Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Ուզում եմ իմանաք, որ հպարտանում ենք ձեզնով. նախարարը ողջունել է ըմբիշներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան և երիտասարդական հավաքականներին, որոնք վերջերս մեդալներով վերադարձել են Ալբանիայում և Իսպանիայում անցկացված Եվրոպայի առաջնություններից:

«Բոլորիս շատ մեծ ոգևորություն ու դրական էմոցիաներ պարգևեցիք: Հատկապես ուրախ եմ, որ պատանիներն ու երիտասարդներն են լավ արդյունքներ գրանցում, որը նշանակում է՝ ունենք հուսալի ապագա և մեծահասակներին արժանի փոխարինողներ: Հաջողությունները տարիների հետևողական ու բարդ աշխատանքի արդյունք են. շնորհակալ եմ այդ հսկայածավալ աշխատանքի համար: Ուզում եմ իմանաք, որ հպարտանում ենք ձեզնով»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:

Մարզիկներին և մարզիչներին շնորհավորել ու անձնվեր աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

«Վերջին տարիներին ՀՀ կառավարությունը որդեգրել է սպորտին օժանդակելու, մրցումներ անցկացնելու և միջոցներ հատկացնելու քաղաքականություն, որպեսզի արդյունքները հետագայում տեսանելի լինեն: Մեդալների այսպիսի քանակ ու հատկապես թիմային այսպիսի արդյունքներ երբեք չէին եղել: Սա մեր և ձեր ճիշտ աշխատանքի արդյունքն է»,- նշել է Կարեն Գիլոյանը: