2024 թվականի հունվարի 21-ին, կյանքից հեռացավ իրանահայ անվանի մտավորական, պատմաբան, թյուրքագետ Հրաչ Ստեփանյանը։
Հ. Ստեփանյանը ծնվել և մեծացել է Թեհրանում, բարձրագույն կրթությունը ստացել Թեհրանի Պետական Համալսարանի «Իրավաբանական և Քաղաքական գիտությունների ֆակուլտետ»-ում:
Պատանի հասակից հետաքրքրված լինելով մասնավորապես հայոց պատմությամբ, իր ավարտական ատենախոսության թեման ընտրել էր պանթյուրքիզմը, մասնագիտորեն ուսումնասիրելով և հետազոտելով այն:
Այս բնագավառում նա հանդես է եկել բազում դասախոսություններով և իր գրչին են պատկանում հայերեն և պարսկերեն լեզուներով մի շարք քաղաքական վերլուծություններ և հոդվածներ, որոնք լույս են տեսել Իրանի «Արաքս», «Յոյս» և «Ապագա», ինչպես նաև Հայաստանի «Ազգ» և «Առավոտ» պարբերականներում:
Իր հոդվածներից և դասախոսություններից բացի, Հ. Ստեփանյանը հեղինակել է «Ներածություն Պանթյուրքիզմի» պարսկերեն գիրքը, որում նա հանգամանորեն վերլուծել է պանթյուրքիզմի գաղափարախոսությունը, նրա արմատները, զարգացումն ու տարածումը թյուրքախոս բնակչություն ունեցող երկրենրում՝ սկսած Օսմանյան Կայսրության ժամանակներից մինչև մեր օրերը։ Գիրքը լույս է տեսել 2005 թվականին և արժանացել մի շարք հեղինակավոր հայ և պարսիկ պատմաբանների և մասնագետների բարձր գնահատականին։
Հ. Ստեփանյանի հետաքրքրությունների շրջանակը եղել է բավականին լայն և ընդհարձակ: Տիրապետելով հայոց և պարսից գրականությանը, հեղինակել է մի շարք հոդվածներ, որտեղ նոր հայացքներով փորձել է մեկնաբանել իր սիրած պոետների՝ Չարենցի և Թումանյանի գաղափարա-փիլիսոփայական մտքերը: Ինչպես նաև համեմատել է դարեր կողք-կողքի ապրող երկու հարևան ժողովուրդների գրական և մշակութային փոխազդեցություններն ու նմանությունները:
Մասնավորպես հիշենք նրա “Թումանյանի Տիեզերական խոհերը”, որտեղ նա փորձել է Արևելքի համանման գաղափարաբանությունների (հիմնականում իրանական Էրֆանի) հետ զուգադրելով՝ մեկնաբանել մեծն պոետի քառյակների խորը փիլիսոփայական իմաստը։ Տվյալ հոդվածում ասվում է «․․․Կյանքի վերջին տարիներում (1916-1923) Թումանյանի ուշադրության կենտրոնում են արևելյան փիլիսոփայությունները, հատկապես այն ուսմունքը, ըստ որի մարդու դժբախտությունը բխում է նրա եսակենտրոն աշխարհըմբռնումից, եսապաշտությունից. և երբ մարդն ազատվում է «ես»-ի կապանքից, կամ ինչպես ասում են՝ «անէանում է», ապա նա ճանաչում և միանում է հավերժ կենդանի անհուն Աստծուն և ի վերջո ինքն էլ աստվածանում է»։
Հավատարիմ իր սկզբունքներին Հրաչ Ստեփանյանը ողջ կյանքում ապրեց իր ուրույն հայացքներով: Հավատալով հայ ժողովորդի անկոտրում կամքին, անգամ 2020 թվականի 44-օրյա պատերզամից հետո, նա վստահ էր, որ Հայաստանը նորեն ոտքի կկանգնի և կուղղի իր մեջքը։ Ինչպես հայ ժողովրդի և Հայաստանի, այնպես էլ իր անձնական կյաքնում, նա միշտ մնաց անկոտրում, շարունակելով պայքարել իր հիվանդության դեմ ՝ ապացուցելով որ երբեք չարժե հուսահատվել և հանձնվել: Իսկ իր մահվան հետ կապված նա միշտ հիշում էր Թումանյանին և կրկնում.
Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՜նչ կա որ.
Ես եղել եմ, կա՜մ, կլինեմ հար ու հավետ, ի՜նչ կա որ.
Հազար էսպես ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր,
Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՜նչ կա որ:
Եվ այսպես, տոգորված հայրենասիրությամբ և տիեզերական իր խոհերով, հունվարի 21-ի առավոտյան, կյանքին հրաժեշտ տվեց Հրաչը, միանալով Տիեզերական մեծ հոգուն, թողնելով մեզ ոչ միայն իր վառ հուշերը, այլ նաև իր մտքերը և գաղափարները որոնք թերևս ամենից շատ արտացոլվում են կրկին նրա կողմից շատ սիրված Թումանյանի այս տողերում.
Բարձր է հնոց աշխարհն Հայոց ու Մասիսը երկնադետ,
Իմ խոր հոգին էն բարձունքին խոսք է բացել Նրա հետ-
Անհաս բանից, սկզբանից, երբ չկան էլ դեռ չկար,
Մինչև վախճանն անվախճանի քնընում է դարե դար:
Մովսես Քեշիշյան, «Արաքս» շաբաթաթերթ, Թեհրան
Արսեն Նազարյան, Հաագա