ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինծառայողներից մեկի որոնողական աշխատանքներն այս պահին շարունակվում են, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
Հարցին՝ արդյոք պաշտպանական գծերի, մարտական դիրքերի վերահսկողություն չի իրականացվում, որ ադրբեջանցի զինծառայողները կարողացել են անարգել ներթափանցել ՀՀ տարածք և մուտք գործել Բնունիս համայնքի գյուղացիների տուն, Արամ Թորոսյանը պատասխանեց.
«Ես Ձեր հարցին ի պատասխան՝ միայն կարող եմ հղում անել մեր երեկվա հաղորդագրությանը, համաձայն որի ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի զինված ուժերի մեկ զինծառայող, ըստ որի խոսքի՝ իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքներն այս պահի դրությամբ շարունակվում են։
Մնացյալ հանգամանքները կպարզվեն հընթացս»։
Հիշեցնենք, որ ըստ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների՝ նախօրեին Սիսիանի Բնունիս գյուղ մտած ադրբեջանցիները երկուսն են եղել՝ մեկին գյուղացիները բռնել է, մյուսը դեռ չի հայտնաբերվել։
Ադրբեջանցի զինծառայողներն ուշ գիշերով թակել են գյուղի բնակիչներից մեկի դուռը, տանտիրուհին՝ Շողիկ Մաթևոսյանը, դուռը բացել է, տեսել է դիմակավորված զինվորականների։ Նա ոստիկանություն է ահազանգել։
Ադրբեջանցուն, սակայն, հայտանաբերե են ոչ թե Բնունիսում, այլ հարևան Աշոտավան գյուղում։ Նա քաղաքացիական հագուստով է եղել։
Հականշական է, որ Բնունիս և Աշոտավան համայնքներն ադրբեջանական դիրքերից զգալի հեռու են՝ուղիղ գծով մոտ 20 կմ հեռավորության վրա։ Բայց թե ինչպես են ադրբեջանցիները անարգել ներթափանցել Հայաստանի տարածքի խորքը, այս պահի դրությամբ պատկան մարմինների կողմից որևէ պարզաբանում չի ներկայացվել։