Կիրակի, 26 Հուլիս, 2026

Իրան-Հայաստան բարեկամական խմբի անդամները հանդիպել են ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ

Հայաստանը կարեւորում է բազմադարյա պատմություն ունեցող եւ փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-իրանական ջերմ հարաբերությունները: Հայաստան-Իրան հարաբերությունները ռազմավարական մեծ նշանակություն ունեն. ողջունելով ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը՝ ասել է ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը:  Ընդգծելով խորհրդարանական տարբեր ձեւաչափերով համագործակցության անհրաժեշտությունը՝ Արմեն Խաչատրյանը նշել է, որ այն խթան կհանդիսանա միջխորհրդարանական համագործակցության հետագա ընդլայնման ու գալիք նախաձեռնությունների իրականացման համար:

ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ Իրանի արտաքին քաղաքականության  մեջ Հայաստանն իր առանձնահատուկ դիրքն ու կարեւորությունն ունի: «Ինչպես ընդգծել է Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդը, մենք աջակցում ենք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը եւ դեմ ենք սահմանների ու տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններին»,- ասել է Արա Շահվերդյանը:

Արմեն Խաչատրյանն ընդգծել է տարածաշրջանային անվտանգության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության հարցերում Իրանի ցուցաբերած դիրքորոշման կարեւորությունը:

Երկկողմ օրակարգն առաջ մղելու հարցում նշվել է, որ համագործակցության բազմաթիվ ոլորտներ կան, որտեղ պետք է խորացնել փոխգործակցությունը:

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 13-ին: