Հոգեբան Կարինե Նալչաջյանը լիովին հնարավոր է համարում, որ Ազատ գյուղում ողբերգական հրդհից փրկված և տեսախցիկի առջև եղելությունը պատմող զինծառայողի խոսքը կցկտուր լինի, սակայն միաժամանակ չի բացառում, որ վերջինիս ուղղորդած լինեն՝ ինչ խոսել, կատարվածն ինչպես ներկայացնել։
«Երկու տարբերակն էլ հնարավոր է։ Որ զինծառայողը շոկային վիճակում է, փաստ է, որ շոկային վիճակում խոսքը կարող է կցկտուր լինել, հիշողությունները՝ հատվածային, ևս փաստ է։ Չի բացառվում, որ նման հոգեբանական վիճակում գտնվող մարդը դեպքի որոշ դրվագներ մոռացած լինի, հետո հիշի, հիշողության աղավաղումներ ունենա»,- Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հոգեբանը։
Կարինե Նալչաջյանի խոսքով՝ եթե անգամ ողջ մնացած զինծառայողին ոչ մեկն ուղղորդած չլինի, նա հասկանում է, որ ինքը մի մեծ պատմության մեջ է, և իր ամեն խոսքը շատ կարևոր և պատասխանատու է։
«Երիտասարդը կարող է դրանից կարկամել, մտածել, թե ինչ է ասում. կարո՞ղ է իր խոսքերն իր իսկ դեմ օգտագործվեն։
Գիտե՞ք, իհարկե չեմ բացառում նման հանգամանքներում որոշակի միջամտությունները։ Մենք այնպիսի ժամանակներում ենք ապրում, որ իրականությունը պարտակելու համար կարող են նման բաներ արվել»,- ասաց հոգեբանը։
Հիշեցնենք, որ Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից փրկվածներից ժամկետային զինծառայող Գարուշը Factor TV-ի հետ զրույցում ավելի վաղ պաշտոնական վարկածից տարբերվող վարկած էր ներկայացրել՝ նշելով, որ զորանոցում պառկած մարդկանց չի հիշում, հակառակը՝ հիշում է վազվզող մարդկանց, որոնք փորձում էին դուրս գալ հրդեհված սենյակից։
Երիտասարդը նաև պատմել էր՝ մի կերպ է դուրս եկել այրվող շինությունից։ Նրա խոսքով՝ ծառայակիցները փորձել են կոտրել սենյակի դուռը, բայց չի ստացվել։ Այդ ընթացքում Գարուշը վնասվածքներ է ստացել, ընկել գետին։ Նա հազիվ է փրկվել՝ դուրս գալով պատուհանի ճաղավանդակների արանքից։