Day:Մարտի 31, 2024

  • Այս օրը մեզ համար պիտի դառնա ՀԱՂԹԱՆԱԿ կնքելու ուխտի օր

    Այս օրը մեզ համար պիտի դառնա ՀԱՂԹԱՆԱԿ կնքելու ուխտի օր

    «Այս երկինքը պիտի բերեք երկիր, այնքան սեր, ջերմություն ու բարի կա ձեր սրտերի մեջ, որ մեռցրել եք, թույլ տվեք դուրս գա»,- Հարության տոնի պատարագին հավատացյալներին դիմելով ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

    Բոլորով երգեք, մի հատ փակ բերան չտեսնեմ. ժպիիտով բոլորին հորդորեց Սրբազանը։

    Երկինքը պետք է բերեք երկիր։ Այնքան ջերմություն, բարիք ու սխրանք կա ձեր սրտերի մեջ, որ մեռցրել եք։ Թույլ տվեք՝ դուրս գա, թույլ տվեք։

    ․․․Որ մեր կյանքը, իսկապես, երկնքի ու երկրի համբույրը դառնա։

    Տավուշի եկեղեցիները շաբաթ օրվանից մարդաշատ են։

    Տավուշցիները հետևել են Տեր Բագրատի կոչին ու միով բանիվ մասնակցել Ճրագալույցի պատարագին, հավկիթներով խաղացել, իսկ կիրակի առավոտյան ներկա եղել Սուրբ Հարության պատարագին։

    Պատագարգ է մատուցվել նաև Ոսկեպարի եկեղեցում։

    Հարության ավետիսով՝ մեր հայացքը ուղղելով դեպի մեր նահատակ զավակները, իրենց ընտանիքները, ուխտ կնքենք երկնքի և երկրի առջև վերստին մեր կյանքը դարձնել հարության և հաղթանակի կյանք. Ասել է Բագրատ Սրբազանը։

    Նրա քարոզի առանցքային խոսքերը՝ ստորև.

     Հարության հաղթանակի Ավետիսը մեր որբացած Արցախ աշխարհին։

     Մենք կամ կնույնանանք Հարության հաղթանակի հետ կամ գերեզմանի։

     Ի՞նչ պատգամ ունեմ ես, որ ապրում եմ հարության հաղթանակի խորհրդի մեջ․․․ Սաղմոսի բառերն են վազում մտքիս առջևով՝ թեպետ ընթանամ մահվան հովիտներով, չեմ վախենա չարից, որովհետև Տեր, Դու ինձ հետ ես․․․

    Սա հաստատակամ համոզում է և այդպիսին պիտի դառնա մեզ համար, ժողովուրդ, եթե իսկապես մենք ուզում ենք մաքրված, վերափոխված ազգ դառնալ, ո՛չ թափառական՝ թե՛ մտքով, թե՛ հոգով, թե՛ ֆիզիկապես, ո՛չ սովորական, ո՛չ փողոցայնացած, ո՛չ վարքազրկված, ո՛չ արժեզրկված, ո՛չ գաղափարազրկված, ո՛չ հայրենազրկված և ո՛չ էլ Աստվածազրկված

     Բարդ, դժվար ու վճռորոշ ժամանակներ են, և հենց մեր սերունդին է պատիվը տրվել այդ վճռորոշ, բարդ ու դժվար ժամանակները, մեր պարտության ժամանակները դարձնել ոչ թե հանձնվելու, ստորանալու, նվաստանալու ժամանակներ, այլ հակառակը՝ դարձնելու մեզ համար վերելքի, սխրանքի, հերոսության, հաղթանակների և հարության ժամանակներ:

    Ոչ մի ուժ չի´ կարող մեզ ընկճել, ճզմել, եթե մեր հավատքը խարսխված է մեր Տիրոջ հարության հաղթանակի վրա։

     Ես հավատում եմ․ ինչպես քչով` ընդամենը 12 առաքյալներով նվաճեցին ամբողջ աշխարհը, մենք էլ մի բռով ու բռունցքով կկարողանանք ոչ միայն հաղթահարել, այլ մեզ վրա եկող բոլոր հարվածները դարձնել կյանքի ճանապարհ։

     Մտքի և հոգու հարձակում․․․ Չի´ ստացվելու, սատանա, չի՛ ստացվելու, չարիք, չի՛ ստացվելու, մի՛ փորձիր։ Որքան էլ քո մահվան ստվերներն ու հովիտները լույսի տեսքով ներկայանան մեզ, չե՛ն կարողանալու հաղթել մեզ, որովհետև մեր Տեր Աստվածն է մեզ հետ․․․

     Նայե´ք ձեր զավակների աչքերի մեջ․․․ այս երեխաներին ու իրենցից հետո եկողներին մենք պատասխան պիտի տանք․․․ որոշումներ կայացնելու ժամանակն է․․․

     Մեր կյանքի լուծումը մեր ձեռքերի մեջ է, միայն թե ճշմարտությունն ու արդարությունը դառնան մեր կյանքի սկզբունքը։

     Դեռ սպառնում են մեզ: Մեր կյանքի վճռական ժամանակն է, և մենք ասելիք ունենք այդ ժամանակի մեջ, և անելիք ունենք այդ ժամանակի մեջ․․․

     Ժողովուրդ, ժամ տվեք ձեզ, մտածե՛ք: Թույլ մի տվեք թշնամին մտածի ձեր փոխարեն․․․

     Այս օրը մեզ համար պիտի դառնա ՀԱՂԹԱՆԱԿ կնքելու ուխտի օր։

  • Հայութիւնը Վարկաբեկող Յօդուածները Կը Շարունակուին Միջազգային Հարթակներու վրայ

    Հայութիւնը Վարկաբեկող Յօդուածները Կը Շարունակուին Միջազգային Հարթակներու վրայ

    Ճիշդ է այն խօսքը, թէ կէս ճշմարտութիւնը աւելի վտանգաւոր է, քան սուտը։ Սուտին ոտքերը կարճ են, շուտով կրնան բացայայտուիլ։ Կէս կամ մասնակի ճշմարտութիւնը աւելի տարածուն է, աւելի երկարակեաց։

    «Պայքար»ի նախորդ յօդուածս կը զգուշացնէր, որ ատրպէյճանական հակահայ քարոզչութիւնը նոր թափ ստացած է եւ ի տարբերութիւն նախկին վիճակին՝ վերջին շրջանին ընդգրկած է նաեւ մամուլի միջազգային հարթակները, ինչպէս BBC-ն եւ CNN-ը, ուր առանձին էջեր ունի տարբեր անուններով եւ ուղղուածութեամբ։ Անոնցմէ ամէնէն աշխոյժը AzerNews-ն է, որուն էջերուն ամէն օր կը հանդիպինք հակահայ ստոր քարոզչութեան։

    Անոնցմէ մէկը նոյն լրատուամիջոցին վրայ յայտնուցեաւ մարտ 24-ին, հետեւեալ վերնագիրով. «Ահաբեկչութիւնը հայերու զինուորական ու քաղաքական մեթոտն է»։ (Pundit: Terrorism is military and political method of Armenians)։

    «Մոսկուայի Crocus City Hall-ի նողկալի ահաբեկչական գործողութիւնը յետխորհրդային հանրապետութիւններու մէջ շատերուն յիշեցուց հայկական ահաբեկչական խումբերը։ Անոնք, որոնք այս բարբարոսական արարքը կը վերագրեն Հայաստանին՝ բազմաթիւ պատճառներ ունին այդպէս մտածելու։ Քանի որ հայերը միակ ազգն են յետխորհրդային տարածքին եւ աշխարհի շուրջ, որ հռչակաւոր են իրենց ահաբեկչական կազմակերպութիւններով, եւ ամենակարեւորը՝ անոնք հպարտ են անով»։

    Հասկցուեցաւ կարծեմ, այս տողերով սկսող յօդուածին հեղինակ Քապիլ Աշիրովի բուն նպատակը ի՞նչ է- հայերուս անունը առնչել շուրջ 150 անմեղ զոհ խլած եւ աշխարհը ցնցած ահաբեկչական վերջին գործողութեան հետ, համաշխարհային հանրութեան կասկածը հրահրել հայութեան դէմ։

    Փա՞ստ։ Աշիրովը չունի։ Պէտք ալ չունի։ Իրեն համար կարեւորը ընթերցողներու ուղեղին մէջ հակահայկական ժահր կաթեցնելն է, յոյսը՝ անոնց չիմացութիւնը եւ միտքի ծուլութիւնը։ Փաստի փոխարէն ազերի յօդուածագիրը իրարու ետեւէն դրուագներ կը շարէ անցեալէն, առանց հանգամանքները ներկայացնելու, անգամ մը եւս հաստատելով այն ասոյթը, թէ քաղաքական արկածախնդիրներուն վերջին ապաստանը պատմութիւնն է, Աշիրովի պարագային՝ կեղծուա՛ծ պատմութիւնը։

    Դրուագներէն առաջինը կը վերաբերի Շուշիի 22 հազար հայ ազգաբնակիչները սպանդի ենթարկած Ֆաթալի Խան Խոյսքիի արդար պատիժը Հայկական վրէժխնդիր գնդակով։

    Երկրորդը՝ Թուրքիայի պատերազմական նախկին նախարար եւ Հայոց ցեղասպանութեան գլխաւոր կազմակերպիչներէն Էնվեր Փաշայի սատակեցումը Կարմիր բանակի հայ սպայ Յակոբ Մելքումովի արդար ձեռքով։ Ոչ մէկ բացատրութիւն, թէ ի՞նչ գործ ունէր Էնվերը Միջին Ասիոյ մէջ, պասմաճի ապստամբներու կողքին, ընդդէմ արդէն կարմիր Ռուսիոյ։ Երկրորդ՝ ինչո՞ւ Կ. Պոլիսէն, որ այդ օրերուն Մեծ Բրիտանիոյ գրաւման տակ կը գտնուէր, խոյս տուեր էր ան։

    Երրորդը՝ անխուսափելի ASALA-ն՝ թուրք դիւանագէտներու եւ դեսպանատուներու դէմ իր՝ իսկապէս ահաբեկչական գործողութիւններով, ժամանակաշրջանի մը, երբ, անցեալ դարու 70-ականներուն, ամբողջ աշխարհը մոլեգնած էր, Պաղեստինեան օրինակով, յեղափոխական եւ ազատագրական պայքարի շունչով։ Ու դարձեալ աշիրովեան լռութիւն, թէ ի՞նչն էր պատճառը հայ երիտասարդ մարտիկներու ընդվզումին՝ Հայոց ցեղասպանութեան փաստի արհամարհումը մեծ պետութիւններու կողմէ։

    Անշուշտ կայ նաեւ անխուսափելի յաջորդ դրուագը՝ Խոճալու (հայկական Իվանեան)։ Ալիեւներու եւ Փաշաեւներու նախիջեւանեան klan-ի կողմէ ընդդէմ Ադրբեջանի ղեկավար Մութալիպովի դէմ յօրինուած «ցեղասպանութիւն», որուն առաջին բացայայտողը եղաւ ինք՝ նոյն Մութալիպովը, շունչը Մոսկուա առնելէն անմիջապէս ետք։ Հայերուն ուղղուած մեղադրանք՝ զոր հերքուած է հազար անգամ…

    Միով բանիւ, ազերիական հակահայ քարոզչական մեքենան կը շարունակէ գործել նոր սաստկութեամբ ու կը խոստանայ դրամի ուժով առաւել սաստկանալ։ Անիկա կրնայ ընդգրկել աշխարհատարած բովանդակ հայութիւնը, անվստահութիւն սերմանել տասնամեակներու ընթացքին մեր ժողովուրդին (ստեղծած ու վաստակած բարի համբաւի, պարկեշտ եւ ստեղծագործ քաղաքացի ըլլալու մի բարոյական ու նիւթական դրամագլուխին նկատմամբ)։

    Մեր պարտականութիւնն է ստեղծել հակաքարոզչական արհեստավարժ մարմին մը, աւելի ճիշդ՝ հիմնարկ մը, դէմ դնելու եւ ի հարկին լռեցնելու վայրահաչ բոլոր բերանները։ Դժուար, նիւթական ու մարդուժի զոհողութիւն պահանջող հիմնարկութիւն մը, որուն ստեղծման համար պիտի ապաւինինք միայն մեր վրայ, զանց առնելով նաեւ թուրքերուն ուղեկից դարձած Նիքոլ Փաշինեանի կառավարութիւնը։

    ՅԱԿՈԲ ԱՒԵՏԻՔԵԱՆ

    Յատուկ «ՊԱՅՔԱՐ»ին

    31.03.2024 թ.

  • Կլաարը հիմնվել է ԵՄ դիտորդական առաքելության հայտարարության վրա

    Կլաարը հիմնվել է ԵՄ դիտորդական առաքելության հայտարարության վրա

    Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մեկնաբանել է ԵՄ դիտորդական առաքելության թվիթերյան էջում արված հայտարարությունը:

    «Հաճելի է ստանալ Հայաստանում ԵՄ առաքելության հաստատումը, որ զինվորականների արտառոց տեղաշարժեր չեն նկատվել։ Սա է առաքելության նպատակը՝ ապահովել ավելի մեծ թափանցիկություն և վստահություն ձևավորել: Մենք նախկինի պես բաց ենք  Ադրբեջանի իշխանությունների հետ ավելի ակտիվ փոխգործակցության համար»,-նշել է նա:

    ԵՄ դիտորդական առաքելությունը դիտարկել է հայ-ադրբեջանական սահմանը և հայտարարել, որ ամեն ինչ հանգիստ է։

    Իսկ Ադրբեջանի ՊՆ-ն այսօր վաղ առավոտյան հայտարարություն է տարածել, թե իբր հայ-ադրբեջաբնական «պայմանական սահմանի» հայկական կողմում կուտակումներ կան, զինուժի և զինտեխնիկայի տեղաշարժ է նկատվում, Հայաստանը պատրաստվում է ռևանշի։

    Այս ապատեղեկատվությանն ու իրականությանը չհամապատասխանող հայտարարությանն արձագանքել է նաև ՀՀ ՊՆ-ը՝ վստահեցնելով, որ հայկական կողմում զինուժի և զինտեխնիկայի կուտակում ու տեղաշարժ չկա, Ադրբեջանը սուտ լուրեր է տարածում։

    Փաստորեն, ադրբեջանական հայտարարությունները հերքել են նաև ԵՄ դիտորդները։

  • Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՄԵՐ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՀՐԱՇԱՓԱՌ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

    Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՄԵՐ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՀՐԱՇԱՓԱՌ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

    Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն։

    «Զսուրբ եւ զհրաշալի եւ զյաղթող զյարութիւնդ Քո օրհնեմք եւ փառաւորեմք» (Ժամագիրք):

    Սիրելի բարեպաշտ հավատացյալներ,
    Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության ավետիսն է հնչում այսօր մեր եկեղեցիների սուրբ խորաններից։ Սքանչելախորհուրդ ավետիսը հույսով ու հոգենորոգ զգացումներով է պարուրում հայրենիքի ու ազգային կյանքի ցավերով ու կորուստներով դառնացած մեր սրտերը։ Կյանքը հաղթանակել է, մահը պարտվել ու խորտակվել։ Հավատքով ու առ Աստված ապավինությամբ միասնաբար օրհնաբանենք Տիրոջը ժամասացի խոսքերով. «Սուրբ և հրաշալի և հաղթող Քո Հարությունը օրհնում ենք և փառավորում»։

    Քրիստոս Իր Հարությամբ մարդկությանը ազատել է չարի իշխանությունից, ցույց տվել ներման և սիրո ճանապարհը, հաշտություն հաստատել մարդու և Աստծո միջև և ընծայել հավիտենական կյանքի հույսն ու շնորհը։ Աստվածորդու ողորմածությամբ կյանքի արշալույսն է տարածվել մահվան խավարի վրա։ Կենարար խաչը, որի վրա հեղվեց Տիրոջ Սուրբ Արյունը, մահվան հանդեպ հաղթության նշան է դարձել, Հարության հավատը՝ չարին պարտության մատնելու երկնապարգև ուժ։

    Այո, սիրելիներ, հաղթող է, սուրբ և հրաշալի Քրիստոսի Հարությունը։ Աշխարհի հարափոփոխ իրադարձությունների և հատկապես բարդ ու դժվարին իրավիճակների մեջ Հարության շնորհներով հավատացյալները զորանում են՝ վեր հառնելու փորձություններից, մերժելու կորստաբեր երևույթներն ու կործանարար մտածումներն ու գործերը, հաղթահարելու աղետաբեր պատերազմների արհավիրքները, նորոգվելու Տիրոջով, ինչպես որ Սուրբ Գիրքն է վկայում. «Եթե մեկը Քրիստոսի մեջ է, նա նոր արարած է» (Բ Կորնթ. 5.17)։

    Համայն մարդկությանն այսօր էլ հնչում է հրավերը առաջնորդվելու աստվածադիր պատվիրաններով, մահվան հանդիման կերտելու կյանքի հաղթանակը, անվեհեր պաշտպանը լինելու ճշմարտության ու արդարության և առանց Աստծո մեռյալ գոյությունը փոխարինելու Տիրոջ հետ հարուցյալ կյանքի։ Այս կոչին ականջալուր, «վասն հավատո, վասն հայրենյաց» սրբազան ուխտով միաբանված՝ պատմության հոլովույթներում դիմակայել ենք բազում դժվարությունների ու փորձությունների։ Հարության հավատի վկայությունը նաև մեր օրերում հռչակումն է մեր ժողովրդի դավանանքի և ազգային սրբազան արժեքներին հավատարմության, որոնք դարեր շարունակ երաշխիքն են եղել հայոց ազգի ինքնության ու լինելության, դպրության ու գիտության զարգացման։ Հարկ է այս արժեքներով սերունդներ կրթել և անաղարտ ու անկորուստ պահպանել մարդկության գիտամշակութային գանձարանը հարստացրած մեր նախնյաց ավանդներն ու ժառանգությունը։

    Սիրելի բարեպաշտ զավակներ ի Հայաստան և ի սփյուռս, Տիրոջ Սուրբ և Հրաշափառ Հարությունը գոտեպնդող խրախույս է ամենքիս հույսով ու արիությամբ դիմագրավելու մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները՝ հատկապես հետպատերազմյան այս ծանր շրջանում, երբ բռնազավթված ու հայաթափված է Արցախը, և չեն դադարում Ադրբեջանի ծավալապաշտական ու սադրիչ գործողությունները նորանոր պահանջներով, որոնք անմիջական սպառնալիքներ են ստեղծում մեր պետության անվտանգությանը։ Հանցագործ դրսևորումներով շարունակվում են Արցախի պատանդառված քաղաքական ղեկավարության և անօրինաբար գերության մեջ պահվող մեր զավակների նվաստացումները, ինչպես և արցախահայության իրավունքների անտեսման, Արցախում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության յուրացման ու ոչնչացման անթաքույց քաղաքականությունը։ Դատապարտելի այս իրողությունների հանդիման մեր ժողովրդի սեպուհ պարտքն է հաղթահարել ներազգային տարաձայնություններն ու անմիաբանությունը, լծվել ծանր կորուստներ կրած մեր ազգի վերքերի ամոքմանը և կարողությունների մեկտեղմամբ հայրենիքի հզորացմանը։

    Հարուցյալ կյանքը, հիրավի, սկսվում է քրիստոսավանդ պատգամներով ապրելու վճռականությամբ, արհավիրքներից ու տառապանքներից դեպի կենսանորոգ ձեռքբերումներ առաջին քայլից։ Այս գիտակցությունը, այս ոգին պիտի աննկուն պահենք մեզանում, չընկրկենք մեզ պատուհասած փորձությունների դիմաց, չգործենք պարտվողական հոգեբանությամբ և չվերածվենք վհատված ու տկար ազգի՝ վտանգելով մեր հայրենիքի ապագան և անկախ պետականությունը։ Մեր ընթացքը չի վերջանում մեր մարտիրոսների ու քաջորդիների նահատակության վայրերում և ոչ էլ Արցախում թողնված շիրիմների մոտ։ Չարի կողմից մեզ համար փորված գերեզմանը բոլոր ժամանակներում թափուր է մնալու, քանզի մենք Քրիստոսի հետ նեղությունները հաղթահարող և ամեն գողգոթայից հարության հավատքով հառնող ժողովուրդ ենք։

    Արդարև, մեր ապագայի վերաբերյալ վճիռը խավարինն ու մահվանը չէ, այլ կյանքինն ու հարությանը։ Աստծո հետ հզոր հավատքով, անընկճելի կամքով ու ոգով վերհառնել կարող է ոչ միայն անհատը, այլև ազգն ու պետությունը։ Մեր ժողովրդի համար ներկա բարդ պայմաններում կենսական և հրամայական է մեր երկրի հզորացումը, կենսական է ապրել ու գործել անսակարկ հայրենասիրությամբ ու ազգանվիրումով։ Այս հաստատակամ ընթացքով կարող պիտի լինենք կերտելու նոր հորիզոնները մեր պատմության և վերազարթոնքը պետական, ազգային-եկեղեցական մեր արժանապատիվ կյանքի։ Այսպես իրականություն պիտի լինի առաքյալի բացականչությունը նաև մեր ժողովրդի համար. «Ո՞ւր է, մա՛հ, քո հաղթությունը, ո՞ւր է, գերեզման, քո խայթոցը» (Ա Կորնթ. 15.55): Արդ, վառ պահենք մեր սրտերում առ հարուցյալ Քրիստոս մեր հավատը, հույսն ու սերը, գալիքի բարի ակնկալությունը։ Աստված մեզ կոչում է հարության, ուստի, թոթափենք մեզանից երկյուղն ու հուսահատությունը, հեռացնենք մեզանից ատելությունն ու թշնամանքը, պիղատոսյան ու հուդայական գործելակերպը, մեր աչքերը հառենք հարուցյալ Փրկչին և ընթանանք միմիայն հարության հաղթական ճանապարհով։

    Այս մաղթանքով և Սուրբ Հարության ավետիսով ողջունում ենք մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների գահակալներին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին, քույր Եկեղեցիների հոգևոր Պետերին՝ հայցելով Ամենակալ Աստծո զորակցությունը իրենց առաքելության արդյունավորման մեջ։ Հայրապետական Մեր սերն ու օրհնությունն ենք հղում մեր Սուրբ Եկեղեցու ողջ հոգևոր դասին և հավատավոր համայն Մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս։

    Սիրելիներ, Սուրբ և Հրաշափառ Հարության տոնի այս լուսառատ օրը մեր սրտերից աղոթք բարձրացնենք առ Ամենակալն Աստված, որ աշխարհին պարգևի խաղաղություն ու բարօրություն, Իր ամենախնամ Սուրբ Աջի հովանին տարածյալ պահի մեր հայրենիքի վրա և օրհնի ու երկնահեղ շնորհներով պայծառացնի ազգս հայոց՝ ապրելու ապահով ու անվտանգ կյանքով և փառավորելու Ամենասուրբ Երրորդությանը այժմ և միշտ և հավիտյանս. ամեն։

    Քրիստոս յարեաւ ի մեռելոց,
    Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի

  • Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում

    Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում

    Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր Հայաստանի Հանրապետության զինված ուժերը սահմանագոտու տարբեր ուղղություններում անձնակազմի, զրահատեխնիկայի, հրետանային և կրակային այլ միջոցների կուտակումներ, ակտիվ տեղաշարժեր են իրականացնում, չի համապատասխանում իրականությանը, հայտնում է ՀՀ ՊՆ-ն:

    «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը նաև հայտնում է, որ երեկ՝ մարտի 30-ին, տելեգրամյան մի շարք ալիքներում տարածվել են ՀՀ ԶՈՒ շարքերը համալրած նորակոչիկ վարորդների՝ ուսումնական գործընթացի շրջանակում կատարած ավտոերթի լուսանկարներ՝ փորձելով դրանք ներկայացնել որպես դեպի սահմաններն ուղղված զորաշարժ, ինչն իրականությանը չի համապատասխանում:

    Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի երկայնքով վերջին շրջանի օպերատիվ իրավիճակը ՀՀ պաշտպանության նախարարությունը գնահատում է կայուն և սահմանի պահպանության համար լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն չի տեսնում»,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Ադրբեջանը  հնարավոր նոր հարձակման համար հող է պատրաստում՝ իբր Հայաստանը ռևանշի է գնում

    Ադրբեջանը հնարավոր նոր հարձակման համար հող է պատրաստում՝ իբր Հայաստանը ռևանշի է գնում

    Վերջին շրջանում հայ-ադրբեջանական պայմանական սահմանի տարբեր ուղղություններում նկատվում է կենդանի ուժի, զրահատեխնիկայի, հրետանային կայանքների, ինչպես նաև այլ ծանր հրաձգային զինատեսակների կենտրոնացում և Հայաստանի զինված ուժերի զորքերի ինտենսիվ տեղաշարժ. Հերթական զրպարտանքն ու կեղծ տեղեկատվությունն է վաղ առավոտից տարածել Ադրբեջանի ՊՆ-ը։

    Ադրբեջանական APA-ն հաղորդել է իրենց ռազմական ղեկավարության հայտարարությունը՝ նշելով,  թե իբր վերջին օրերին Հայաստանում նկատվում է Ադրբեջանին պատերազմով սպառնացող ռեւանշիստական ​​ուժերի ակտիվացում։ Երկրի դեմ ագրեսիվ հռետորաբանությունը հասել է բարձր մակարդակի, ավելացել է ագրեսիվ տեղեկատվության ծավալը՝ ծառայեցնելով  իրավիճակի սրմանը  սադրանքի փորձերին նախապատրաստվելու համար։

    «Մենք զգուշացնում ենք, որ հայկական զինված ուժերի կողմից Ադրբեջանի դեմ ռազմական սադրանքի ցանկացած փորձ վճռականորեն կճնշվի ադրբեջանական բանակի կողմից։

    Եվս մեկ անգամ հայտարարում ենք, որ իրավիճակի սրման և ցանկացած հնարավոր սադրանքի  պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնելու է Հայաստանի և նրա հովանավորների վրա»,- նշված է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ։

    Ինչպեսև սպասելի էր, Ադրբեջանը հերթական սադրանքին ու հակահայ քարոզչությանն է դիմում։ Ձեռագիրը նույնն է։ Տավուշի 4 գյուղերի ու «անկլավների» խնդիրը լուծված չէ. թշնամին ամեն ինչ անելու է, ամեն քայլի դիմելու է, որպեսզի հնարավոր նոր  հարձակումը լեգիտիմացնի՝ պատճառաբանելով, թե իբր հայկական կողմն է նախապատրաստվել պատերազմի, իրենք էլ ստիպված նախահարձակ են եղել։

    Արցախի օրինակով կարող են հայտարարել, թե իբր հակաահանեկչական գործողություն են իրականացրել։

    Նշենք, որ Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանն անվանում է ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ։ Այսինքն՝ ակնկալում է, որ Հայաստանից էլի տարածքներ է զավթելու, եղածը դեռ պաշտոնական սահման չէ։

  • Իլոն Մասկը խոստովանել է, որ Ռուսաստանի զինված ուժերը կարող են ազատագրել Օդեսան

    Իլոն Մասկը խոստովանել է, որ Ռուսաստանի զինված ուժերը կարող են ազատագրել Օդեսան

    Իլոն Մասկը Ուկրաինայի իշխանություններին խորհուրդ է տվել բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ, նախքան Ուկրաինան կկորցնի Օդեսան, և դրա հետ մեկտեղ՝ ելքը դեպի Սև ծով։

    Նրա խոսքով, նման սցենարը հնարավոր է, եթե հակամարտությունը ձգձգվի։

    «Ուկրաինան ողբերգականորեն վատնեց զինվորների կյանքը՝ հարձակվելով ավելի մեծ բանակի վրա՝ խորը պաշտպանությամբ, ականապատ դաշտերով և ավելի հզոր հրետանիով, մինչդեռ չուներ զրահներ և օդային գերազանցություն: Ցանկացած հիմար կարող էր դա գուշակել»,- գրել է Մասկը X սոցիալական ցանցի իր էջում:

    Մասկը հիշեցրել է, որ մեկ տարի առաջ նա Ուկրաինային կոչ էր արել բոլոր ռեսուրսներն ուղղել պաշտպանությանը, քանի որ առանց Ուկրաինայի զինված ուժերի «ուժեղ լանդշաֆտային պատնեշների» դժվար է զսպել ռուսական բանակի առաջխաղացումը։

    Գործարարը զգուշացրել է, որ եթե մարտերը բավական երկար շարունակվեն, Օդեսան կընկնի։

    «Գլխավոր հարցն այն է, թե արդյոք Ուկրաինան կկորցնի բոլոր մուտքերը դեպի Սև ծով, թե ոչ: «Խորհուրդ եմ տալիս հարցը լուծել բանակցությունների միջոցով՝ նախքան դրան հասնելը»,- ընդգծել է նա։

    Հիշեցնենք, որ Կրեմլը բազմիցս հայտարարել է Կիևի հետ բանակցելու պատրաստակամության մասին, սակայն 2022 թվականի սեպտեմբերի վերջին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է նման երկխոսության անհնարինության մասին։