Azg.am-ի զրուցակիցն է հոգեբան Կարինե Նալչաջյանը։
-Տիկի՛ն Նալչաջյան, որպես հոգեբան՝ ինչպե՞ս կգնահատեք Նիկոլ Փաշինյանի վարքը՝ Երևան-Սևան ավտոճանապարհին գազալցակայանի հզոր պայթյունից ընդամենը ժամեր անց անհոգ հեծանիվ վարել Երևանի փողոցներում. արդյոք սա ադեկվատ պահվածք է։
-Թույլ տվեք՝ մի հարց տամ. իսկ ինքը հիմա կարողանո՞ւմ է քաղաքի փողոցներում ազատ հեծանիվ վարել՝ առանց իրեն պաշտպանող զորքի։ Դա մի տեսակ անհանվատալի է, եթե, իհարկե, Փաշինյանը փողոց դուրս չի գալիս վաղ լուսաբացին, երբ դեռ փողոցներում ոչ ոք չկա։ Այսօրվա պայմաններում նա չի կարող հանգիստ դուրս գալ, Երևանում հեծանիվ վարել։
-Տիկի՛ն Նալչաջյան, մարդկային ի՞նչ որակներով պետք է օժտված լինի երկրի առաջին դեմքը, որպեսզի Տավուշում թշնամուն միակողմանի զիջումների, Լոռիում գյուղացիներին պատուհասած բնական աղետի ֆոնին կարողանա սպորտային ժամանց կազմակերպել՝ կարծես ոչինչ չի պատահել։ Որքա՞ն կարոև է, որ երկրի ղեկավարն ունակ լինի ապրումակցելու շարքային քաղաքացուն։
-Գիտե՞ք, իմ կարծիքով այս ամենը հատուկ մտածված է, որովհետև շատ խելք պետք չէ, որ մարդը հասկանա՝ նման իրավիճակում իր այդ արարքը վատ կընդունվի, իր հեղինակության վրա բացասական ազդեցություն կունենա։ Կարծում եմ՝ սա միտումնավոր է արվում ։
Հիշո՞ւմ եք՝ ինչպես և ինչ կերպարով իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը. ժողովրդին սիրող, ժողովրդի առաջ խոնարհվող առաջնորդի կերպարով։ Բայց դա լավ մտածված ծուղակ էր, որովհետև շարքային քաղաքացիները, հասարակության լայն շրջանակները խորապես համոզված են, որ երկրի ղեկավարի կերպարում հայրականություն կա՝ զավակներին սիրող և նրանց համար ամեն ինչի պատրաստ հոր կերպար։ Սա շատ կարևոր է։
Նիկոլ Փաշինյանը եկավ հենց այդ կերպարով, որ Հայաստանի Հանրապետությունում պետք է արդարություն հաստատի, որ իր բոլոր «զավակները» պետք է բարեկեցիկ կյանքով ապրեն, որ չպետք է լինի մեկը, որը բարիքներից ավելի շատ կօգտվի, քան մյուսները։ Բայց սա, կրկնում եմ, ծուղակ էր։
Եթե ուշադիր վերլուծում ենք, տեսնում ենք, որ իշխանությունը գրավելուց անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանն այնպիսի բան էր ասում և անում, որ մարդիկ տարակուսում էին՝ «Ո՞նց, այս ի՞նչ է ասում, ի՞նչ է անում»։ Երբ մենք նայում ենք տարիների դինամիկային, տեսնում ենք, որ նա կամաց-կամաց սկսեց դիմակը հանել, իր դեմքը բացել։
Հիմա հասել ենք մի էտապի,երբ Փաշինյանն ամեն ինչ անում է ոչ միայն բաց և անթաքույց, այլև ամենավերջին աստիճանի իր դեմքը ցույց տալով։ Նա կարծես ասում է. «Հա՛, ես հենց սրան եմ ընդունակ»։
-Տիկի՛ն Նալչաջյան, հիշելով մի քանի այլ իրավիճակ ևս՝կարելի՞ է ասել, որ ՀՀ վարչապետի նման վարքագիծը օրինաչափության նման մի բան է դառնում։ Խոսքը և՛ իր, և՛ իր կնոջ, և իր թիմի մասին է։ Ինչ-որ դժբախտություն, ինչ-որ ողբերգություն, և այդ ֆոնին՝ իրենց խրախճանքները. այս անգամ հեծանիվ վարելն է, նախորդ անգամ՝ քեֆ-ուրախություն։ Իրենք, փաստորեն, ասում են, որ ժողովրդի դժբախտություններն իրենց ուրախությունն են։ Այսինքն՝ երկրի ղեկավարի կերպարի նշույլ անգամ չկա, հայրականության նշույլ անգամ չկա։
Եթե երկրում ինչ-որ բան է պատահում՝ դժբախտ իրադարձություն և այլն, հայրն ի՞նչ պետք է անի. ամեն ինչ թողած՝ նա պետք է զբաղվի դժբախտության աղբյուրը վերացնելով, պետք է տեսնի՝ ինչպե՞ս կարելի է ծագած խնդիրները լուծել։ Բայց Նիկոլ Փաշինյանը լրիվ հակառակն է անում։ Նա այսօր հասել է մի փուլի (և սա իրեն թելադրողներն են ասում, ինքն, իհարկե, ինքնուրույն չի գործում), որ բացահայտ ասում է՝ «Ես սա եմ, դուք այս օրն եք ընկել, ես սկզբից մինչև վերջ արհամարհում եմ ձեզ, ես ձեզ թշնամու ձեռքն եմ տալու»։
-Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը դեմոնստրատիվ կերպով ցույց է տալիս, որ հայրականության զգացմունքներ չի՞ տածում սեփական ժողովրդի նկատմամբ, գոնե իրեն ընտրած քաղաքացիների նկատմամբ։
-Նա շատ ավելի դաժան է հենց իրեն ընտրած մարդկանց նկատմամբ։ Եկեք հիշենք, թե նույն սահմանամերձ գյուղերում մարդիկ ինչ հույսեր էին կապում նրա հետ, նրա ոտքերի տակ ոչխար էին մատաղ անում, ընտրություններին նրան էին ընտրում, վիճում էին բոլոր նրանց հետ, որոնք այլ բան էին ասում։ Այսինքն՝ Փաշինյանի տեսակի մարդկանց համար բարոյական պարտավորվածածությունները, երախտագիտության զգացումները զրոյական մակարդակում են գտնվում։ Սա է իրականությունը։
Գիտե՞ք, եթե նույնիսկ իրականության մեջ տվյալ անձը շատ չի ցավում մարդկանց հետ տեղի ունեցածի համար, կամ նա ապրումներ առանձնապես չունի, գոնե պետք է հասկանա, որ դեմքը պահել է պետք։ Ինչ-որ նորմեր կան, որոնց հետևել է պետք։ Այստեղ բոլոր սահմաններն անցել են, խաղում են բաց՝ ցինիզմի ամենավերջին աստիճանով։
Իշխանություններն այսօր առաջնահերթ ծիծաղում են այն մարդկանց վրա, որոնք ընտրել են իրենց։ Մենք իշխանությունների կողմից առաջին արհամարհվածքները չենք. առաջին հերթին, կրկնում եմ, նրանք արհամարհում և նվաստացնում են այն փոքրաթիվ մարդկանց, որոնք դեռևս իշխանություններին պաշտպանելու աներևակայելի փաստարկներ են ուզում գտնել։
-Իսկ ինչպիսի՞ն են հակառակ թևի ներկայացուցիչների սպասումները, կամ առհասարկ պետք է ինչ-որ դրական սպասումներ ունենալ այսօրինակ իշխանություններից։
-Ես, որպես հայուհի, ինձ վիրավորված չեմ զգում, որովհետև վաղուց գիտեմ՝ Նիկոլ Փաշինյանն ով է։ Ես, որպես ՀՀ քաղաքացի, իրենից ոչ մի դրական, բարոյական բան չեմ սպասում։ Իսկ այն մյուսներին նա նորից, տեղը տեղին նվաստացնում է։
-Տիկի՛ն Նալչաջյան, ի՞նչ կասեք այն մի քանի տասնյակ քաղաքացիների մասին, որոնք այսօր լուսաբացին Նիկոլ Փաշինյանի հետ հեծանիվ էին վարում Երևանի փողոցներում։ Նրանք է՞լ են նույն արժեհամակարգին դավանում, ինչ երկրի առաջին դեմքը։
-Նախ, պետք է կողմնորոշվել՝ ովքեր էին այդ մարդիկ։ Շատ հնարավոր է՝ իրենց թիմակիցներն էին, ՔՊ-ականների բարեկամներ, որոնք այսօր մեծ հնարավորություն ունեն, իրենց իսկ բառերով, մեր պետությունը լափելու և ամեն ինչի պատրաստ են՝ պաշտպանեն Փաշինյանին, որ իրենց քաղցր կյանքը մի քիչ ավելի երկար տևի։ Մեկ այլ տարբերակ՝ մենք գիտենք, որ շատ դեպքերում մարդկանց բարոյական մակարդակն այնպիսին է, որ կարող են 30 արծաթով ինչ-որ բաներ անել։ Կա նաև այն տեսակը, որի համար երկիրը, հայրենիքն ու ուրիշի կյանքը արժեք չեն, և նրանք շատ հանգիստ կարող են գնալ, երկրի վարչապետի հետ հեծանիվ քշել։
Բայց ես կարծում եմ, որ նրանք հատուկ ընտրված մարդիկ են։ Միշտ կգտնվեն մի բուռ մարդիկ, որոնք կգնան այսպիսի արարքի։