Azg.am-ի թղթակցի հետ զրուցակիցն է «Ունիսոն» հ/կ նախագահ Արմեն Ալավերդյանը։
-Պարո՛ն Ալավերդյան, հուլիսի 1-ից Հայաստանում կենսաթոշակները բարձրացել են. նվազագույն կենսաթոշակը 31 հազար 600 դրամից դարձել է 36 հազար դրամ: ՀՀ վարչապետն ավելի վաղ նշել էր, որ 36 հազար դրամը Հայաստանում այս պահին հաստատված նվազագույն պարենային զամբյուղի արժեքի 99.5 տոկոսն է: Կարծում եք՝ թոշակառուներն իսկապե՞ս կկարողանան իրենց ամսական ծախսերը տեղավորել նշված գումարի մեջ։
-Ես, իհարկե, չեմ ֆիքսվում իմ անձի վրա, որովհետև աշխատում եմ, ինչպես ասում են՝ ձեռքս քարի տակ չէ, բայց կան հաշմանդամություն ունեցող բազմաթիվ անձինք, որոնք աշխատելու որևէ հնարավորություն չունեն և ապավինում են միայն կենսաթոշակին։ Այդ գրոշներն, իբրև թե բարձրացվող կենսաթոշակներն անընդունելի ցածր թվեր են, որովհետև կենսաթոշակի հույսով ապրող մարդուն պետք է ապահովել մինիմալ զամբյուղով։
Ես, ունենալով բավականին մեծ աշխատանքային ստաժ, ստանում եմ ընդամենը 57 հազար դրամ թոշակ։ Բայց կենսաթոշակ նշանակողներն այս գումարով քանի՞ օր կապրեն։ Թող էքսպերիմենտ անեն, վերցնեն 50 հազար դրամ, սառեցնեն իրենց հաշվները, քարտերը և կուտակումները և փորձեն մեկ ամիս այդ 50-60 հազար դրամով ապրել։ Ինձ թվում է՝ մի երկու օրում, անգամ շատ խնայողաբար ծախսելու դեպքում, այդ գումարը կսպառվի։
Իսկ ի՞նչ պետք է անեն այն մարդիկ, որոնք կենսաթոշակից բացի՝ այլ եկամուտ չունեն, ընդ որում՝ ոչ թե իրենց ծուլության կամ անբանության, այլ ֆիզիկական վիճակի, աշխատատեղերի բացակայության պատճառով։ Իհարկե, մարդը պետք է ակտիվ, ստեղծագործ լինի, բայց որոշ դեպքերում դա պարզապես անհնար է։ Նման դեպքերը շատ են, էլ չեմ ասում մարզերում ապրող մարդկանց մասին։ Ի՞նչ պետք է անեն կարիքավոր մարդիկ այդ ողորմելի գումարներով։
Այդ ի՞նչ զամբյուղի է կենսաթոշակը հերիքում, այդ զամբյուղի մեջ ի՞նչ է մտնում՝ միայն ամենաէժան հա՞ց։ Միայն հա՞ց լինի՝ առանց կարագ, առանց կաթնամթերք և այլն։ Էլ չեմ ասում, որ պարենային ապրանքներից բացի՝ մարդը պետք է կարողանա հոգալ իր հիգիենայի պարագաների, դեղերի, կոմունալ վճարների, հագուստի հետ կապված հարցերը։ Ուրեմն ո՞նց են հաշվել, որ կենսաթոշակը հաստատված նվազագույն պարենային զամբյուղի արժեքի 99.5 տոկոսն է։
-Որքա՞ն էր նախկինում կազմում Ձեր կենսաթոշակը և որքա՞ն է կազմում այժմ։
-Հիմա 57 հազար դրամ եմ ստանում, 4800 դրամով է բարձրացել։
-Պարո՛ն Ալավերդյան, իշխանությունների՝ կենսաթոշակի բարձրացման մանիպուլյացիան ի վերջո ի՞նչ նպատակի է ծառայում։ Արդյոք հանրությանը խաբելու և իմիտացիա ստեղծելու։
-Ես իրենց դրդապատճառները չէի ցանկանա վերլուծել, բայց փաստը մնում է փաստ, որ ՀՀ քաղաքացիներն օրեցօր ավելի ու ավելի վատ են սկսում ապրել՝ հաշվի առնելով այն հսկայական գնաճը, որ արդեն անգամներով է զգացվում։ Հացը, միսը, կաթնամթերքն այնքան են թանկացել, որ թոշակները 5-10 տոկոսով բարձրացնելը գոնե կարելի էր ներկայացնել շատ համեստ։
Կարելի էր ընդամենն ասել՝ «Կներեք, ժողովուրդ ջան, բայց մեր հնարավորություններն այսքանն են»։ Եթե ես լինեի իշխանավոր և ունենայի սուղ բյուջե (չնայած չեմ կարծում, որ ՀՀ բյուջեն սուղ է), կասեի՝ «Հարգելիներս, հասկանում ենք, որ կենսաթոշակների բարձրացումը ձեր ոչ մի կարիքի բավարարմանը չի ծառայում»։
Հաշմանդամություն ունեցող անձանցիցի շատերն ապրում են վարձով, իսկ բնակարանների վարձավճարները, գիտեք, անգամներով են բարձրացել։ Մարդիկ, կարելի է ասել, փողոցում մնալու վտանգի առջև են։
-Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ հանրության մեծ մասն անգամ պարզագույն հաշվարկ չի կատարում և Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված թվերն ուղղակի «հալած յուղի» տեղ է ընդունում։ Մարդիկ չե՞ն հասկանում, թե չեն ուզում հասկանալ կենսաթոշակների բարձրացման իմիտացիան։
– Երկուսն էլ, կարծում եմ։ Մի մասն իրոք չի հասկանում, մյուս մասն էլ տրված է էյֆորիկ քարոզչություններին։ Երբ կառավարության կողմից ամպագորգոռ հայտարարություններ են արվում՝ այսինչ բանն աննախադեպ է, հրաշալի է կամ պատմության առաջին անգամ է, մարդկանց մի մասն, իրոք,« հալած յուղի» տեղ է ընդունում իշխանությունների հայտարարությունները։ Դա շատ ցավալի է. մեր հասարակությունը պետք է ավելի գիտակից լինի և իր գրպանի գումարը կարողանա հաշվել։
-Պարո՛ն Ակլավերդյան, որքա՞ն կենսաթոշակ պետք է ստանա ՀՀ քաղաքացին՝ արժանապատիվ կյանք ունենալու համար։
-Ես, իհարկե, տնտեսագետ չեմ, բայց գոնե 100 հազար դրամը այն նվազագույն շեմն է, որից պետք է սկսել, որպեսզի մարդը սովամահ չլինի, ձմռան ամիսներին ցրտից կուչ չգա կամ փողոցում չհայտնվի։ Այստեղ պետք են ռեալ հաշվարկներ՝ առանց մանիպուլյացիաների, քաղաքական խաղերի և էմոցիաների։ Պետություննն ինչ-որ ձևով պետք է փոխհատուցի կենսաթոշակի հույսով ապրող մարդկանց, միգուցե կոնկրետ հաշմանդամություն ունեցողներին օգնի անհրաժեշտ պարագաներով։ Այս ամենը չպետք է լինի ձևական , այլ պետք է լինի իրոք մարդակենտրոն։
Ես վստահ եմ, որ համապատասխան հաշվարկներ նույնիսկ արված են, պարզապես երևի չեն հրապարակում։ Մենք ունենք փայլուն մասնագետներ, որոնք կարող են հստակ և հիմնավորված անել այդ աշխատանքը, հաշվարկել արժանապատիվ նվազագույն կենսաթոշակը։ Կարծում եմ՝ լիովին իրատեսական է կրճատել մի շարք անիմաստ ծախսեր՝ միջոցներն ուղղելով սոցիալական ծրագրերին։
-Ընդհանրացնելով՝ կարո՞ղ ենք փաստել, որ կառավարությանը չի հաջողվել մարդակնետրոն քաղաքականություն մշակել և ՀՀ քաղաքացիներին ապահովել արժանապատիվ կենսաթոշակով։
-Փաստը մնում է փաստ, որ այսօր ոչ մարդակենտրոն և անընդունելի քաղաքականություն է վարվում։ Պարտադիր չէ պաշտոնյաների համար գերշքեղ սպասարկող մեքնենաներ ձեռք բերել։ Վստահ եմ՝ այլ ծախսեր ևս կարելի է կրճատել և այդ գումարներ ուղղել սոցիալական ծրագրերին։