Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

Կլաարը հիմնվել է ԵՄ դիտորդական առաքելության հայտարարության վրա

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մեկնաբանել է ԵՄ դիտորդական առաքելության թվիթերյան էջում արված հայտարարությունը:

«Հաճելի է ստանալ Հայաստանում ԵՄ առաքելության հաստատումը, որ զինվորականների արտառոց տեղաշարժեր չեն նկատվել։ Սա է առաքելության նպատակը՝ ապահովել ավելի մեծ թափանցիկություն և վստահություն ձևավորել: Մենք նախկինի պես բաց ենք  Ադրբեջանի իշխանությունների հետ ավելի ակտիվ փոխգործակցության համար»,-նշել է նա:

ԵՄ դիտորդական առաքելությունը դիտարկել է հայ-ադրբեջանական սահմանը և հայտարարել, որ ամեն ինչ հանգիստ է։

Իսկ Ադրբեջանի ՊՆ-ն այսօր վաղ առավոտյան հայտարարություն է տարածել, թե իբր հայ-ադրբեջաբնական «պայմանական սահմանի» հայկական կողմում կուտակումներ կան, զինուժի և զինտեխնիկայի տեղաշարժ է նկատվում, Հայաստանը պատրաստվում է ռևանշի։

Այս ապատեղեկատվությանն ու իրականությանը չհամապատասխանող հայտարարությանն արձագանքել է նաև ՀՀ ՊՆ-ը՝ վստահեցնելով, որ հայկական կողմում զինուժի և զինտեխնիկայի կուտակում ու տեղաշարժ չկա, Ադրբեջանը սուտ լուրեր է տարածում։

Փաստորեն, ադրբեջանական հայտարարությունները հերքել են նաև ԵՄ դիտորդները։