Երբ ասում են՝ պետական ինստիտուտներն այս իշխանությունը ոչնչացրեց` դրանք դարձնելով կառավարության ենթակա հիմնարկներ, իսկ նրանց ղեկավարներին` ՔՊ մասնաճյուղերի ղեկավարներ, մարդիկ հեռու չեն իրականությունից: Մի քանի օրինակ:
Խորհրդարանի ղեկավարը, ով ավելի բարձր մանդատ ունի, քան Նիկոլ Փաշինյանը, վարչապետի ենթակայի կարգավիճակից չբարձրացավ` կամաց հրաժարվելով սեփական կարծիքից եւ դառնալով փաշինյանական հակահայկական մտքերի վատ կրկնօրինակողը:
Պաշտպանության նախարարը, Երեւանի քաղաքապետը, արտաքին գործերի նախարարը, որոնք իր պայքարի ընկերներն էին եւ շանս ունեին իրենց դեմքը պահպանելու, վերածվել են իսկական ուրվականների, որոնք կա՛մ կրկնում են Փաշինյանին, կա՛մ ուղղակի լռում են, որ շեֆը չպատժի:
Գլխավոր դատախազը, ԱԱԾ տնօրենը, մանավանդ Հակակոռուպցիոն եւ Քննչական կոմիտեների ղեկավարները, վարչապետի հրահանգները կատարող, օրենք խախտելու հարցում ոչ մի կարմիր գիծ չունեցող անձինք են` կամակատարներ:
ԲԴԽ եւ ՍԴ նախագահներն ու անդամները դիմադրելու անընդունակ, Փաշինյանի ցանկությունները գուշակող մարմինների են վերածվել, որոնք իրենց ենթակա համակարգերի զտմամբ են զբաղված եւ նրա կամքին հակառակվելու մի գրամ ռեսուրս անգամ չունեն:
ՄԻՊ, ԿԳՄՍ եւ առողջապահության նախարարները պաշտոնի վրա դողացող կանայք են: Ներքին գործերի նախարարը, ոստիկանապետը, ներքին զորքերի հրամանատարը ստանձնել են հանրային դահիճների, իշխանությունը բռնի մեթոդներով պահողների դերը: Բանակի կորպուսների հրամանատարներ, ԳՇ պետ ու տեղակալներ, գեներալներ` մի ձգտում ունեն միայն. բարձր աշխատավարձ եւ ուսադիրներ:
Ի՜նչ հայրենիք ու Հայաստան, ի՜նչ սահմանների պաշտպանություն ու սպայի արժանապատվություն․ այս բոլորն անցած դարում մնացած, մոռացված արժեքներ են: