Բնականաբար նորմալ չէ, երբ պետության առաջին դեմքն ուղիղ եթերում խոսելու ընթացքում գրաֆինով ջուրը լցնում է աշխատանքային սեղանին։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ «Զրույցներ պետության մասին» խորագրով 4-րդ տեսանյութին, որտեղ վերջինս խոսում է իրավունքի, իրավազորության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության մասին՝ ընթացքում սեղանին լցնելով գրաֆինով ջուրը։
«Պետության ղեկավարի այսօրինակ արարքը ոչ միայն նորմալ չէ, այլև մեծ դժբախտություն է այն պետության համար, որի ղեկին ինչ-որ ճանապարհներով եկել-կանգնել է այսպիսի մի անձնավորություն»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Կարինե Նալչաջյանի խոսքով՝ 2018-ին, երբ գործող ռեժիմն իշխանության էր գալիս, հայտարարում էր, որ ինքն աննախադեպ է, և այսօր ՝դատելով Փաշինյանի հրապարակային գործողություններից՝ ստացվում է, որ գործող ռեժիմն իսկապես աննախադեպ է։
«Դժվար է գտնել որևէ պետության ղեկին կանգնած մարդու, որն այսպիսի պահվածք կդրսևորի։ Երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է ինչ-որ արժեքների մասին՝ իրավունք, ինքնիշխանություն և այլն, պետք է հասկանա, որ իր սուրն ուղղված է այդ ամենի ոչնչացմանը։
Սա շատ հետաքրքիր երևույթ է՝ ժխտում։ Այդ մարդուն իմանալով՝ պետք է ճիշտ հակառակը հասկանալ։ Ժամանակին, երբ Փաշինյանը ոգևորում, գայթակղում էր ժողովրդին, ասում էր՝ «Սիրում եմ ձեզ, խոնարհվում են ձեր առջև», դրա հետևում պետք էր հակառակը հասկանալ։
Հիմա ամեն ինչ շատ պարզ է։ Վեց տարի առաջ մենք փորձում էինք հասկացնել, որ մեծ փորձանք է եկել մեր հայրենիքի գլխին, իսկ հիմա կիրանցիներն այն խորհրդանիշն են, որ դեռ հույսեր են կապում այս անձնավորության հետ Բայց Փաշինյանը բացարձակ ծաղրանքով է խոսում, հայտարարում հայրենիքի ոչնչացման իր պլանների մասին։ Նա բերում-հասցնում է վերջակետին»,- ասաց հոգեբանը։
Կարինե Նալչաջյանը միաժամանակ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ եթե նախկինում Նիկոլ Փաշինյանի սիմվոլներն աշխատում էին, և հասարակության մի ստվար զանգված հավատում էր դրանց, արդեն հիմա Փաշինյանն ինքն է խուճապի մատնվում դրանցից։
«Դա իր ներքին խառնաշփոթի մասին է խոսում։ Փաշինյանն ամեն ինչ բերել-հասցրել է մի այնպիսի հանգրվանի, երբ բոլոր խաղաքարտերը բաց են։ Նա ժողովրդի հետ արդեն անկեղծ է։ Նրանք ամուսիններով ամեն ինչ անում են, որ վիրավորեն, նվաստացնեն և արհամարհեն մի ամբողջ ժողովրդի։ Բայց այլևս հնարավոր չէ, մարդիկ դա կուլ չեն տալիս։
Այն տրյուկները, որոնք նրան նախկինում հաջողություն են բերել, այլևս չեն աշխատում, և Նիկոլ Փաշինյանը խուճապի մեջ է։ Ես այս ամենին ներքին խուճապի տեսանկյունից եմ նայում»,- ամփոփեց հոգեբանը։