ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել` տեղեկացնելով, որ Փարիզում ընթրել է ֆրանսահայ կին հասարակական գործիչների հետ։
«Մասնակցում էին՝ Անահիտ Տոնապետյանը՝ Ֆրանսիայի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտի հայագիտության դասախոս, Քլեր Մուրադյանը՝ քաղաքագետ, պատմաբան, Մարինա Դեդեյանը՝ գրող, լրագրող, Կորին Զարզավանջյանը՝ արվեստագետ, դերասանուհի և Նադիա Գործունյանը, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Եվրոպայի և Ֆրանսիայի տարածաշրջանի տնօրենը։
Մեր ընթրիքը թեև Փարիզի կենտրոնում էր, բայց հեռու էր ֆրանսիական խիստ բարեկրթության և զսպվածության ոճից։ Շատ հայկական, թեժ և կրքոտ խոսակցություն ստացվեց։ Ֆրանսիացի անձնակազմի մոտ թերևս հարց կառաջանար՝ այդ ի՞նչն է, որ իրար մեջ չեն կարողանում կիսել հայոց տիկնայք փափկասուն։ Իսկ մենք փորձում էինք հասկանալ՝ այդ ի՞նչն ենք սխալ անում Հայաստանում և Սփյուռքում, որ մեր փոքրիկ և թանկ Հայրենիքի վերքերը ավելանում ու ավելանում են, ապաքինվելու փոխարեն»,-գրել է Աննա Հակոբյանը։