Հաշվի առնելով ԱԺ քպ-ական մի շարք պատգամավորների կողմից ընդդիմադիրների նկատմամբ անպատիժ ձեւով ֆիզիկական ուժ կիրառելու, նրանց վրա անպատիժ ձեւով հարձակվելու հարուստ փորձը՝ Մհեր Սահակյանը գնահատել է իրավիճակը այնպես, որ առկա է Վլադիմիր Վարդանյանի կողմից իրեն հարվածելու իրական վտանգ, եւ ինքնապաշտպանության նկատառումով նրան հասցրել է մեկ հարված. գրել է Սահակյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
«Ստանձնել եմ ձերբակալված ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի պաշտպանությունը։ Այս պահին նա գտնվում է ոստիկանության Արաբկիրի բաժնում, շուտով հավանաբար կտեղափոխվի Երեւանի քննչական (Պարույր Սեւակի փողոց):
Լիազորված եմ հանրությանը ներկայացնել Մհեր Սահակյանի պարզաբանումը միջադեպի կապակցությամբ. Պետաիրավական հանձնաժողովի փակ նիստի ժամանակ քպ-ական պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Վ.Վարդանյանը ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ դրսեւորել է ագրեսիվ վարքագիծ, իսկ Մհեր Սահակյանը խոսքով արձագանքել է այդ վարքագծին։ Այնուհետեւ քպ-ական նույն պատգամավորը նստած տեղից կանգնել է ու քայլել Մհեր Սահակյանի ուղղությամբ։ Հաշվի առնելով ԱԺ քպ-ական մի շարք պատգամավորների կողմից ընդդիմադիրների նկատմամբ անպատիժ ձեւով ֆիզիկական ուժ կիրառելու, նրանց վրա անպատիժ ձեւով հարձակվելու հարուստ փորձը՝ Մհեր Սահակյանը գնահատել է իրավիճակը այնպես, որ առկա է Վարդանյանի կողմից իրեն հարվածելու իրական վտանգ, եւ ինքնապաշտպանության նկատառումով նրան հասցրել է մեկ հարված։ Հարվածի արդյունքում վտանգը չեզոքացվել է։
Հայհոյանքներ չեն հնչել, այլ հարվածներ չեն եղել»,- գրել է Մելիքյանը:
Նշենք, որ այսօր, ԱԺ-ում տեղի ունեցած պետաիրավական հանձնաժողովի նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ձայնը բարձրացրել է, իսկ այնուհետև ոտքի ցատկելով փորձել է հարձակվել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Սահակյանի վրա:
Տեղի է ունեցել քաշքշուկ, որից հետո գործին միջամտել են իրավապահները և ԱԺ-ից բերման ենթարկել պատգամավոր Մհեր Սահակյանին: