ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում.
«Մեծարգո՛ պարոն վարչապետ,
Հարգարժա՛ն տիկին նախագահ,
Հարգելի՛ պատվիրակներ, հյուրեր,
Տիկնայք եւ պարոնայք,
Ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանում: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համար մեծագույն պատիվ է հյուրընկալել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը: Երախտագիտություն եմ հայտնում նստաշրջանը Երեւանում հյուրընկալելու մեր հրավերն ընդունելու կապակցությամբ:
Այս տարվա ԵԱՀԿ նախագահության կարգախոսն ամբողջությամբ ընդգծում է այն արժեքը, որի վրա պետք է սեւեռված լինի մեր բոլորի ուշադրությունը: Այն է՝ «Սա մարդկանց մասին է»: Ցավալիորեն, ԵԱՀԿ ամբողջ տարածաշրջանը շարունակում է ցնցվել հակամարտություններից, եւ միլիոնավոր մարդիկ տառապում են պատերազմի ու հումանիտար ճգնաժամերի հետեւանքով, եւ այս խորհրդարանական համաժողովի քննարկման ու բանավեճի թեման, իսկապես, չափազանց կարեւոր ՝ ո՞րն է մեր դերը ճգնաժամի այս օրերին եւ ինչպե՞ս ենք մենք պատրաստվում հակազդել ներքին եւ արտաքին մարտահրավերներին:
Հարգելի՛ գործընկերներ,
Ցավոք, Հարավային Կովկասը եւս, արդեն տասնամյակներ շարունակ եւ հատկապես՝ վերջին տարիներին, բախվում է անվտանգային լուրջ մարտահրավերների, եւ Հայաստանը՝ որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ ու այս տարածաշրջանի դերակատար, փորձում է գտնել այն բանաձեւը, որը հնարավորություն կտա մեր տարածաշրջանի երկրներին խաղաղ գոյակցել եւ այստեղ ապրող մարդկանց զերծ պահել տառապանքներից: Այդ բանաձեւի կարեւորագույն բաղադրիչներից մեկը ժողովրդավարությունն է:
2018 թվականի թավշյա, ոչ բռնի ժողովրդական հեղափոխությունից հետո ժողովրդավարական բարեփոխումները եւ ժողովրդավարական արժեքների ընկալումը մեր երկրում դարձել են անշրջելի: Հայաստանը վստահ քայլում է այդ ուղղությամբ այն ընկալմամբ, որ ժողովրդավարությունը նաեւ անվտանգության կարեւորագույն երաշխիք է: Այս գործընթացը բավականին բարդ է, սակայն մենք իրականացրել ենք լայնածավալ բարեփոխումներ՝ ամրապնդելու ժողովրդավարական ինստիտուտները եւ արժեքները: Այդ բարեփոխումների շարքում առանցքային տեղ է զբաղեցնում կոռուպցիայի դեմ պայքարը, որը լինելու է այս համաժողովի քննարկման հիմնական թեմաներից մեկը: Մենք վճռական ենք հաղթահարելու բոլոր խոչընդոտներն ու արգելքները եւ շարունակելու Հայաստանի ժողովրդավարացման ուղին:
Տիկնայք եւ պարոնայք,
Ցավալիորեն, մեր տարածաշրջանում ժողովրդավարությունը չափազանց խոցելի է արտաքին մարտահրավերների կողմից, եւ ես ցանկանում եմ այս հնարավորությունն օգտագործել եւս մեկ անգամ ձեր ուշադրությունը հրավիրելու Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգային սպառնալիքներին եւ տիրող իրավիճակին: ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 2023 թվականի Վանկուվերի հռչակագրում դուք, հարգելի՛ գործընկերներ, շատ հստակ եւ աներկբա ամրագրել էիք ձեր դիրքորոշումը, որ մեր տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի, սակայն հռչակագրի ընդունումից հետո տարածաշրջանում անվտանգային իրավիճակը վատթարացել է:
Այս տարվա սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ հարձակման եւ էթնիկ զտումների հետեւանքով մեկ շաբաթվա ընթացքում ավելի քան 100.000 հայ ստիպված է եղել լքել Լեռնային Ղարաբաղը:
Ես եւ իմ մի շարք գործընկերներ երկար ժամանակ ահազանգել ենք միջազգային հանրությանը, որ Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության հեռանկարը գնալով ավելի ու ավելի իրատեսական է դառնում՝ 2022 թվականի դեկտեմբերին Լաչինի միջանցքի անօրինական շրջափակումից հետո: Սակայն միջազգային հանրությունը համարժեք միջոցներ չձեռնարկեց, եւ մենք ունենք այն, ինչ ունենք այսօր:
Ինձ համար չափազանց ցավալի է այս արձանագրումն անել այս դահլիճում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, երբ փոխանակ վերարժեւորելու մեր ժողովրդի պատմությունը եւ վերապրած փորձություններն ու նայելու առաջ, մենք ստիպված ենք առերեսվել պատմության գրեթե նույնական կրկնության՝ 21-րդ դարում: Հույս ունեմ, որ Լեռնային Ղարաբաղից Հայաստան բռնի տեղահանված հայերի հումանիտար խնդիրները եւս կդառնան այս վեհաժողովի քննարկման առարկա:
Հարգելի՛ գործընկերներ,
Մենք չենք ընկրկում դժվարությունների առաջ, եւ Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է խաղաղության օրակարգ՝ առաջարկելով տարածաշրջանի բոլոր երկրներին կարգավորել հարաբերությունները եւ համագործակցել:
Հայաստանի կառավարությունն իր ժողովրդից ստացել է մանդատ`խաղաղություն բերելու եւ ապագա սերունդների համար խաղաղ համակեցության դարաշրջանը հնարավոր դարձնելու համար: Հենց այդ պատճառով էլ Հայաստանը կառուցողականորեն ներգրավված է Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններում եւ ավելորդ է ասել, որ հարեւանների հետ խաղաղության ձգտումը միակողմանի գործընթաց չէ:
Այն բոլոր դժվարություններից հետո, որոնց միջով անցել են Հարավային Կովկասի ժողովուրդները վերջին տասնամյակներում, այսօր պատմական հնարավորություն կա խաղաղություն հաստատելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ:
Հայաստանն անկեղծորեն շահագրգռված է նաեւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմամբ եւ սահմանների ու կոմունիկացիաների բացմամբ եւ առանց նախապայմանների ներգրավվել է բանակցությունների մեջ: Ես մեծ հույս ունեմ, որ այս բանակցությունները տեսանելի ապագայում կտան ցանկալի արդյունքներ:
Մեր տարածաշրջանը խաղաղության կարիք ունի, եւ Հայաստանի Հանրապետության տեսլականը լավագույնս արտահայտված է «Խաղաղության Խաչմերուկ» անունը կրող նախագծում, որը պետք է արտահայտվի հետեւյալ կերպ. տարածաշրջանի բոլոր երկրներն ապրում են բաց սահմաններով, ճանապարհներով եւ ենթակառուցվածքներով, կապված են ակտիվ տնտեսական, քաղաքական, մշակութային կապերով, կուտակել են բոլոր հարցերը դիվանագիտության եւ երկխոսության գործիքներով լուծելու փորձ ու ավանդույթ: Մենք աջակցության հույս ունենք ոչ միայն տարածաշրջանային երկրներից, այլեւ միջազգային գործընկերներից եւ հանրությունից, որպեսզի Հարավային Կովկասի տարածաշրջանն իրապես դարձնենք խաղաղության խաչմերուկ:
Հարգելի՛ հյուրեր,
Թույլ տվեք եւս մեկ անգամ ողջունել ձեզ մեր երկրում: Մաղթում եմ ձեզ արդյունավետ նիստ: Վստահ եմ, որ այս օրերի ընթացքում այս սրահում եւ նրա պատերից դուրս կունենաք հաճելի շփումներ եւ հետաքրքիր քննարկումներ, որոնք կբխեն մեր երկրների բոլոր քաղաքացիների հետաքրքրություններից եւ շահերից:
Շնորհակալություն»: