Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

EWF-ն Ադրբեջանի դրոշն այրելը համարում է հարձակում սպորտի արժեքների վրա

Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիան (EWF)  խստորեն դատապարտում է 2023 թվականի ապրիլի 14-ին Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ տեղի ունեցած միջադեպը, երբ անձը հրկիզել էր Ադրբեջանի դրոշը։

EWF-ն այս ժեստը համարում է հարձակում սպորտի արժեքների վրա։

«Ցավում ենք, որ Ադրբեջանի Հանրապետության պատվիրակությունը ստիպված է եղել լքել մրցույթը, բայց միևնույն ժամանակ հարգում ենք այդ որոշումը։
EWF-ն անուշադրության չի մատնի այս իրադարձությունը և կքննարկի կատարվածի համատեքստում լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը։ EWF-ի ղեկավարությունը կմասնակցի այս առաջնության շրջանակում անցկացվող բոլոր միջոցառումներին՝ մինչև պատվիրակությունների մեկնումը, որպեսզի թիմերի անվտանգության բոլոր պայմանները պահպանվեն։

EWF-ը համերաշխ է Ադրբեջանի ազգային հավաքականի և Ադրբեջանի ֆեդերացիայի հետ և հասանելի է ցանկացած ձևի աջակցության համար, որը պահանջվում է սպորտի և արդար խաղի ոգուն համահունչ»,-ասված է հայտարարության մեջ։