Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը և Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը Բուլղարիայի նախագահի նստավայրում տեղի ունեցած հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով:
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հայտարարությունը.
«Մեծարգո նախագահ Ռադև,
Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ,
Տիկնայք և պարոնայք,
Ուրախ եմ պետական այցով գտնվել Բուլղարիայի Հանրապետությունում. խորհրդանշական տարում, երբ մենք նշում ենք երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը:
Խորին շնորհակալություն եմ հայտնում նախագահ Ռադևին՝ հրավերի և ջերմ հյուրընկալության համար: Երախտապարտ եմ նաև անկեղծ ու բարեկամական մթնոլորտում մտքերի փոխանակման, նշանակալի հարցերի շուրջ քննարկումների և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում մեր համագործակցության հետագա խորացման շուրջ փոխըմբռնման համար:
Ես հիշատակեցի դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը, սակայն պետք է անդրադարձ կատարեմ մեր երկու ժողովուրդների միջև բարեկամության, եղբայրության, փոխադարձ խորը հարգանքի և ըմբռնման դարավոր ավանդույթներին:
Մեզ միավորում են ինչպես ընդհանուր արժեքները և մշակութային մտերմությունը, այնպես էլ համատեղ՝ հանուն ազատության և անկախության հերոսական պայքարի պատմության էջերը:
Ցանկանում եմ խորին երախտագիտություն հայտնել բուլղարական պետությանը և բուլղար ժողովրդին՝ մեր հայրենակիցներին տրամադրած ապաստանի, հոգածության, խաղաղ ապրելու, զարգանալու և միևնույն ժամանակ ազգային ինքնությունն ու դիմագիծը պահպանելու հնարավորության համար:
Շնորհակալ եմ նաև հայկական մշակութային ժառանգության նկատմամբ բուլղարական իշխանությունների հոգատար վերաբերմունքի և հայ համայնքին շարունակաբար տրամադրվող աջակցության համար:
Հարգելի՛ գործընկերներ,
Մերօրյա Հայաստանը և Բուլղարիան կապված են փոխգործակցության համար անհրաժեշտ միջազգային իրավական արդյունավետ գործիքակազմով, առկա են երկկողմ հարաբերությունների առավել խորացման համար անհրաժեշտ բոլոր ձևաչափերը և մեխանիզմները:
Ցանկանում եմ գոհունակությունս հայտնել կայուն քաղաքական երկխոսության և երկկողմ հարաբերություններում գրանցվող հաջողությունների առնչությամբ:
Միաժամանակ, կարևորում եմ մեր երկու երկրների՝ տնտեսական, առևտրային և ներդրումային ոլորտներում առկա ներուժի առավել արդյունավետ օգտագործումը:
Բարձր եմ գնահատում մեր երկու երկրների միջև առկա համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ գործընկերության համատեքստում, ինչպես նաև Բուլղարիայի կայուն աջակցությունն այդ հարաբերությունների զարգացմանը, որի համար մենք շնորհակալ ենք:
Բուլղարիան Հայաստանի համար վստահելի գործընկեր է տարածաշրջանի փոխկապակցվածության բարձրացման ոլորտում: Բուլղարիան նաև այն բարեկամական դուռն է, որը բաց է դեպի Եվրոպա հայկական արտադրանքի արտահանման համար:
Հայկական կողմը հետաքրքրված է երկու երկրները միավորող ենթակառուցվածքների բարելավմամբ և զարգացմամբ, այդ թվում նաև՝ երկու մայրաքաղաքների միջև ուղիղ ավիահաղորդակցության հաստատմամբ: Այդ համատեքստում հաջող օրինակ էր ամառային ամիսներին Երևանից Բուլղարիայի ծովափնյա քաղաքներ ուղիղ չվերթների իրականացումը:
Բարձր եմ գնահատում նաև բուլղարական կողմի աջակցությունը Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքի ստեղծման գործընթացին:
Մեզ համար առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում համագործակցության խորացումը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, տրանսպորտի, գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, մշակույթի, զբոսաշրջության և բազմաթիվ այլ բնագավառներում:
Գոհունակություն եմ հայտնում նաև կրթության և գիտության, ինչպես նաև մշակույթի ոլորտներում համագործակցության համապատասխան ծրագրերով հաստատված միջոցառումների, այդ թվում՝ հայաստանցի ուսանողների՝ Բուլղարիայի բուհերում կրթության արդյունավետ կազմակերպման համար:
Վստահ եմ, որ առաջիկայում հնարավորություն կունենանք նաև նոր ազդակ հաղորդել և՛ խորհրդարանական դիվանագիտությանը, և՛ Տնտեսական ու գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին:
Ամփոփելով խոսքս՝ ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Բուլղարիայի իմ թանկագին բարեկամ և հեռատես պետական գործիչ, միջազգային հեղինակություն վայելող նախագահ Ռադևին՝ հայկական պատվիրակությանը ցուցաբերված ջերմ ընդունելության համար և վերահաստատել իմ պատրաստակամությունը՝ որպես Հայաստանի Հանրապետության նախագահ, շարունակել ջանքերը Հայաստանի և Բուլղարիայի միջև համագործակցության ընդլայնման ուղղությամբ»: