ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը երբևէ չի հանձնարարել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին իրականացնել ՀՀ տարածքում մահմեդական հուշարձանների, գերեզմանոցների հաշվառման և ուսումնասիրման աշխատանքներ, ուստի նշյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Azg.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը։
Հիշեցնենք՝ գրավոր հարցմամբ խնդրել էինք մեզ տրամադրել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին հասցեագրված գրավոր հանձնարարականը, ըստ որի պետք է հաշվառվեն և ուսումնասիրվեն Հայաստանի Հանրապետության տարածքում մահմեդական հուշարձանները, այդ թվում՝ գերզմանոցները։
ԿԳՄՍՆ-ից նաև խնդրել էինք տեղեկատվություն տրամադրել, թե ի պատասխան Ադրբեջանի՝ Հայաստանի հասցեին հնչող զեղծարարությունների (իբրև ՀՀ տարածքում հազարավոր մզկիթներ են քանդվել և ադրբեջանական հետքը վերացվել է՝ խմբ.)ի՞նչ հակափաստարկներ են ներկայացվել Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի նիստին։
Ի պատասխան մեր հարցման՝ գերատեսչությունից տեղեկացրել են, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի նիստը (Ժնև) տեղի է ունեցել ս․թ․ հոկտեմբերի սկզբին, որին հայկական կողմը ներկայացել է մասնագիտական կազմակերպությունների (ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ», «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ներ, Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարան և այլն) կողմից գիտական հիմնավորումներ պարունակող հակափաստարկներով։
Հիշեցնենք՝ ավելի վաղ համացանցում տեղեկություններ էին հայտնվել, որ ԿԳՄՍՆ օժանդակությամբ և ՀՀ մտած արևմտյան խոշոր դրամաշնորհի ֆինանսական միջոցներով ազգագրագետ Հրանուշ Խառատյանը նոր առաքելություն է ստանձնել՝ լծվելու Հայաստանի Հանրապետության տարածքում մահմեդական, իսկ ավելի կոնկրետ՝ «թուրք-ադրբեջանկան պատմամշակութային հուշարձանների» և «պատմական հետքերի» որոնողական աշխատանքներին։
Ըստ տեղեկատվության՝ Խառատյանին այդ գործում օգնության ձեռք է մեկնելու Հայոց Ցեղասպանության թանգարան- ինստիտուտի տնօրեն, ազգագրագետ Հարություն Մարությանը։
Հարցին ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել էր նաև ՀՑԹԻ-ի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը։ Նա, մասնավորապես, գրել էր, որ Հ․ Մարությանի՝ ադրբեջանական ներկայության պաշտպանությամբ հանդես գալու ձգտումները ՀՑԹԻ-ում կոնֆլիկտի պատճառ է հանդիսացել։