Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

Պարեկն ու կովը. 2,4 միլիոն դրամով տուգանված կովը սատկել է, կտուգանվի կովի տերը

«Տավուշի մարզում ոստիկանության պարեկային մեքենան անզգուշաբար հարվածել է ճանապարհին հայտնված կովին։ Խաչատուր Սուքիասյանի անվան հետ կապվող ապահովագրական ընկերությունը վթարի մեղավոր է ճանաչել կովին, քանի որ այդ կովն անցել է ճանապարհի չթույլատրված մասով։

Այլ կերպ ասած՝ կովը մեղավոր է, որ հետիոտնային անցումով չի անցել ճանապարհը։

Վթարի կողմեր են ճանաչվել ոստիկանության պարեկը և կովը։

Հիմա ոստիկանի մեղքով վթարի պատճառով որոշվել է 2,4 մլն դրամով տուգանել կովին, բայց քանի որ կովը սատկել է, պիտի տուգանվի կովի տերը։

Գործը մտել է դատարան։

Փաստաբանների համար հետաքրքիր գործ է։ Տեսնենք, թե ով կստանձնի ոստիկանի ու կովի այս հույժ կարևոր դատավարությունը»,- տեղեկացնում է լրագրող Նաիրի Հոխիկյանը։

Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն արձագանքել է դեպքին. <Պետք է տուգանվի Դիլիջանի «արու» ղեկավարը, որ Դիլիջան համայնքի ճանապարհներին վխտում են նախիրները և երամակները»։