Հայ ժողովուրդը և հայկական պետականությունը թերևս ապրում է իր պատմության ամենավտանգավոր և ամենասարսափելի ժամանակաշրջանը: Թող տարօրինակ չհնչի, բայց դա փաստ է և իրականություն: Պատերազմնե՜ր. առաջին, երկրորդ ու վախենում ենք անգամ մտածել երրորդի մասին… Ապրում ենք խիստ պայթյունավտանգ և դյուրագրգիռ տարածաշրջանում, որտեղ ամեն առավոտ և ամեն երեկո տեսանելի ու անտես կրակոցներ են, իսկ վառոդի հոտից մրմռում են մեր աչքերը: Պատերազմ է՝ չավարտվող մի մղձավանջ:
Որքան էլ մենք մտածում ենք գեղեցիկ ու բարեկեցիկ ապագայի մասին, իբրև պետություն, մենք աչք պիտի գցենք անցյալի փառապանծ ճանապարհին, պետք է տեսնենք բառիս ամենալայն իմաստով հերոսության իդեալներին, որոնք իսկական մարտիկներ էին, իսկական պայքարի ու վրեժի օրինակներ, իսկական հրամանատարներ, և որոնց արյամբ էլ կերտվեցին թունդ հաղթանակներ:
Այդպիսի հերոսներից է Հովիկ Ազոյանը, որն իր թիկնեղ ուսերին կրեց պատերազմի իր բաժին ծանրությունը, անցավ հերոսական ուղի, եղավ իսկական հրամանատար: Հրամանատար, որ փոշիների ու խճերի մեջ ստեղծեց զորամասի դասագրքային մի օրինակ, որի մասին կերազեր անգամ ամենահզոր ու մարտունակ բանակը: Նա նվիրրյալ էր, բառի ամենաշքեղ իմաստով: Նրա շուրթերից շեփորի պես զնգում էին բարդագույն, բայցև հաղթանակ պարգևող հրամանները: Իր ձեռամբ և անմիջական հրամատարությամբ ստեղծվեց լեգենդար Սիսական ջոկատը, այնուհետև Սիսական գունդը, որի հիմնադիր հրամանատարն եղավ:
Հովիկ Ազոյանն իր ջոկատով կռվել է ամենաթեժ կետերում, և իզուր չէր Վազգեն Սարգսյանն ասում, որ Սիսական գունդը Հայաստանի հանրապետության Շտապ օգնությունն է. որտեղ ամենաթեժ մարտն է, նրանք այնտեղ են:
Հայաստանի և Արցախի օրհասական պահին, երբ որոտում էին արկերը, Ազոյանը կարողացավ համախմբել իր պես տենդագին նվիրյալներին և ստեղծել ինքնապաշտպանական կամավորական ջոկատ: Առաջին իսկ օրերից կարողացան ետ մղել թշնամու անկանոն հրոսակախմբերի հարձակումները: Մարտի դաշտում Ազոյանի ջոկատը մկրտվեց կանոնավոր գունդ դառնալու երդումով, որի լուսե պսակի տակ պիտի հավաքվեին տղաներ, որոնց գործն ու անունը պիտի դեռ երկար, շա՜տ երկար թնդար:
Այո՛, Վազգեն Սարգսյանը զուր չէր կոչում «Շտապ օգնություն»: Ազոյանի ավանդը շրջադարձային է եղել Լաչինի միջանցքի պաշտպանության մարտերում: Նա մասնակցել է Զանգելանի, Ֆիզուլիի, Կուբաթլուի, Քելբաջարի շրջանների մարտական գործողություններին, ինչպես նաև եռանդուն մասնակցություն է ունեցել շատ քիչ խոսվող Գորիսի, Վայքի, Կապանի, Մեղրիի և Սիսիանի շրջանների սահամանամերձ բոլոր գյուղերի պաշտպանությանը:
Իրավամբ այդ թեժ կռիվներում նա դարձավ մարտական հրամանատար, պատրաստված սպա, որին պատերազմից հետո էլ սպասվում էր նոր ճանապարհ՝ արդեն կայացած զինվորականի, կռվի բովում եփված զինվորականի, պետություն-բանակ կազմավորող խոնարհ մարտիկներից մեկի ճանապարհ:
Հովիկ Ազոյանի լեգենդար ուղին, որ ռազմագիտության տեսանկյունից մինչ օրս էլ ուսուցանելի դասապլան է, մնաց անաղարտության մեջ. իր անվանն անհաղորդ անցան քաղաքական խարդավանքները, կուսակցական խժդժություններն ու բամբասանքի ամոթալի բծերը: Այդպիսինն էին Ազոյաններն առհասարակ: Նրանք Արևմտյան Հայաստանի Բասենի անարատ ծնունդ էին, և ամեն մեկն արժանի իր գործով և անունով կերտեց հայ նորագույն պատմության իրենց տողն ու էջը: Բասենցի Ազոյանը, որի ուսերին դրվեց ՀՀ հետախուզության ստեղծումն ու զարգացումը, Վրույր Ազոյանը, որ զոհվեց Աֆղանստանում՝ դիվանագիտական առաքելության ժամանակ և Վիլիկ Ազոյանը՝ մեծ ճանաչում ու սեր վաստակած հայորդի: Օրինակելի ընտանիք, և նույնքան օրինակելի զավակներ, որոնց անձնուրաց ավանդն անգնահատելի է:
Պատերազմից հետո Հովիկ Ազոյանը մինչ 2003 թվականը եղավ իր իսկ ստեղծած գնդի հրամանատարը: Սիսական գունդը միշտ եղել է կարգապահ և պատվելի գունդ Զինված Ուժերում և դա էր վկայում այն հանգամանքը, որ բոլորը ցանկանում էին ծառայել հենց այդ զորամասում: Ազոյանի բարոյական կերպարը կարծես ուղենիշ լիներ, և տղերքը, ինչպես պատերազմում, այնպես էլ խաղաղության ժամանակ իր հետ ուզում էին անցնել զինվորական ճանապարհ, որպեսզի… որպեսզի իմաստավոր և հիշարժան լիներ անցնելիք ուղին:
Այս է չնչին ակնարկը Ազոյանի ահռելի վաստակի մասին, որն ամեն տեսակ պարգևներից ու մեդալներից վեր է, և այս է ապրեցնելու իր ազնվական տոհմին:
Ծնունդդ շնորհավոր, հրամանատար, փառք ու պատիվ լեգենդար Սիսական գնդին, և մեր խոնարհումը քո անցած փառավոր ճանապարհին…
ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆ