Day:Հունվարի 20, 2017

  • ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 25-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

    ՆԻԿՈԼԱՅ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Հայաստանի Հանրապետությունը կայացած արդիական պետություն է եւ միջազգային հանրության լիիրավ անդամ

    Սկիզբը` նախորդ համարում, վերջը` հաջորդիվ

    2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԼԻԻՐԱՎ ԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

    1991թ. սեպտեմբերի 21-ը շրջադարձային եղավ հայերի պատմության մեջ: Աշխարհի քաղաքական քարտեզի վրա հայտնվեց Հայաստանի Հանրապետությունըՙ որպես ազատ, անկախ եւ սուվերենՙ ինքնիշխան պետություն: Դա կապված էր Խորհրդային Միության փլուզման հետ, որի փլատակների վրա քաղաքական ասպարեզ իջան 15 անկախ պետություններ, այդ թվում եւ Հայաստանի Հանրապետությունը: Անկախ Հայաստանի առաջին պրեզիդենտ ընտրվեց Լեւոն Տեր-Պետրոսյանը( 1991-1998թթ.), երկրորդ պրեզիդենտՙ Ռոբերտ Քոչարյանը(1998-2008թթ), իսկ 2008թ. ապրիլից մինչեւ օրսՙ այդ բարձր պաշտոնում Սերժ Սարգսյանն է:

    Պատմական այդ շրջադարձային պահից անցել է ընդամենը քառորդ դար: Դա համարվում է անցումային շրջան, որի հիմնական խնդիրը Հայաստանի որպես անկախ, արդիական ազգային պետության կայանալն է եւ միջազգային հանրության լիիրավ անդամ դառնալն ու նրանում իր արժանի տեղը գրավելն է:

    Պատմական տարբեր դարաշրջաններում վերոնշյալ առանցքային խնդիրները լուծվել են տարբեր ուղիներով: XX դարը եւ XXI դարի սկիզբը միջազգային կառույցների դարաշրջան է, ստեղծվել է այդ կառույցների խիտ ցանց, առանց որոնց անդամակցելու անհնար է արդի միջազգային հարաբերություններում միայնակ, մեկուսի պահպանել անկախություն եւ դառնալ միջազգային հանրության շատ թե քիչ ազդեցիկ անդամ: Այդ ցանցում առաջնայինը Միավորված ազգերի կազմակերպությունն է (ՄԱԿ ), որին այսօր անդամակցում են աշխարհի 193 պետություն:

    Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ-ի անդամ դարձավ 1992թ. մարտի 2-ին: ՄԱԿ-ին անդամակցելն առաջին եւ լուրջ քայլն էր Հայաստանի միջազգային հանրության անդամ դառնալու ճանապարհին: ՄԱԿ-ի անդամակցմանը հաջորդեց Հայաստանի միջազգային ճանաչման գործընթացը: Դրանում իր կարեւոր դերը խաղաց Հայաստանի ճանաչումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներիՙ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի կողմից: Շուտով դրան միացան այնպիսի ազդեցիկ երկրներ, ինչպես Գերմանիան, Իտալիան, Հնդկաստանը, Ճապոնիան, Իրանը, Կանադան եւ Եվրոպայի, Ասիայի ու Աֆրիկայի բազմաթիվ այլ պետություններ: Ճանաչմանը հաջորդեց դիվանագիտական հարաբերությունների հաստաումը Հայաստանի հետ: Այսօր, ՄԱԿ-ի անդամ 193 պետություններից Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական հարաբերություններ ունի մոտ 160 պետության հետ, որը վկայում է Հայաստանի կարեւորության եւ բարձր հեղինակության մասին: Եվ եթե դրան ավելացնենք, որ Հայաստանը դեսպանությունների մակադակով դիվանագիտական ներկայացուցչություններ ունի աշխարհի մոտ 60 պետությունում, իսկ երեսունից ավելի պետություններ դեսպանություններ են բացել Երեւանում, ապա պատկերն ավելի ամբողջական եւ տպավորիչ կդառնա: Առաջինը Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Լիտվան (21.11.1991թ):

    Քննարկվող հարցի տեսանկյունից կարեւոր է անդրադառնալ նաեւ Հայաստանի հարաբերություններին իր անմիջական հարեւաններիՙ Թուրքիայի, Իրանի, Վրաստանի եւ Ադրբեջանի հետ: Վրաստանն առաջին երկիրն է աշխարհում, որ ճանաչել է Հայաստանի Հանրապետության անկախությունըՙ 1991թ. հուլիսի 27-ին: Թուրքիան Հայաստանի անկախությունը ճանաչել է 1991թ. դեկտեմբերի 12-ին, Իրանըՙ 1991թ. դեկտեմբերի 25-ին, իսկ Ադրբեջանըՙ մինչեւ օրս չի ճանաչել: Իսկ ինչ վերաբերում է դիվանագիտական հարաբերություններին, ապա նման հարաբերություններ Հայաստանի հետ դեսպանությունների մակարդակով հաստատել են անմիջական հարեւան երկրներից միայն Վրաստանը եւ Իրանը, իսկ Թուրքիան եւ Ադրբեջանըՙ ոչ: Դեռ ավելին, այս վերջին երկուսը փակել են իրենց սահմանները Հայաստանի հետ եւ նրան ենթարկել կոմունիկացիոն շրջափակման, Հայաստանին ներկայացնելով երկու նախապայման: Առաջին, հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջից, եւ, երկրորդ, ԼՂՀ-ն վերադարձնել Ադրբեջանի ենթակայությանը: Հայաստանը մերժում է երկու նախապայմաններն էլ եւ գտնում, որ հարեւան երկրների միջեւ պետք է հաստատվեն նորմալ հարաբերություններ եւ վիճելի հարցերը լուծվեն խաղաղ ճանապարհով, հիմնված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, այդ թվում ազգերի ինքնորոշման իրավունքի վրա#:

    Խորհրդային Միության փլուզումից հետո ստեղծվեց մի նոր միջազգային կառույցՙ Անկախ պետությունների համագործակցություն (ԱՊՀ), որի կազմի մեջ ընդգրկվեցին նախկին խորհրդային հանրապետություններից ինը, այդ թվում եւ Հայաստանը: Դա կարեւոր էր ԽՍՀՄ-ի վերացումից հետո ծանր դրության մեջ հայտնված բոլոր նախկին խորհրդային հանրապետությունների համար:

    Հայաստանն անդամակցում է նաեւ եվրոպական մի շարք կառույցների, այդ թվում Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությանը, որի մեջ մտնում են եվրոպական բոլոր երկրները, ԱՄՆ-ը եւ Կանադան, թվով 55 պետություն, Եվրոմիության պառլամենտի երկրորդ պալատինՙ Եվրոպայի Խորհրդին ( Council of Europe), որի կազմի մեջ մտնում են 47 պետություն: Հայաստանը 2004թ. մասնակցում է «Եվրոպական հարեւանության քաղաքականությանը», որը նախապայմաններ է ստեղծում Եվրոպական կառույցներին Հայաստանի ինտեգրման համար:

    Հայաստանը անդամ է նաեւ մի շարք այլ միջազգային կազմակերպությունների, ինչպես Համաշխարհային առեւտրական կազմակերպությունը, Արժույթի միջազգային հիմնադրամը. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը եւ այլն;

    2015թ. հունվարի 2-ին Հայաստանը մտավ Եվրասիական տնտեսական միության մեջ եւ Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի հետ դարձավ ԵԱՏՄ-ի լիիրավ անդամ: Դա ինտեգրացման ուղղությամբ համարձակ քայլ էր, որը միանշանակ չընկալվեց Հայաստանի եւ միջազգային, հատկապես եվրոպական հանրության կողմից: Սակայն ԵԱՏՄ-ին միանալը չէր նշանակում կապերի խզում Եվրոմիության հետ եւ կամ նրան մեջքով շրջվել: Բազմապիսի կոնտակտները նրանց միջեւ շարունակվում են: Եվ ինչպես հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանը, «Հաջողությամբ ավարտվել են ԵՄ-Հայաստան նոր շրջանակային համաձայնագրի վերաբերյալ չորս փուլերը: Մենք հույս ունենք մոտ ապագայում ավարտել բանակցությունները»: Հայաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական տվյալների համաձայն, Հայաստանը տարբեր երկրների հետ ստորագրել է 1744 պայմանագիր եւ հուշագիր:

    Հայաստանը, որպես պետություն առաջին օրվանից հայտարարել է եվրոպական արժեքներին իր հավատարմության մասին, որի տակ հասկացվում են այնպիսի արժեքներ, ինչպես ժողվրդավարություն, օրենքի գերակայություն, քաղաքացիական հասարակություն եւ մարդու իրավունքների հարգում:

    Հայաստանի հեղինակության բարձրացմանը եւ միջազգային դիրքերի ամրապնդմանը նպաստեց նաեւ միջազգային հանրության կողմից Հայաստանն առաջին քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու ճանաչման փաստը, որի 1700- ամյակը մեծ շուքով նշվեց 2001թ.: Դա ընդունեցին քրիստոնյա բոլոր հարանվանությունները: Մեծ նշանակություն ունեցավ նաեւ Հռոմի Ֆրանցիսկոս I պապի այցելությունը Հայաստան 2016թ. հունիսին, որը նա բնութագրեց որպես «Ուխտագնացություն աշխարհում առաջինը քրիստոնեությունը պետական կրոն հռչակած երկիրՙ Հայաստան»:

    Հայաստանն իրականացնելով անկախ եւ սուվերեն պետության իր կարգավիճակը, կամքը եւ հաստատակամությունը, դարձել է արդի միջազգային հանրության լիիրավ, լեգիտիմ եւ գործունյա անդամ: Դա Հայաստանի արդիական պետություն դառնալու ամենակարեւոր հենասյուներից մեկն է:

  • ԶԱՌԱ ՆԱԶԱՐՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՄԱՐՎՈՒՄ Է ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՈԼՈՐՏԻ ՇԱՏ ԼԱՎ ԱՇԱԿԵՐՏ»

    ԶԱՌԱ ՆԱԶԱՐՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՄԱՐՎՈՒՄ Է ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՈԼՈՐՏԻ ՇԱՏ ԼԱՎ ԱՇԱԿԵՐՏ»

    Զրուցեց Տիգրան ԵԿԱՎՅԱՆԸ, France-Arme՛nie, հունվար 2017, Ֆրանս. թարգմ. Պ.Ք.

    Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը միանալուց հազիվ տասը տարի անց Հայաստանն ընտրվել է 2018 թ. կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի հյուրընկալ երկիր: Այդ նշանակալից որոշումը համապատասխանում է ֆրանսախոս երկրների ընտանիքում Հայաստանի դերին ու դիրքին, կարծում է Le Courrier d”Erռvan կայքի հիմնադիր եւ գլխավոր խմբագիր Զառա Նազարյանը, ով 2014 թ. հիմնել է ֆրանսալեզու մամուլի միջազգային միության (UPF) հայկական բաժանմունքը, իսկ 2016 թ. նոյեմբերից այդ միության բյուրոյի անդամ է: Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանում լրագրություն ուսանած Զառա Նազարյանը արեւելյան լեզուների մեջ է մասնագիտացել Մոսկվայում եւ Փարիզում: 2012 թ. իր հիմնած վերոհիշյալ կայքի խմբագրումից բացի, կանոնավորապես աշխատակցում է Nouvelles d”Armռnie Magazine հանդեսին: Ներկայացվող հարցազրույցը France-Armռnie ամսագրի հունվարյան համարից է:


    – Հայաստանը Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը կկազմակերպի 2018-ին: Հիշեցնենք, որ 2015-ի հոկտեմբերին Երեւանում արդեն անցկացվել է Ֆրանկոֆոնիայի նախարարական կոնֆերանսի 31-րդ նստաշրջանը: Հայ դիվանագիտությունը Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ արդյոք իր գործունեության պտուղնե՞րն է հավաքում:

    – Կարելի է ասելՙ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում (ՖՄԿ) Հայաստանի ուղեգիծը բացառիկ է այն իմաստով, որ Երեւանը համեմատաբար նոր մասնակից է. 2008 թ. դիտորդ անդամ դառնալուց հետո նա լիիրավ անդամ դարձավ 2012-ին:

    ՖՄԿ-ի լիիրավ անդամ դառնալուց ընդամենը երեք տարի անցՙ 2015-ին Հայաստանն արդեն մեծ հաջողությամբ ընդունեց նախարարական կոնֆերանս, իսկ այժմ նշանակվել է ՖՄԿ պետությունների ղեկավարների ապագա վեհաժողովի հյուրընկալ երկիր: Կազմակերպության պատմության մեջ հազվադեպ ենք տեսել նման առաջընթաց: Ես գոհունակությամբ հավաստում եմ, որ չնայած Հայաստանի փոքր տարածքին եւ բոլոր դժվարություններին, երկիրը եւ իր ղեկավարները մեծ հարգանք են վայելում միջազգային գործընկերների կողմից, որոնք լրջորեն գնահատում են մեր երկրի ակտիվ մասնակցությունը ֆրանկոֆոնիայի բոլոր մարմիններին:

    – 2010 թվականին Հայաստանում կար մոտ 200 հազար ֆրանսախոս: Այդ ժամանակվանից ի վեր ֆրանսերենի ինչպիսի՞ առաջընթաց եք արձանագրել, մասնավորապեսՙ դպրոցական եւ համալսարանական դասավանդման մեջ:

    – Առօրեական մակարդակով ֆրանսախոս չլինելով հանդերձ, Հայաստանը երբեք չի թաքցրել իր մեծ ֆրանկոֆոն լինելը: Նաեւ նշենք, որ ֆրանկոֆոնիան միայն լեզվով չի սահմանափակվում. այն ենթադրում է արժեքների ընդհանրություն, որին Հայաստանը լիովին միանում է: Այսպիով, ֆրանսերենի յուրացումը անհրաժեշտ միջոց եւ բանալի է ֆրանկոֆոնիայի արժեքները հասկանալու եւ կիսելու համար: Երկրում ֆրանկոֆոնիայի առավել տեսանելի խորհրդանիշերից մեկը Հայաստանում ֆրանսիական համալսարանն էՙ Լիոնի համալսարանի գործընկերը, որը չափերով երկրորդ ֆրանսիական համալսարանն է արտերկրում: Ի դեպ, հայկական հինգ համալսարաններ ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության մաս են կազմում, եւ 2012-ից ի վեր ֆրանսերենը որպես 3-րդ օտար լեզու դասավանդվում է Հայաստանի 8 քաղաքների 18 դպրոցներում: Նմանապես 2012-2015 թթ. Հայաստանի ֆրանսերենի մոտ 350 ուսուցիչներ վերապատրաստվել են Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի ֆրանկոֆոնիայի տարածաշրջանային կենտրոնի միջոցով, նաեւ ֆրանսերենի դասընթացներ են անցկացվել պաշտոնյաների համար:

    – Անդամակցությունը հնարավորություն տալի՞ս է ինչ-որ ձեւով առաջ մղելու Արցախի կամ Ցեղասպանության ճանաչման զգայուն թեմաները:

    – ՖՄԿ-ն եզակի բազմակողմ համաժողով է, որը կանոնավորապես հավաքում է պետությունների ու կառավարությունների 80-ից ավելի ղեկավարների եւ իր կշիռն ունի բազմակողմ համաժողովների մակարդակով: Արդ, ֆրանկոֆոնիան Երեւանին պատեհություն է ընձեռում առաջ քաշելու մի շարք թեմաներ, սկսած Արցախի հակամարտության խաղաղ կարգավորման հարցից: Օրինակ, ՖՄԿ անդամ երկրները Անտանանարիվու քաղաքում կայացած վերջին գագաթաժողովի ավարտին ընդունեցին ճգնաժամային իրավիճակների խաղաղ կարգավորմանը եւ խաղաղության ամրապնդմանը նվիրված բանաձեւ, որտեղ իրենց անվերապահ աջակցությունն են հայտնում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերին:

    – Հայաստանի տնտեսությունը ինչպիսի՞ հեռանկարներ կարող է ունենալ ՖՄԿ-ին առավել ինտեգրվելու շրջանակներում:

    – Ֆրանկոֆոնիայի տնտեսական կողմին առնչվող բանավեճը արտահայտում է այդ ոլորտում տեւական կողմնորոշում փնտրելու ՖՄԿ անդամ երկրների ղեկավարների կամքը: Ֆրանկոֆոնիայի ոլորտում շատ լավ աշակերտ համարվող Հայաստանը մի շարք դրական ակնկալիքներ ունի: Տնտեսական ֆրանկոֆոնիայի առումով մենք դեռ խորհրդածության փուլում ենք, եւ դեռ վաղ է արտահայտվելու համար:

    – Դուք ընտրվել եք ֆրանսալեզու մամուլի միջազգային միության համաշխարհային բյուրոյի կազմում: Ձեր պաշտոնին ինչպիսի՞ նշանակություն եք տալիս ֆրանկոֆոնիայի առաջիկա գագաթաժողովի նախապատրաստման շրջանակներում:

    – Հայաստանի ընտրվելուց ընդամենը մի քանի օր առաջ կատարված իմ ընտրությունը երջանիկ պատահականություն է, քանի որ ֆրանսալեզու մամուլի միջազգային միությունը անկախ է ՖՄԿ-ից: Այդ միությունը իրականում լրագրողների ֆրանսալեզու հնագույն ընկերակցությունն է, քանզի հիմնադրվել է 1950 թվականին եւ այսօր ողջ աշխարհում ունի մոտ երեք հազար լրագրող, ԶԼՄ-ների պատասխանատու եւ հրատարակիչ: Ֆրանսախոս լրագրող գործընկերներս այդ ընտրությամբ ոչ միայն ինձ վստահություն հայտնեցին, այլեւ իրենց խորին երախտագիտությունն արտահայտեցին Հայաստանի ֆրանկոֆոնիայի առնչությամբ: Ավանդույթի համաձայն, ՖՄԿ գագաթաժողովի կազմակերպիչ երկիրը նաեւ կազմակերպում է ֆրանսալեզու մամուլի միջազգային միության նիստերի անցկացումը: 2018-ը բացառություն չի լինի: Բյուրոյում իմ աշխատանքից բացի, առաջիկա երկու տարիներին իմ առաքելությունը կլինի հսկել ՖՄԿ-երի գագաթաժողովից դուրս անցկացվելիք այդ հանդիպման լավ նախապատրաստմանը:

    – Կարո՞ղ եք մեզ ներկայացնել Le Courrier d՛Ere՛van-ը եւ իր առաքելությունը: Դա զուտ ֆրանկոֆոնիայի վրա կենտրոնացած ֆրանսալեզու հայկական լրատվամիջո՞ց է, թե՞ ուզում եք խմբագրական գիծը բացել ուրիշ թեմաների համար:

    – ՖՄԿ աջակցությունը վայելող Le Courrier d՛Ere՛van ֆրանսալեզու կայքը հիմնադրվեց 2012-ի հոկտեմբերին, երբ Հայաստանը դարձավ կազմակերպության լիիրավ անդամ: Դա Հայաստանի միակ ֆրանսալեզու լրատվամիջոցն է: Սկզբնական շրջանում այն հավակնում էր Հայաստանում լինել ֆրանկոֆոնիայի ամբիոն, բայց ժամանակի ընթացքում սկսեց տեղ հատկացնել նաեւ ուրիշ թեմաների եւ ձգտում է ֆրանսալեզու ընդհանրական լրատվամիջոց դառնալ տեղում գործող ֆրանսախոս երիտասարդ լրագրողների փոքր ու ժրաջան թիմի շնորհիվ:

  • ԿՕԳՆԻ՞ ԱԼԻԵՎԻՆ ԴԱՎՈՍԸ

    ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, Ստեփանակերտ

    Նոր տնտեսական տարին Ադրբեջանի համար սկսվեց ազգային արժույթի նոր անկումով: Հունվարի 15-ին ամերիկյան մեկ դոլարի դիմաց մանաթի փոխարժեքը կազմել է 1,8: Անցյալ տարվա համեմատ մանաթը գրեթե երեք անգամ արժեզրկվել է: 2017թ. Ադրբեջանի պետական բյուջեն դոլարային արտահայտությամբ 2,5 անգամ պակաս է, քան 2013թ.-ին: Անկախ տնտեսագետները չեն հավատում պաշտոնական վիճակագրությանը: Նրանք գտնում են, որ մանաթ-դոլար հարաբերակցությունը գործնականում երեքը մեկի է: Այսինքն, մեկ դոլար կարելի է գնել երեք մանաթով:

    Այս ֆոնին արվում են չափազանց հոռետեսական կանխատեսումներ: Ադրբեջանում սոցիալական դժգոհությունների ալիք է կանխատեսվում մարտի երկրորդ տասնօրյակից հետո: Ավանդաբար հենց այդ ժամանակ են բարձրանում առաջին անհրաժեշտության ապրանքների գները: Դա կապված է գարնանային գիշերահավասարի տոնիՙ Նովրուզի հետ: Երկու տարի առաջ այդ օրերին սոցիալական բողոքի ցույցեր եղան միանգամից մի քանի շրջաններում: Այս օրերին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քննում է այդ գործով դատապարտվածների հարցը: Եվրոպան նրանց ճանաչում է որպես քաղաքական բանտարկյալներ եւ պահանջում, որ նրանք ազատ արձակվեն:

    Ադրբեջանում, սակայն, կատարվում են նոր ձերբակալություններ: Օրերս Լենքորանում էլեկտրաէներգիայի սակագների կտրուկ բարձրացման դեմ բողոքի ցույցի մի խումբ մասնակիցներ են ձերբակալվել: Նրանք մեղադրվում են ոստիկանության վրա հարձակում գործելու մեջ: Իրավապաշտպանները գտնում են, որ այդ մարդիկ հուսահատությունից են դիմել բողոքի, քանի որ երկու ամիս շարունակ զրկված են եղել էլեկտրականությունից: Նրանց բնակարաններում հոսանքն անջատվել է, որովհետեւ ծախսած էլեկտրաէներգիայի դիմաց չեն կարողացել վճարել:

    Առհասարակ տարեսկզբից Ադրբեջանում 30 տոկոսով թանկացել են գազը եւ էլեկտրականությունը, նույնքան էլ աճել են մյուս կոմունալ ծախսերը: Բնակչությունը ստիպված է դիմել ծայրահեղ միջոցների, որոնց հետեւանքով աճել է արտակարգ պատահարների քանակը: Միայն հունվարի առաջին տասնօրյակում Բաքվում եւ արվարձաններում գրանցվել է շմոլ գազից թունավորման եւ մահվան 11 դեպք: Մահացածներից 5-ը օտարերկրյա քաղաքացիներ էին, որ վարձով ապրում էին Բաքվի կենտրոնական թաղամասերից մեկում:

    Թուրան գործակալության տնտեսական հարցերով վերլուծաբանների կարծիքով 2016թ. տարեվերջին կառավարության կողմից մշակված նոր տնտեսական քաղաքականությունը չի կարող արդյունավետ լինել: Ինչպես նախկինում, այսօր էլ իշխանությունները շեշտը դնում են խոշոր նախագծերի վրա, որոնք ի վերջո կապված են նավթագազային համակարգի հետ: Դա քաղաքական ծրագիր է, կարծում են ադրբեջանցի ոչ կառավարական փորձագետները: Նրանք գտնում են, որ տնտեսության մոնոպոլիզացիան նպատակ ունի կառավարելի պահել բնակչության ամենալայն զանգվածներին: Իշխանությունները որեւէ քայլ չեն անում տնտեսության ազատականացման համար, քանի որ այդ դեպքում կձեւավորվի անկախ միջին խավ, որը քաղաքական առումով չի վերահսկվի: Իսկ դա վտանգ է Ալիեւի ռեժիմի համար:

    Ստեղծված կացությունը շտկելու նպատակով Ալիեւը մեկնել է Դավոս, որտեղ ավանդաբար տեղի է ունենում ամենամյա տնտեսական խորհրդաժողով: Ալիեւը բանակցություններ է վարում դոնորների հետ, որպեսզի ֆինանսական միջոցներ ներգրավի: Նրա գլխավոր նպատակը Կասպից ծովում Շահդենիզ-2 գազային հանքավայրի շահագործման համար անհրաժեշտ գումարների հայթայթումն է: Նախատեսված է, որ այսպես կոչված Հարավային գազային միջանցքով 2020թ.-ից պետք է սկսվի ադրբեջանական գազի արտահանումը դեպի Թուրքիա, իսկ այնտեղիցՙ հարավային Եվրոպա: Ալիեւի ամբողջ հույսը Շահդենիզ-2 հանքավայրն է:

    Նախապես ծրագրված էր, որ անհրաժեշտ ներդրումները պետք է կատարի բրիտանական Բրիթիշ փեթրոլիումը (BP), սակայն վերջին պահին անգլիական կողմը չի ստորագրել պայմանագիրը:

    Բայց եթե նույնիսկ այդ ծրագիրն իրականություն դառնա, միեւնույն է, դրանով Ադրբեջանի տնտեսությունը չի վերականգնվի, որովհետեւ դարձյալ կախված կմնա համաշխարհային շուկայում նավթի եւ գազի գներից: Իսկ դրանք, ինչպես ցույց են տալիս վերջին տարիները, խիստ կոնյունկտուրային են: Բայց կա ավելի մեծ, Ադրբեջանի համար փաստորեն անհաղթահարելի խնդիր:

    Բանն այն է, որ Սիրիայի հարցով արդեն հասկանալի են դառնում մոտավոր պայմանավորվածությունները: Ի վերջո դրանք հանգում են դեպի Եվրոպա նավթի եւ գազի տարանցման ուղիների ճշտորոշման: Խաղի մեջ են այնպիսի հսկաներ, որոնց համեմատ Ադրբեջանի նավթագազային հնարավորությունները չափազանց խղճուկ են: Խոսքը վերաբերում է Սաուդյան Արաբիային, Քաթարին, Իրանին եւ Ռուսաստանին: Բոլորովին վերջերս այդ շարքը համալրելու հայտ է ներկայացրել Իսրայելը:

    Մրցակցության այս միջավայրում Ադրբեջանի հույսը Թուրքիայի քաղաքական հովանավորությունն է: Բայց Թուրքիան ինքը խճճված է բազմակողմ բարդությունների մեջ: Անկարայի հնարավորությունն այն է, որ փորձում է ձեւավորել Ղազախստան-Ադրբեջան, Թուրքմենստան-Ադրբեջան համագործակցության հարթակ: Նպատակն այն է, որպեսզի Ղազախստանը եւ Թուրքմենստանը իրենց գազի տարանցման համար ընտրեն Ադրբեջանը: Բայց դրա համար պետք է գազատար կառուցել Կասպից ծովով: Իսկ դրան ընդդիմանում է Ռուսաստանը:

    Ահա այսպիսի խճանկար է ստացվում, որտեղ ամենասուր գծերով առանձնանում է Ադրբեջանի սոցիալ-տնտեսական իրավիճակը: Ավելի պարզ գնահատելու համար բերենք միջին աշխատավարձի օրինակը: Ադրբեջանում այն 132 մանաթ է կամ շուրջ 70 դոլար: Հայկական դրամով դա մոտ 32-33 000 դրամ է: Այսինքն, ավելի քիչ, քան Արցախում միջին կենսաթոշակն է: Եւ այս իրավիճակը գնալով ավելի է խորանում: Մուսավաթ ընդդիմադիր կուսակցության նախկին առաջնորդ Իսա Գամբարովի գնահատմամբՙ Ադրբեջանում տնտեսական իրավիճակ փոխելու համար հարկ է փոխել իշխանությունը: 2018թ.-ին Ադրբեջանում սպասվում են նախագահական ընտրություններ: Ներքաղաքական խմորումներն արդեն սկսվում են: Պետք է սպասել բռնությունների նոր ալիքի, քաղաքացիական դիմակայության եւ սոցիալական զանգվածային բողոքների…

  • ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԼԱՎ ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՆԵՐԸ

    Հ. ԱՖՅԱՆ

    Ես իհարկե ներողություն եմ խնդրում, բայց այս վերնագրով հոդվածը պետք է սկսեմ… Պուտինից: Բայց որպեսզի ինձ արեւմտամետության, իսկ որն ավելի վատ էՙ ռուսատյացության մեջ չմեղադրենՙ Պուտինից եւ Թրամփից: Եթե անցյալ նոյեմբերից, օրինակ Աֆրիկայում որսի եք եղել եւ նոր-նոր եք վերադառնում, ապա ասեմ, որ Թրամփը ԱՄՆ ընտրված նախագահն է եւ հենց այսօրՙ հունվարի 20-ին տեղի ունեցավ նրա երդմնակալության արարողությունը:

    Ամեն ինչ սկսվեց BBC-ի պատրաստած մեծ ռեպորտաժից: Շուրջ մեկ ժամ տեւող նյութում տարբեր ամերիկացի եւ ոչ միայն ամերիկացի փորձագետներ եւ ոչ միայն փորձագետներ, խոսում էին Թրամփի մասին, Թրամփի եւ Կրեմլի, անձամբ Պուտինի կապերի մասին, ռուսական կիբեռհարձակումների մասին, որոնք իբր օգնել են Թրամփին, որ նա ընտրվի ԱՄՆ 45-րդ նախագահի պաշտոնում, մի խոսքով… Հենց այդ փորձագետներից մեկն էլ հայտարարեց, որ տարիներ առաջ, երբ Թրամփը ժամանել է Մոսկվա, ՌԴ մայրաքաղաքում իջեւանել էր այն նույն հյուրանոցի այն նույն սենյակում, որտեղ իջեւանել էին Քլինթոն ամուսինները: Դեՙ Բիլ Քլինթոնն ու Հիլարի Քլինթոնը: Եւ ահա այդ նույն հյուրանոցի այդ նույն սենյակի, այդ նույն մահճակալին Թրամփը, ըստ ամերիկացի փորձագետի, մի լավ զվարճացել է ռուս մարմնավաճառների հետ, ուշադրությունՙ ոչ թե մարմնավաճառի, այլ հենց մարմնավաճառների հետ, միայն Թրամփը: Թե որտեղի՞ց է տեղյակ փորձագետը այս ամենի մասին, չի ասել: Բայց քանի որ նա փորձագետ է եւ նա այս ամենը ասել է, շատերը հավատացել են…Ի դեպ, տեսնես ինչի՞ փորձագետ էր այդ փորձագետը… Ինչեւէ:

    Թրամփի թիմն ամենեւին էլ չկարեւորեց այս տեղեկատվությունը, նրանք միայն նշեցին, որ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը, երբ տարիներ առաջ գնացել էր Մոսկվա, բնականաբար ոչ որպես ԱՄՆ նախագահ, այլ որպես գործարար, ԱՄՆ-ի համար շատ կարեւոր համաձայնագրեր է կնքել:

    Բայց այ Պուտինի համար թեման շատ կարեւոր էր, ուստի պատահական չէ, որ ՌԴ նախագահը որոշեց անդրադառնալ կոնկրետ Թրամփ-ռուս մարմնավաճառներ թեմային: Նա ցնդաբանություն եւ կեղծիք է որակել այն լուրերը, թե իբր Թրամփը մոսկովյան հյուրանոցում զվարճացել է ռուս մարմնավաճառների հետ: «Ես դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչպես է Թրամփը, որը երկար տարիներ կազմակերպել է գեղեցկության մրցույթներ եւ շփվել է աշխարհի ամենագեղեցիկ կանանց հետ, Մոսկվա ժամանելուն պես շտապել է հյուրանոց, որպեսզի հանդիպի մերՙ ցածր սոցիալական պատասխանատվության տեր աղջիկների հետ: Չնայած ես կարծում եմ, որ նրանք աշխարհում լավագույնն են», ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

    Ու հենց այստեղ Թրամփի թեման փակվում է: Նախ փաստեր չունենքՙ պնդելու, որ ԱՄՆ ընտրված նախագահն իրոք ժամանակին, մոսկովյան հյուրանոցում, ռուսՙ ցածր սոցիալական պատասխանատվության տեր աղջիկների հետ… Բացի այդ, բացվում է մեկ այլ, ոչ պակաս, իսկ գուցե ավելի հետաքրքրական թեմա: Որտեղի՞ց գիտի: Նկատի ունեմՙ Պուտինը, որ ռուս մարմնավաճառներն աշխարհում լավագույնն են: Տեսեք, եթե, օրինակ, Պուտինը հայտարարի, որ Կրեմլը աշխարհի լավագույն նախագահական նստավայրն է, Սանկտ Պետերբուրգը աշխարհի լավագույն հյուսիսային մայրաքաղաքը, ձյուդոն աշխարհի լավագույն մարզաձեւը, եւ լաբրադորն աշխարհի լավագույն շունը, հասկանալի կլինի: Մարդն այդ ամենը տեսել է, ունի, տիրապետում է: Բայց մարմնավաճառների հարցում որտեղի՞ց այս վստահությունը: Ու խնդիրն այն չէ, որ ռուս մարմնավաճառներին աշխարհում լավագույնը ճանաչելու համար պետք է առնվազն ճանաչել նրանցից գոնե տասին, այլ խնդիրն այն է, որ նման հայտարարություն անելու համար դու պետք է ոչ միայն առնվազն տասը ռուս մարմնավաճառ ճանաչես, այլեւ բոլոր ազգերից կրկին առնվազն տասը մարմնավաճառի, որպեսզի համեմատես:

    Այնուամենայնիվ աշխարհում լավագույնը մարմնավաճառները չեն:

  • ՓՈՔՐ-ՄՈՔՐ ՄՀԵՐԸ

    ՓՈՔՐ-ՄՈՔՐ ՄՀԵՐԸ

    ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

    Սաստիկ սառնամանաքին հնարավոր է անել երկու բանՙ քնել կամ խմել: Բայց մեր պատմության հերոսը հորինեց երրորդ բանը, չնայած սառնամանիք էր: Նա որոշեց զարթնել, վեր կենալ, քանի որ հագնված էր, անգամ փողկապ ուներՙ դուրս գալ եւ կանգնելով Մոսկվայի ամենակենտրոնում, մի լավ ձգվել ու բացականչելՙ «Ուխա~յ»: Անցորդներ քիչ կային. սաստիկ սառնամանիք էր, իսկ այդ ժամանակՙ…քնել կամ խմել: Ով էլ կար, մեր հերոսի վրա առանձնապես ուշադրություն չդարձրեց: Մեր հերոսը հանրահայտ դեմք էր, զիլ տղա, իսկ որքան հանրահայտ ու զիլ է լինում մարդը, այնքան շատ են նրա նմանակները: Քիչ անցորդներն ուրեմն մեր հերոսին դրեցին նրա նմանակներից մեկի տեղը եւ միայն մի փոքրիկ տղա, որը բռնել էր մայրիկի ձեռքը, ցուցամատն ուղղելով մեր հերոսի կողմը, բացականչեցՙ «Մամ, Լենի~նը»:

    Առաջին միտքը (բացի ձգվելուց եւ «ուխայ» բացականչելուց), որ ծնվեց վեր կացած Լենինի գլխում հետեւյալն էրՙ «Էլ ո՞ւմ արթնացնել»: Կուսակցությունից որեւէ մեկին արթնացնել պրոլետարների առաջնորդը չէր ցանկանում, նախ նրանցից ոչ ոք չկարողացավ կառուցել կոմունիզմ, եւ երկրորդըՙ նրանցից ոչ ոք չկարողացավ մարդկանց համոզել, որ կոմունիզմն իրականում չի կառուցվում-ավարտվում, այլ կառուցվում է միշտ: «Գուցե զինվորականների՞ն,- մտածեց Լենինը,- բայց չէ՞ որ նրանք եւս բոլորը կուսակցակային էին, իսկ նրանք, ովքեր հոգու խորքում կուսակցական չէին, հայ էին: Վերջիններիս էլ արթնացնել չեմ ուզում, քանի որ տպավորություն կստեղծվի, որ սովետական բանակում միայն հայերն են կռվել, ինչը մինչեւ հոգու խորքը կվիրավորի ադրբեջանցիներին»: Նույն պահին Լենինը եւս մեկ անգամ բացականչեց «ուխա~յ» եւ որոշեց միայնակ, առանց դաշինքների եւ թիմի ապրել: «Տեսնեմ, թե ո՞ր երկրում են ընտրություններ», անցավ Վլադիմիր Ուլյանովիՙ միշտ պայծառ մտքով: «Երանի հյուսիսում չլինի, սիրտս մի տեսակ հարավ է ուզում, ուխա~յ» :

    Նույն պահին, հարավում, իրեն հատկացված բուրգում մոծակի խայթոցից զարթնեց ինքըՙ փարավոն Թութանհամոնը: Առաջին միտքը, որ ծնվեց նորին գերազանցության վսեմ գլխում, հետեւյալն էրՙ «Տեսնես, Լենինը զարթնե՞լ է»: Հա, ի դեպ, Թութանհամոնը Լենինին ճանաչում էր մանկուց, ավելի ճիշտՙ հակառակը. Լենինն էր մանկուց ճանաչում փարավոնին: Քանի որ դեռ մանկուց բոլորիս հայտնի է, որ պրոլետարների մեծ առաջնորդ, միշտ պայծառ մտքով Վլադիմիր Լենինը մանկության տարիներին մեծ հետաքրքրությամբ կարդում էր եգիպտական փարավոնների, հատկապես Թութանհամոնի մասին: Իսկ ում մասին կարդում ես, նրան ճանաչում ես, եթե, իհարկե, Աստվածաշունչ չես կարդում:

    Հարավի եւ հյուսիսի քամիները շուտով տեղեկացրեցին Լենինին եւ Թութանհամոնին, որ երկուսն էլ զարթնել են եւ Լենինը ճանապարհվեց դեպի հարավ: Սակայն, լինելով իսկական հարավցի եւ արեւելքցի հյուրընկալ մարդ, Թութանհամոնը որոշեց, որ ինքը կշարժվի Լենինին ընդառաջ, մանավանդ որ ցանկանում է վերջինիցս վերջապես ճշտել, թե ինչո՞ւ էր փոքր ժամանակ, երբ կարդում էր իր պատկերներով գիրքը, լոլիկը ճպացրել հենց իրՙ փարավոնի դեմքին:

    Նույն ընթացքում աշխարհի, ինչպես ասում ենՙ արեւելյան մասում, երկինքն ու երկիրը շուռ եկան: Զարթնեց ինքըՙ Չինգիզ խանը: Խանը ձեւականություններ չէր սիրում, հետեւաբար ոչ «ուխայ» բացականչեց, ոչ էլ մտածեց: Նա վերցրեց իր սուրը, մի քիչ հաց ու պանիր, եւ ճանապարհ ընկավ: Խանն իհարկե գիտեր, թե դեպի ուր, բայց քանի որ խանը մտածում էր միայն երբեմն, այն էլ բացառապես մոնղոլերեն, մենք չհասկացանք, թե խանը դեպի ուր էր շարժվում:

    Հանդիպեցին Երեւանում, նկատի ունեմՙ Լենինն ու Թութանհամոնը: Նախ ողջագուրվեցին, չնայած փարավոնն ուշադիր զննեց առաջնորդի ձեռքերըՙ պարզելու, թե արդյոք լոլիկոտ չե՞ն: Ապա շատ արագ հարթեցին լոլիկի պահը, Լենինն ասաց, որ ինքը դիտմամբ չի արել, փոխարենը իսկական կրասնոդարյան լոլիկ տվեց Թութանհամոնին, վերջինս էլ ագահորեն կերավ: Եւ մինչ կանցնեին ավելի առարկայական զրույցի, լսվեց մի ահեղ ձայն. «Հե~յ, չե՞ք տեսնում, անցնում եմ, ճանապարհ տվեք»: Չինգիզ խանն էր:

    «Ես իմացա, որ Հայաստանը աշխարհի միակ երկիրն է մնացել, որտեղ պաշտում են հինավուրցությունը, գնահատում են հին աշխարհի առաջնորդներին, դրա համար էլ փութացի այստեղ, մանավանդ որ ինձ հայտնեցին, թե շուտով այստեղ ընտրություններ են», առանց ավելորդ թիթիզությունների, միանգամից գործին անցավ Չինգիզ խանը: Լենինն ու Թութանհամոնը միմյանց նայեցին, Լենինը ոչինչ չհասկացավ, Թութանհամոնը խորամանկ ժպտաց: Խանը շարունակեց. «Ուստի ձեզ հետ միասին, թե առանց ձեզ, ես պատրաստվում եմ մասնակցել հայաստանյան ընտրություններին: Չնայած առանց ձեզ չեմ կարող, քանի որ այստեղ ընտրություններին մասնակցելու համար պետք է կուսակցություն ունենաս»: Լենինը սկսեց բղավել. «Ի՞նչ, կուսակցությո՞ւն, նորի՞ց, խնդրում եմ, տեսե՞ք, ես էլի լոլիկ ունեմ, այ, տես, խան, թե այս մեկը ինչպես է ժպտում»: «Սկզբում ընտրություններ, հետոՙ լոլիկ, Վովա», ասաց խանը: Թութանհամոնն էլ ավելացրեց. «Դու չէի՞ր կոչ անում աշխարհի բոլոր պրոլետարներին միանալ, հիմա միանում ենք, դե՞մ ես»: «Իսկ ինչպե՞ս կանվանենք մեր կուսակցությունը», հին եւ բարի ժամանակները հիշելով եւ խորամանկ ու փայլող աչքերով հարցրեց Լենինը: «Հզոր Մոնղոլիա», Չինգիզ խան էր: «Փարավոնների երկիր», Թութանհամոնն էր: «Ընկերներ,- Լենինն էր,- ինչպես է երեւում, որ մեր միջի ամենաերիտասարդը ես եմ: Ախր, մենք Հայաստանում ենք, ի՞նչ Մոնղոլիա, այն էլՙ հզոր: Իսկ փարավոն, ընկերս, Հայաստանում արդեն կա դրանից, ավելինՙ նա եւս պատրաստվում է մասնակցել ընտրություններին: Ես առաջարկում եմ պարզ անուն, օրինակՙ «Կարմիրներ»: Հայերը սիրում են կարմիր գույնը»: «Լավ է, բայց ես առաջարկում եմ այսպեսՙ «Խանի կարմիր», Չինգիզ խանն էր: «Իսկ ինչո՞ւ ոչՙ «Փարավոնի կարմիր», Թութանհամոնն էր: «Ընկերներ, ախր, թարգեք ձեր այդ ամբիցիաները, սա ի՞նչ ստալինիզմն է, ի՞նչ անձի պաշտամունք է, մարդիկ զզվել են այդ ամենից: Մենք միայն պետք է ցույց տանք, որ հին ենք եւ սիրված: Սիրվածի հարցերը լուծում էՙ կարմիրը, իսկ հնությունը ցույց տալու համար առաջարկում եմ ավելացնել «մուգ» ածականը, մանավանդ որ կարմիրը հնանալով մգանում է: Կուսակցությունն էլ կոչենք ուրեմն «Մուգ կարմիրների կուսակցություն»ՙ ՄԿԿ»: «Խորամանկն ես, Վովա,-Չինգիզ խանն էր,- իսկ եթե սկզբից էլ դնենք «սաստիկ» բառը, այսինքն կոչվենքՙ «Սաստիկ մուգ կարմիրների կուսակցություն», կստացվի ՍՄԿԿ, չէ՞: Ոչ մի դեպքում…

    «Դե վերջացրեք այս բանավեճը վերջապես, պարոնայք. մեզ բոլորիս միավորում է երկու բանՙ հզորություն եւ հնություն: Ուստի մեր կուսակցության անունը կլինիՙ «Ռոկֆոր»… Լենինին, Թութանհամոնին եւ Չինգիզ խանին աննկատ մոտեցել էր եւ խոսեց ինքըՙ Նապոլեոն Բոնապարտը: «Չմոռանաք, որ մենք բոլորս հողից դուրս եկանք (նայելով Լենինին), դե ոչ բոլորս, իհարկե, իսկ հայերը մանավանդ հիմա մի կարեւոր բան ունեն միայնՙ հողը: Ռոկֆորն էլ ուղիղ կապ ունի հողի հետ»:

    «Եւ ուրեմն ես ներողություն եմ խնդրում ձեր վեճին միջամտելու համար, չնայած կար ժամանակ, երբ այսՙ մանրամասնորեն սիրելի հողում բոլորն ինձանից էին ներողություն խնդրում, բայց այն ինչ բոլորդ եք ասում, ինձ հիշեցնում է պատմական Հայաստանը, այդքան հին է, հեռու եւ անիրականանալի: Հետեւաբար ես առաջարկում եմ բոլորիդ այս կազմով գնանք իմ տուն, շատ հեռու չէ, գինի խմենք, հուսամ կայսրը դեմ չի լինիՙ հայկական գինի, եւ քանի որ գինին կարմիր է, առաջնորդը եւս դեմ չի լինի, ապա հանգիստ որոշենք մեր դաշինքի անվանումը», խմբին միացել էր Վանո Սիրադեղյանը:

    Երկար խմեցին, երկար չէին խմել, մանավանդ այդ կազմով, երբ Վանոն հինավուրցներին հայտնեց, որ իրենք պետք է գնան առաջին նախագահի մոտ, ապա երկրորդ, հետո նախկին ԱԳ, պաշտպանության նախարարների մոտ, վարչապետների մոտ, Բաբկեն Արարքցյանի մոտ, քանի որ նպատակ կա իրոք կարգի ու ամենակարեւորըՙ խելքի բերել այս երկիրը, եւ դրա համար պետք չէ շտապել դաշինքի անվանման հարցում: Հինավուրցները համաձայնեցին: Միայն Չինգիզ խանը, Թութանհամոնին աչքով անելով, ասաց, որ ավելի նպատակահարմար կլինի, որ այդ բոլորն իրենց մոտ գան, ոչ թե հակառակը, քանի որ խանին եւ փարավոնին չի պատշաճում այս ու այն կողմ ընկնելը: Վանոն, այդ բոլորին ավելի լավ ճանաչելով, խոստացավ, որ ինքը այդ բոլորի տները կգնա միայն Լենինի հետ, այն էլ եթե առաջնորդը համաձայնվի:

    Հաջորդ օրը հայտարարվեց նոր քաղաքական դաշինքի ստեղծման մասին: Դաշինքի առաջին ասուլիսին ներկայացած դաշինքը ներկայացնող երիտասարդ աղջիկներն ու տղաները հայտարարեցին, որ իրենց նպատակն է դուրս բերել վերջապես երկիրն այս ծայրահեղ ծանր վիճակից եւ որ իրենց առավելություններըՙ մրցակիցներից բազմաթիվ են: Օրինակ այն, որ իրենց դաշինքի ստեղծման ակունքներում, կազմում, անգամ շենքին մոտ վարկաբեկված, հին, անցած, հինավուրց քաղաքական կերպարներ ու դեմքեր չկան:

    Հա, դաշինքն էլ կոչվեցՙ «Նոր Հայաստան»: Կուսակցության ցուցակն էլ գլխավորում էր ինչ-որ Մհեր: Փոքր-մոքր տղա էր, թերթերից մեկն էլ գրեց, որ նա մեր Փոքր Մհերն է, որը դուրս է եկել Ագռավաքարից, որպեսզի փրկի մեզ:

    Ուխա~յ…

  • ՀԱՐԿԱՅԻՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԿԱՆԽՎԻ, ԻՍԿ ԽՈՒՍԱՓՈՂՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸՙ ԿՀՐԱՊԱՐԱԿՎԵՆ

    Ա. Մ.

    Անդրադառնալով նախկինում իր կողմից տրված այն հանձնարարականին, որ հարկային ստուգումները պետք է իրականացվեն բացառապես ռիսկային համարվող սուբյեկտներում, իսկ փոքր ու մանր ձեռնարկություններումՙ միայն ծայրահեղ դեպքերում, երեկ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ մեղմ վարչարարությունը վերաբերվելու է բացառապես օրինապահ հարկ վճարողներին, իսկ հարկային վճարումներից խուսափելու յուրաքանչյուր դրսեւորում, անկախ հարկ վճարողի բնույթից, պետք է կանխվի: Նա տեղեկացրեց, որ պետական եկամուտների կոմիտեն ահազագնել է մի շարք բացասական երեւույթների մասինՙ իրացման շրջանառությունների եւ գների, աշխատողների թվաքանակի, վարձատրությունների մեծությունների թերհայտարարագրում, առանց հաշվարկային փաստաթղթերի ապրանքների մատակարարում, ծախսերի ուռճացում, ՀԴՄ կտրոնների շահագործման կանոնների խախտում: Այդ առնչությամբ վարչապետը կոմիտեի նախագահին հանձնարարեց հսկողություն սահմանել այդ երեւույթների նկատմամբ, կիրառելով «օրենսդրությամբ նախատեսված գործիքակազմը եւ յուրաքանչյուր եռամսյակ տեղեկություն ներկայացնել վարչապետի վերահսկողական ծառայությանն արձանագրված խախտումների վերաբերյալ»: Նա նաեւ պահանջեց պարբերաբար հրապարակել խախտումներ թույլ տված հարկ վճարողների տվյալները:

  • ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՅՑԵԼԵՆ ՆԵՐՔԻՆ ԱՆՁՆԱԳՐԵՐՈՎ

    Ա. Մ.

    «2000 թվականի սեպտեմբերի 25-իՙ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջեւ ՀՀ քաղաքացիների եւ ՌԴ քաղաքացիների առանց արտոնագրերի այցելությունների մասին համաձայնագրում հայտագրերի փոխանակման ձեւով փոփոխություններ կատարելու մասին» համաձայնագրի կնքման առաջարկությունը երեկ հավանության արժանացավ Հայաստանի կառավարության կողմից: Սա նշանակում է, որ ՌԴ քաղաքացիները Հայաստան կարող են գալ ներքին անձնագրերով: Ըստ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի , դա հնարավոր կլինի արդեն այս ամռանը: Նա նաեւ նշեց, որ այս փոփոխությունը կխթանի Ռուսաստանից դեպի Հայաստան զբոսաշրջության զարգացմանը:

  • ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՄԵԿՆԵԼ ԱՌԱՆՑ ՎԻԶԱՅԻ

    Ա. Մ.

    Հայաստանի կառավարությունը երեկ հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջեւ քաղաքացիների մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Հիշեցնենք, որ կառավարության նախորդ նիստում որոշում էր ընդունվել Դուբայում Հայաստանի Հանրապետոթյան հյուպատոսություն բացելու մասին: Ակնկալվում է, որ այս որոշումները կնպաստեն Հայաստանի Հանրապետության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջեւ առեւտրատնտեսական եւ զբոսաշրջային կապերի աշխուժացմանը:

  • ՊԼԱՆՇԵՏՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՎԵԼԱՑԵԼ Է 8,9 ԱՆԳԱՄՈՎ

    Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

    Պատրաստի արտադրանքի եւ հանքարդյունաբերության ենթաճյուղերը մնում են արդյունաբերության հիմնական շարժիչ ուժերը

    Անվիճելի է, որ տնտեսության որակական զարգացման մասին կարող ենք խոսել միայն այն դեպքում, երբ դա տեղի է ունենում արդյունաբերության եւ գյուղատնտեսության շնորհիվ: Մեր նախորդ հրապարակման մեջ («Անցնող 2016-ըՙ ցածր տնտեսական աճ, բարձր տեմպով աճող արդյունաբերություն», ԱԶԳ, 23 դեկտեմբերի 2016 թ.), 11 ամիսների արդյունքներով ամփոփելով նախորդ տնտեսական տարին, շեշտել էինք այն հանգամանքը, որ 2016-ին եւս Հայաստանում շարունակվել է վերջին 6-7 տարիների արդյունաբերության աճի բարձր տեմպը, հակառակ ընդհանուր տնտեսական շատ ցածր աճի: Այժմ ներկայացնենք, թե արդյունաբերական արտադրանքի 4 խոշոր ենթաճյուղերից որտեղ ի՞նչ զարգացումներ են եղել եւ ի՞նչ ցուցանիշներ արձանագրվել:

    Հիշեցնենք, որ 2016-ի այս պահին հայտնի 11 ամիսների ցուցանիշներով արդյունաբերական արտադրանքի աճը կազմել է 6,8 տոկոս: Արտադրանքի թողարկման ամենամեծ աճն արձանագրվել է «հանքագործական արդյունաբերություն եւ բացահանքերի շահագործում» ենթաճյուղումՙ 9,8 տոկոս: Այստեղ հիմնական համարվողՙ մետաղական հանքաքարի արդյունահանումն ավելացել է 10 տոկոսով: Միաժամանակ, չնայած բնեղեն արտահայտությամբ արտադրանքի թողարկման ծավալների ավելացմանը, գումարային առումով այս ճյուղում նվազում կաՙ պայմանավորված մետաղների միջազգային գների մինչեւ նոյեմբեր ամիսը եղած ցածր գներով:

    «Մշակող արդյունաբերություն» ենթաճյուղում, որի մեջ ներառված են պատրաստի արտադրանք թողարկող ճյուղերը, աճը եւս բարձր է եղելՙ 7,1 տոկոս: Այստեղ արձանագրված աճը ավելի արժեքավոր է, քանզի խոսքը ոչ թե հումքի, այլ վերջնական արտադրանքի մասին է: Առանձին արտադրատեսակներից հիշատակման արժանի են ծխախոտի, սննդամթերքի, խմիչքների, հիմնային մետաղների, պատրաստի մետաղե արտադրատեսակների գումարային աճը եւ ոսկերչական արտադրատեսակների, համակարգիչների, էլեկտրոնային, օպտիկական սարքավորանքի, էլեկտրական սարքավորանքների, հագուստի տպավորիչ տոկոսային աճը: Օրինակՙ պլանշետների արտադրությունն ավելացել է 8,9 անգամ, ոսկերչական իրերինըՙ 2 անգամ, գուլպեղենինըՙ 2,3 անգամ եւ այլն:

    Երրորդ խոշորՙ «էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու եւ լավորակ օդի մատակարարում» ենթաճյուղում աճը կազմել է 3,1 տոկոս, որի հիմնական բաժինն ընկել է էլեկտրական էներգիայի արտադրությանըՙ 4 տոկոս:

    Չորրորդ «ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում եւ վերամշակում» ենթաճյուղում արձանագրվել է 6,4 տոկոս աճ, որտեղ էլ հիմնական դերն ունեցել է թափոնների հավաքում, մշակում, ոչնչացում, վնասազերծում եւ նյութերի վերականգնումըՙ 18,1 տոկոս աճ:

    Եթե ամբողջության մեջ դիտարկենք արդյունաբերական արտադրանքի աճի ցուցանիշները ըստ վերոնշյալ ենթաճյուղերի, ապա պարզ է, որ հիմնական շարժիչ դերը խաղացել են պատրաստի արտադրանքի եւ հանքարդյունահանման ծավալների աճը: Եթե պահպանվի մետաղների գներիՙ նոյեմբերից սկսված բարձրացումը, ապա եկող տարի ոչ միայն բնեղեն աճ, այլեւ գումարային մուտքերի ավելացում կունենանք հանքարդյունաբերությունից:

    Ինչ վերաբերում է պատրաստի արտադրանքին, ապա արտադրության թողարկման ծավալներին զուգահեռ, ավելացել է նաեւ իրացումը, այդ թվումՙ արտահանումը: Հայաստանի ներքին շուկայում ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելուՙ կառավարության նոր մոտեցումը, եթե այն ամրապնդվի գործնական քայլերով, կարող է խթանել այս ենթաճյուղի զարգացումը:

    Ընդհանուր առմամբ, չնայած 2017-ը խորհրդարանական ընտրությունների տարի է, ինչը սովորաբար բացասաբար է ազդում տնտեսական ակտիվության վրա, հավանական է, որ արդյունաբերության աճի տեմպը առնվազն կպահպանվի:

  • ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՇՏԵՄԱՐԱՆԸ ԵՎ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՂԱՎՆԻ» ԱՄՆ-Ն

    ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

    Հաճախ կրկնվող կեղծիքը մուտք է գործում կրթական համակարգ

    Գերտերությունների միջեւ այսօր մղվող քարոզչական պատերազմն ընթանում է նաեւ Հայաստանում: Դժբախտաբար, դա իր ազդեցությունն է թողել բնակչության տրամադրությունների վրա, որոնք հեշտությամբ են հակվում դեպի ապատեղեկատվության վրա հիմնվող քարոզչությանը, շատ հաճախ առանց խորհելուՙ իրենց կեղծիք են մատուցում, թե՞ ճշմարտություն:

    Մեղմ ասած, տարօրինակ է, երբ ռազմավարական դաշնակից ենք մի երկրի եւ մտնում ենք նրա կազմած տնտեսական միության մեջ, բայց լրատվամիջոցների գերակշիռ մեծամասնությունըՙ սկսած իշխանական մեդիահոլդինգից, վերջացրած արտերկրից ֆինանսավորվող ընդդիմադիր կայքերով կամ թերթերով, որդեգրել է դաշնակից երկրի հանդեպ ատելություն տարածելու քարոզչությունը: Քարոզչություն, որը Ռուսաստանի Դաշնության դեմ իրականցվում է ԱՄՆ-ի եւ Եվրոմիության երկրների կողմիցՙ մեծամասամբ հիմնված ապատեղեկատվության վրա, քարոզչություն, որի նպատակներից մյուսն էլ այդ նույն երկրների կողմից սեփական հանցագործություները աշխարհի տարբեր տարածաշրջաններում սքողելն է:

    Հայաստանում ծավալվող «լավ» Ամերիկայի կամ Եվրոպայի եւ դրան հակադրող հակառուսաստանյան հիսթերիայիՙ վերջին տարիներին աննախադեպ բորբոքման պարագայում զարմանալի չէ դրա թողած ազդեցությունը մարդկանց վրա: Սակայն, հատկապես անընդունելի է, երբ այդ քարոզչությունը մուտք է գործում կրթական համակարգՙ դպրոցներ եւ բուհեր, այն էլ կրթության եւ գիտության նախարարության թույլտվությամբ կամ գիտությամբ: Եթե նախարարությունում անտեղյակ են Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություններին, ապա հարկ է տեղեկացնել այդ մասին, եթե կեղծիքի վրա հիմնված քարոզչության զոհն են, ապա պետք է աշխատանքներ կատարել իրականությանը ծանոթացնելու համար, այլ ոչ թե հրապարակել կրթական նյութեր, որտեղ առկա են բացահայտ կեղծիքներ եւ դրանց վրա հիմնված քաղաքականացված մոտեցումներ: Ինչի՞ մասին է խոսքը տվյալ պարագայում:

    2016 թ.-ի հրատակարության «Հայոց լեզու եւ գրականության 2017 թ.պետական ավարտական եւ միասնական քննությունների առաջադրանքների շտեմարան»-ի 1-ին մասի 1-ին գլխի 4-րդ բաժնում հարցերից մեկի մեջ կարդում ենք. «Միացյալ Նահանգները փորձում է խաղաղություն հաստատել Մերձավոր Արեւելքում»: Առնվազն ապշել կարելի է, թե ինչպես կարող է 16 լեզվաբաններից բաղկացած հեղինակային խմբից որեւէ մեկի մոտ հարց չառաջանալ, թե այդ ինչպե՞ս է Միացյալ Նահանգները փորձում խաղաղություն հաստատել Մերձավոր Արեւլքում, երբ նա պատերազմի գլխավոր հրձիգն է այդ տարածաշրջանում: Այդ ինչպես է ԱՄՆ-ն փորձում խաղաղություն հաստատելՙ զորքերի ներխուժումով Իրա՞ք, դրա հետեւանքով «իսլամական պետության» ստեղծման պատասխանատվությա՞մբ, որն անգամ այդ երկրիՙ պաշտոնաթող նախագահ Բարաք Օբաման է ընդունել, թե՞ Սիրիայում գործող ահաբեկչական կազմակերպություններին զինելով եւ ֆինանսավորելով, այդ երկրում արդեն 6 տարի շարունակվող պատերազմ հրահրելո՞վ, կամ գուցե այդ տարածաշրջանում ապրող միլիոնավոր մարդկանց, այդ թվում հայերի, փախստական դարձնելո՞վ, հարյուր հազարների ռմբահարելո՞վ եւ սպանելո՞վ, արաբական գարուն կոչվող արյունահեղություններ կազմակերպելո՞վՙ Թունիսից եւ Լիբիայից մինչեւ Սիրիա, չհաշված հետխորհդրային Ուկրաինայում եւ Մոլդովայում գունավոր կոչվող հեղափոխությունները: Մի՞թե լեզվաբան լինելը հիմք է տալիս անտեղյալ լինել այս ամենին, իսկ նախարարությանըՙ թույլ տալ նման հիմարություն մատուցել դպրոցականներին:

    Ի դեպ, հետխորհդրային Ուկրաինային նույնպես չի մոռացել շտեմարանի հեղինակային խումբը: Մեկ այլ առաջադրանքում կարդում ենք հետեւյալ նախադասությունըՙ «Անդրադառնալով ռուս-ամերիկյան վեճինՙ Ամերիկայի Միացյալ Նահանգները հաստատել են, որ պաշտոնական Մոսկվան քաղաքական ճնշում է գործադրում իր հարեւանների վրա»: Ինչո՞ւ է Ամերիկայի Միացյալ Նահանգները «հաստատումը» ընդգրկվել շտեմարանում: Եթե պատահաբար, ապա ինչպես է լինում, որ թե՛ նախորդ, թե՛ այս դեպքում միայն ամերիկյան ապատեղեկատվական քարոզչությունն է հայտնվում: Գուցե, ասենք, պատահաբար ռուսական տեսակետը հայտնվեր գոնե երկրորդ դեպքում: Սակայն ոչՙ «պատահաբար» ռուսական տեսակետ չի հայտնվել, հետեւաբար ոչ առաջինը բերված օրինակի, ոչ երկրորդի դեպքերում պատահականության մասին խոսք չի կարող լինել: Թե՛ շտեմարանի կազմողները, թե՛ հատկապես կրթության եւ գիտության նախարարությունը պարտավոր էին թույլ չտալ շտեմարանում քաղաքական գնահատական եւ կեղծիք արտահայտող նախադասություններն ընդգրկել: Դժվար է ասել, նախկին նախարար Արմեն Աշոտյանի, թե՞ ներկայիս նախարար Լեւոն Մկրտչյանի օրոք է հնարավոր դարձել դա, բայց միանշանակ է, որ նախՙ հարկ է հանել վերոնշյալ նախադասությունները շտեմարանից հաջորդ հրատարակության ժամանակ, իսկ ընդհանրապեսՙ կրթական համակարգը զերծ պահել նմանատիպ անապատասխանատու եւ մեր երկրի շահերից չբխող անհեթեթություններից: