաց Գեղամ Ստեփանյանը։

    Գեղամ Ստեփնանյանի խոսքով, Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը բանակցային սեղանին չկա, իսկ արցախցիների բնակապահովման ծրագրի հիմքում  կոմպակտ բնակության պայման չկա։

    «Արցախցիներին միասնական պահելու և Արցախի նկատմամբ պահանջատիրության հիմքը չկա։ Նպատակն ուղղակի Արցախի թեման փակելն է, Արցախը մոռացության մատնելը։ Բռնի տեղահանված լինելու կարգավիճակն այդ պահանջատիրությունը պահպանելու կարևոր տարրերից մեկն Է։ Եթե փորձում են վերացնել այդ կարգավիճակը, փորձում են ասել, կամ արդեն ուղիղ ասում են՝ ինչ եղել, եղել է, մոռացեք, Հայաստանն էլ է ձեր հայրենիքը, ինտեգրվեք և ապրեք»,–ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

  • Կասկած չունեմ, որ ստեղծված իրավիճակում Նիկոլը փորձելու է արագացնել հենց Էրդողանի հովանու ներքո ռեգիոնալ նոր գործարքի կնքումը. Արմեն Աշոտյան

    Կասկած չունեմ, որ ստեղծված իրավիճակում Նիկոլը փորձելու է արագացնել հենց Էրդողանի հովանու ներքո ռեգիոնալ նոր գործարքի կնքումը. Արմեն Աշոտյան

    Կասկած չունեմ, որ ստեղծված իրավիճակում Նիկոլը փորձելու է արագացնել հենց Էրդողանի հովանու ներքո ռեգիոնալ նոր գործարքի կնքումը: Այս մասին գրել է ՀՀԿ փոխնախագահ, տնային կալանքում գտնվող Արմեն Աշոտյանը․

    «Կոմունիկացիաների համար պայքարը ոչ սկսվել է 21-րդ դարով, ոչ էլ ավարտվելու է։

    Համաշխարհային պատմությունը վաղուց է հյուսվել ճանապարհային, լոգիստիկ և ջրային ուղիների շուրջ։  Մետաքսի ճանապարհի վրա վերահսկողության շուրջ ստեղծված կայսրություններից մինչև նացիստական Գերմանիայի կողմից Լեհաստանի վրա հարձակման առիթ դարձած Դանցինգի միջանցք, Պունիկյան պատերազմներից մինչև սևծովյան նեղուցների համար պայքար, Սուեզի պատերազմից մինչև Ֆրանսիայի կողմից Լուիզիանայի վաճառքը Միացյալ Նահանգներին և ռուս-շվեդական պատերազմ։

    Պատահական չէ, որ այսօրվա ուժի կենտրոններից յուրաքանչյուրն ունի գլոբալ կոմունիկացիաների սեփական մեգանախագիծը՝ Չինաստանը, ԵՄ-ն, Ռուսաստանը, Հնդկաստանը, ԱՄՆ-ը։

    Այսօր մարդկային քաղաքակրթության արյունատար անոթների համար կռիվը նոր փուլ է թևակոխել, որի մի փոքր, բայց մեզ համար կենսական թատերաբեմ են դարձել Սյունիքի շուրջ զարգացումները, որոնք ժամանակին վերացվել էին 70-ամյա Սովետական իշխանության, իսկ հետո՝ Առաջին Արցախյան պատերազմում մեր տարած հաղթանակի շնորհիվ։

    ԱՄՆ նոր վարչակազմը նոր թափ հաղորդեց այս բախումներին, և խոսքը միայն Պանամայի ջրանցքի նկատմամբ բացահայտ նկրտումների մասին չէ։ Թրամփի մի քանի այլ նախաձեռնություններ նույնպես լոգիստիկ պատերազմների տրամաբանության մեջ են տեղավորվում։

    Սկսենք Գրենլանդիայից, որի հանդեպ ամերիկյան ուղղակի ոտնձգությունները ոչ միայն կղզու և Արկտիկայի հարուստ բնական պաշարներով են պայմանավորված, այլև Հյուսիսային ծովային միջանցքների հանդեպ հետաքրքրությամբ, որի ռուսական հատվածն արդեն մեծ թափով զարգանում է՝ ապահովելով Եվրոպայի և Ասիայի միջև բեռների փոխադրման ավելի կարճ ճանապարհ։ Օպտիմալացման աստիճանը հասկանալու համար մի թիվ բերեմ։ Եթե դասական ճանապարհով՝ Սուեզի ջրանցքով, Համբուրգից Շանհայ բեռները տեղափոխվում են 30-35 օրվա ընթացքում, ապա այս ճանապարհով՝ 18։

    Շատ-շատերը կզարմանան, բայց Գազայի մասին Թրամփի վերջին սկանդալային հայտարարության առիթով նեղ շրջանակներում քննարկվում է նույնպես լոգիստիկ շահը։ Պաղեստինցիներին Գազայից տեղահանելու և այն մեծ հանգստյան գոտու վերածելու առաջարկության շարժառիթներից մեկն ապագայում կառուցվելիք «Բեն Գուրիոն» անունը ստացած նոր ջրանցքի համար ավելի էժան, հարմար և անվտանգ երթուղի ապահովելու հարցն է։

    «Բեն Գուրիոն» ջրանցքի գաղափարն առաջարկվել է իսրայելական և ամերիկյան շրջանակների կողմից՝ որպես այլընտրանք Եգիպտոսով անցնող Սուեզի ջրանցքին։ Այն պետք է սկսվի Իսրայելի կամ Պաղեստինի Միջերկրական ափից, հասնի Հորդանան գետը, որի երկայնքով մտնի Կարմիր ծովի մաս կազմող Աքաբայի ծոց իսրայելական Էյլաթ քաղաքի մոտ՝ զրկելով Եգիպտոսին կենսական մենաշնորհից։ Չէ՞ որ համաշխարհային առևտրի 12-13%-ն անցնում է հենց Սուեզի ջրանցքով՝ ապահովելով կենսական ջրային կապ Եվրոպայի և Ասիայի միջև։

    «Զանգեզուրի միջանցքը», որ արևմտյան շրջանակները փորձում են դիրքավորել՝ որպես Արևմուտք-Արևելք կոմունիկացիոն նոր հնարավորություն, ի սկզբանե չուներ ոչ մի իրական տնտեսական կարևորություն կողմերի համար՝ հանդիսանալով բացառապես գեոպոլիտիկ նախագիծ Թուրքիայի և ատլանտիստների համար՝ ընդդեմ Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի։

    Հիմա, երբ ամերիկյան նոր վարչակազմը խոր վերանայման է ենթարկում թե Ռուսաստանի հետ հարաբերությունները, թե իր գլոբալ գերակայությունները, երբ ի հայտ են գալիս նոր լոգիստիկ հեռանկարներ, «Զանգեզուրի միջանցքը», մեծ հավանականությամբ, զրկվելու է ամերիկյան աջակցությունից՝ մնալով թուրքական կենսական շահերի օրակարգում։ Ավելին, եթե միջանցքը չբացվի, ապա Թուրքիայի համար ահագին կարժեզրկվի Արցախյան վերջին՝ 44-օրյա պատերազմում նրա աջակցությունն Ադրբեջանին։

    Կասկած չունեմ, որ ստեղծված իրավիճակում Նիկոլը փորձելու է արագացնել հենց Էրդողանի հովանու ներքո ռեգիոնալ նոր գործարքի կնքումը՝ քանի դեռ գլոբալ աշխարհակարգի տեկտոնիկ տեղաշարժերը չեն հասել Հարավային Կովկաս և Հայաստան»։

  • 20 տարով դատապարտված Վիգեն Էուլջեքջյանը Բաքվի բանտում անմարդկային պայմաններում է

    20 տարով դատապարտված Վիգեն Էուլջեքջյանը Բաքվի բանտում անմարդկային պայմաններում է

    Ճշմարտության և արդարադատության կենտրոնը հրապարակել է  նոր զեկույց՝ «Ադրբեջանում քրիստոնյա հայերի հետապնդումները՝ Վիգեն Էուլջեքջյանի գործը» վերնագրով։

    Զեկույցում մասնավորապես ասվում է․ «Վիգեն Էուլջեքջյանը 44-ամյա քրիստոնյա հայ է և 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներից է, նա Լիբանանի և Հայաստանի քաղաքացի է: 2020 թվականին նա տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղ՝ բիզնես հիմնելու և ընտանիքի հետ այնտեղ նոր կյանք կառուցելու համար։ Վիգենը հավատացյալ քրիստոնյա է և իր ձեռքին խաչի դաջվածք ունի, որն այրել և ջնջել են ադրբեջանական ուժերը՝ ապօրինի պահելով իրենց կալանքի տակ։

    Վիգենի ներկայիս գտնվելու վայրը և կալանքի մանրամասները

    2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև 2020 թվականի հրադադարի համաձայնագրի հաջորդ օրը, Վիգենը գերի է ընկել ադրբեջանական հատուկ ջոկատայինների կողմից, երբ նա հավաքում էր իր անձնական իրերը՝ տարհանելու Շուշիից՝ Լեռնային Ղարաբաղից, որը նրանք առաջ էին անցել։ Նա ոչ կռվող էր, ոչ էլ կռվող։ Նա հայ քաղաքացիական անձ էր, ում առևանգել էին և ապօրինի տեղափոխել Բաքվի բանտ, որտեղ նա գրեթե յոթ ամիս անցկացվեց անհաղորդակցության մեջ։

    2021 թվականի հունիսի 14-ին Վիգենը ապօրինաբար դատվեց Բաքվի զինվորական դատարանի կողմից, մեղավոր ճանաչվեց և կեղծ դատավարությամբ դատապարտվեց 20 տարվա ազատազրկման։ Նրան թույլ չեն տվել որևէ անկախ իրավական ներկայացուցչություն, հետաքննություն կամ պաշտպանություն: Վիգենին անօրինական մեղադրանք է առաջադրվել և դատվել շինծու մեղադրանքներով՝ որպես վարձկան մասնակցելու ռազմական հակամարտության, ահաբեկչության և պետական սահմանը բռնությամբ կամ բռնության սպառնալիքով հատելու համար:

    Վիգենին թույլ չեն տվել շփվել ընտանիքի կամ խորհրդականի հետ: Այսօր Վիգենը 20 տարվա ազատազրկման ապօրինի պատիժ է կրում Ադրբեջանում։

    Վիգենի դեմ առաջադրված մեղադրանքները քաղաքական և էթնիկական դրդապատճառներ էին, առանց դատավարության ընթացքում ներկայացված որևէ էական ապացույցի:Դատարանը անտեսեց պաշտպանական կողմի արդարացման կոչը և Վիգենը դատապարտվեց 20 տարվա ազատազրկման: Նա շարունակում է կալանքի տակ մնալ Բաքվում, ենթադրաբար Գոբուստան բանտում, որը հայտնի է իր անմարդկային պայմաններով և բանտարկյալների շրջանում ինքնասպանությունների բարձր մակարդակով»:

  • Դոնալդ Թրամփը հիասթափված է Ուկրաինայի դիրքորոշումից

    Դոնալդ Թրամփը հիասթափված է Ուկրաինայի դիրքորոշումից

    Եթե Ուկրաինան ցանկանում է նստել բանակցությունների սեղանի շուրջ, ապա երկրում պետք է անցկացվեն նախագահական ընտրություններ։

    Հիասթափված եմ Ուկրաինայի դիրքորոշումից։ Այս կոնֆլիկտը հնարավոր էր լուծել դեռևս տարիներ առաջ` առանց տարածքային կորուստների։

    Ուկրաինայում վաղուց չեն եղել ընտրություններ, իսկ Զելենսկին այժմ ունի ընդամենը 4 տոկոս վարկանիշ։ Պետք է գնալ ընտրությունների։

     Ռուսները չէին ցանկանում կործանել Կիևը, եթե ցանկանային, կանեին դա:

    «Զելենսկին չի կարողանում ասել, թե որտեղ է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային հատկացրած գումարների կեսը»:

    «Զելենսկին բոլորովին ապաշնորհ նախագահ է, որը ծիծաղելի հայտարարություններ է անում, և նրա ղեկավարությունը թույլ է տվել, որ պատերազմը շարունակվի»։

     Ուկրաինան պետք է վերադարձնի մեր փողերը։ Զելենսկին պետք է բացատրություն տա, թե ուր են այս փողերը։

     150 միլիարդ դոլար ենք տվել Ուկրաինային ու հիմա Զելենսկին չի կարողանում ասել, թե ուր են այդ փողերը։

     «Այսօր ես լսեցի, ասում են՝ «Օ՜, մեզ չեն հրավիրել… Սա պետք է ավարտեիր 3 տարի առաջ, սա երբեք չպետք է սկսեիր։ Դուք կարող էիք գործարք կնքել»,-ասել է Թրամփը:

    Դ. Թրամփը նաև հայտարարել է, որ Ուկրաինան չպետք է բողոքի բանակցություններին իրեն չհրավիրվելու համար, քանի որ Զելենսկին կարող էր գործարք կնքել Ռուսաստանի հետ դեռևս 3 տարի առաջ:

     «Ամերիկացիները 350 միլիարդ դոլար են հատկացրել Ուկրաինային: Բայց որտե՞ղ է այս փողը: Ո՞ւր են գնում այդ փողերը: Ես ոչ մի հաշվապահություն չեմ տեսել»:

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ

  • Բաքուն հեռավար դատում է  նաև Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Վազգեն Սարգսյանին, Մոնթե Մելքոնյանին, Սեյրան Օհանյանին

    Բաքուն հեռավար դատում է նաև Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Վազգեն Սարգսյանին, Մոնթե Մելքոնյանին, Սեյրան Օհանյանին

    Փետրվարի 18-ին շարունակվել է  Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լյովա Մնացականյանի և այլոց դեմ հարուցված քրեական գործերը, որոնք մեղադրվում են խաղաղության և մարդկության դեմ բազմաթիվ հանցագործությունների, այդ թվում՝ պատերազմական հանցագործությունների, ինչպես նաև պատերազմական ոճրագործության, ինչպես նաև ցեղասպանական հանցագործությունների կատարման մեջ. Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամաբ Բաքվի հաշվեհարդար-կեղծ դատավարության մասին գրել է ադրբեջանական APA-ն։

    Դատական ​​ նիստում հրապարակվել են «մեղադրական եզրակացության դրվագներ նաև  Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Վազգեն Մանուկյանի, Վազգեն Սարգսյանի, Սամվել Բաբայանի, Սեյրան Օհանյանի, Արշավիր Ղարամյանի, Մոնթե Մելքոնյանի ղեկավարությամբ սանձազերծված ագրեսիայի, բանավոր և գրավոր հրամաններով իրականացված պատերազմի հետևանքների վերաբերյալ։ Պետական ​​մեղադրողներ Ֆուադ Մուսաևը և Վյուսալ Աբդուլլաևը հրապարակել են ագրեսիվ պատերազմի ընթացքում կատարված անհատական ​​հանցագործությունների փաստերը և մեղադրական եզրակացության օպերատիվ մասը՝ այս հանցագործություններին գործին ամբաստանյալների մասնակցության վերաբերյալ»։

    Նշվել է, որ 1988-2024 թվականներին դիտավորյալ սպանվել է 18850 մարդ, այդ թվում՝ 3493 քաղաքացիական անձ և 15357 զինվորական։

    Բաքուն շարունակում է հաշվեհարդար տեսնել հայ գերիների ու պատաների նկատմամաբ՝ նրանց վերագրելով շինծու մեղադրանքներ։

    Կեղծարարությունն ու անպատժելիությունը հասել են նրան, որ պատերազմական հանցագործ, օկուպանտ, ցեղասպան այդ երկիրը հեռավար դատավարություն է սկսել նաև վերոնշյալ գործիչների նկատմամբ։

  • Սրբադասել Արցախի Համար Ինկած Բոլոր Նահատակները

    Սրբադասել Արցախի Համար Ինկած Բոլոր Նահատակները

    Մեր ժողովուրդի եւ Եկեղեցուոյ պատմութիւնը, ունի պատուաբեր սովորութիւններ, որոնցմէ գերագոյն արժէք ներկայացնողը՝ սրբադասելն է վասն հայրենիքի եւ հաւատի իրենց կեանքը նուիրած հերոսները:

    Այդպէս է, որ սրբացուած են Վարդանանք, այդպէս է, որ սրբացուած եւ հայացուած են մեր եկեղեցիի շատ մը սուրբերը ինչպէս Ս. Յակոբն ու Ս. Սարգիսը:

    Տարբեր հանգրուաններով կայացած Արցախեան պատերազմները մեզի համար աւելի քան պատերազմ են: Անոնք գոյամարտ են յանուն մեր ազգին. Կրօնքին ու հայրենիքին: Այդ պատերազմներուն մեր բոլոր նահատակները  զոհուեցան գիտակցաբար եւ յանուն մայր հողին, նաեւ ինչպէս Վարդանանք ինկան, որ պարսիկը մեր եկեղեցիները չվերածեն ատրուշաններու, մերօրեայ հերոսներն ալ ինկան ջանալով փրկել մեր դարաւոր սուրբ եկեղեցիները, որպէսզի ազերիները զանոնք չվերածեն մզկիթներու…: Հետեւաբար արդար է, որ մեր հերոսներն  ալ արժանանան Հայաստանեայց Առաքելական Սուրբ եկեղեցուոյ բարձրագոյն կոչումին:

    Իսկ թէ ինչո՞ւ պնդել այս գաղափարին վրայ: Ապա անոր պատճառը պարզ է ու ազնիւ: Մինչ, այդ քաջարի տղոց թիւին մասին կը խօսուի «բլուս-մինուսով» եւ մինչ ամէն առիթով մեր Հայրենիքը անարժանաբար իշխող խմբակը նոր արտայայտութեամբ մը հանդէս կու գայ վարկաբեկելու մեր նահատակները, կամ արժեզրկելու անոնց զոհաբերութիւնը: Մինչ նոյն այդ իշխանականները իրենց կիներով հանդերձ կը համարձակին մինչեւ իսկ յայտարարել, թէ անոնք ի զուր ինկան, ապա սրբադասումն է, որ պիտի փրկէ մեր նահատակներուն յիշատակը ամէն տեսակի արժեզրկումէ եւ ոտնակոխումէ: Անարժան մարդիկ աւելի քիչ պիտի համարձակին պղծել մեր նահատակներուն զոհողութիւններուն արժէքը:

    Վստահ եմ, ըսողներ պիտի ըլլան, թէ իշխանականներու լկտիութիւնը հասած է այն աստիճանի, որ անոնք նոյնիսկ կասկածի տակ կ՛առնեն Հայոց Ցեղասպանութիւնը, առանց իսկ նկատի ունենալու մեր մէկուկէս միլիոնի նահատակութիւնն ու սրբադասումը, ապա մեզի կը մնայ ըսել, որ այդ պարագային ազգային եւ կրօնական գերագոյն պատասխանատուութիւնը պէտք է կրէ մեր Եկեղեցին չզլանալով յականէ անուանէ ՆԶՈՎԵԼ բոլոր անոնց, որոնք կը համարձակին ընտրել սրբապղծութիւնը:

    Աւարտին պիտի յիշեմ, Արցախեան 44-օրեայ պատերազմը մեզի հետ ծունկ ծունկի լուսաբանելէ վերադարձած  Լիբանանցի Արաբ լրագրող երիտասարդի մը՝ Ժորժ Աքուրիին արաբատառ մամուլին մէջ լոյս տեսած երկարապատում գրութեան վերջաբանը. «…Այսպէս աւարտեցինք մեր գործուղումը Արցախ ու Հայաստան, և մեր մտքին մէջ կայ ազատատենչ եւ քաջարի ժողովուրդի մը պատկերը: Կարելի չէ չգնահատել  անոնց ճակատներուն վրայ դաջուած պայքարը՝ յանուն իրենց համոզմունքներուն՝ հաւատարիմ ըլլալու իրենց հողին եւ երկիւղածութեան հասնող յարգանք տածելու հանդէպ իրենց նահատակներուն:

    Արժանի ըլլանք ապագայ մեր սերունդներուն եւ օտարազգի մեր բարեկամներուն մեր հանդէպ ունեցած ակնկալիքներուն ու յարգանքին:

    ՍԵՒԱԿ ՅԱԿՈԲԵԱՆ

    Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր