Տարին սկսվեց կայանատեղիի վարձավճարի թանկացմամբ ու ավարտվելու է հասարակական տրանսպորտի թանկացմամբ:
Որոշ ժամանակ առաջ մեծ աղմուկ հանած տրանսպորտի թանկացման հարցը պատճառ դարձավ, որ օրինագիծը չընդունվի։ Հայտարարվեց, որ օրինագիծը կվերանայվի և նորովի կներկայացվի հասարակությանը։ Այդպես էլ եղավ․
«Սիրելի՛ երեւանցիներ, հարգելի՛ գործընկերներ։ Միասնական տոմսային համակարգի լրամշակված նախագծով, որը կքննարկվի ավագաու առաջիկա նիստում, նախատեսվում է՝ 30 օրվա համար 8800 դրամ, 90 օրվա համար 23600 դրամ, 365 օրվա համար 88000 դրամ՝ անսահմանափակ երթեւեկելու հնարավորությամբ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Երեւանի քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը եւ ավելացրել, որ ուսանողների, բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի համար կկիրառվեն զեղչեր։
Տրանսպորտի մասին նոր նախագծում գների իջեցում՝ նախորդի համեմատ եւ անսահմանափակ երթեւեկություն է խոստանում Երեւանի քաղաքապետարանը։
«Ժամանակին ներկաներն էին պայքարում տրանսպորտի թանկացման դեմ, իսկ հիմա իրենք են ձեռնամուխ եղել թանկացման ոչ թե 50 դրամով, այլ 200 դրամով։ Էս օրենքը որ վերջնական ընդունեն, ավելի լավ է մեքենա գնեմ կամ էլ տաքսիով տեղից տեղ գնամ։ Գոնե գիտեմ՝ մեջքիս վրա երկուսից երեք հոգի չեմ տանում»,- մեզ հետ զրույցում ասում է 39-ամյա Կարապետը:
Մինչև ուղեվարձի թանկացումը, Երեւանի քաղաքապետարանը պետք է ձեռանմուխ լիներ ավտոբուսի կանգառները վերկանգնելու և կահավորելու աշխատանքներին: Այսինքն՝ լինի գին-որակ հարաբերակցությունը: Բարեփոխումների իրականացման արդյունքում պետք է նաեւ հստակեցվի՝ որտեղ են կանգառները, կանգառներում լինեն ցուցատախտակներ, որտեղ կնշվի, թե երբ է մոտենալու տրանսպորտը, կամ այդ երթուղով ո՞ր համարի հասարակական տրանսպորտն է երթեւեկում:
«Իրար մեջ խցկված մարդիկ երթևեկում են քիչ է, մի հատ էլ տրանսպորտի գին են թանկացնում. առանց այդ էլ մեր ժողովուրդը հազիվ ապրում է՝ օրվա հաց վաստակելով։ Ինչո՞ւ են համեմատվում Եվրոպայի հետ, երբ մենք դեռ չենք հասել նրանց սոցիալական ապահովության և զարգացվածության մակարդակին։ Նախկինների դեմ ժամանակին պայքարողները շարունակում են նրանց գործը»,-ասում է 64-ամյա Սուսաննան:
Մեզ հետ զրույցում 29-ամյա Աննան, որը հասարակական տրանսպորտից հաճախակի չի օգտվում, հեգնանքով նշում է. «Շատ լավ է, «ինտեգրվում ենք» Եվրոպային: Ցավոք, աշխատավարձերը, կենսաթոշակն ու ծիծաղ առաջացնող կրթաթոշակները մնում են դեռ խուլ ու հետամնաց կովկասյան ստանդարտերի վրա:
Երբ համեմատում ենք հարեւան Թբիլիսիի հետ, նկատում ենք, որ արժեքը բավականին ադեկվատ է, և բացի այն, որ տարվա կտրվածքով է մատչելի, նաեւ փաթեթում ներառված է մետրոն, իսկ 90 րոպեի ընթացքում կարող ես ավտոբուսը փոխել անվճար»:
Երբ չկա համակարգային մոտեցում, ապա կարող ենք սպասել դուբլ երեքին էլ, չորսին էլ:
Հասմիկ Մխիթարյան