Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

Զոռբայությամբ, լաչառությամբ, ստերով եւ ճտպտան բառակույտով այլեւս անհնար է կոծկել քաղաքական հետապնդումների աղաղակող փաստերը

Ազգային Ժողովի նախագահի պաշտոնը շռայլորեն վայելող անձը լրագրողների հետ զրույցում, ի թիվս բազմաթիվ այլ ստերի, քիչ առաջ հայտարարեց, որ Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ չէ, քանի որ իբր չկա դա մատնանշող որեւէ միջազգային զեկույց. Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում արած հայտարարությանն անդրադարձել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Այդ կեղծիքը հերքելու համար տեղադրում եմ երկու խոշորագույն (եվրոպական եւ համաշխարհային) քաղաքական ընտանիքների հատուկ բանաձեւերը, որոնցով Արմեն Աշոտյանը հստակորեն ճանաչվել է որպես քաղաքական բանտարկյալ։

1. Եվրոպական Ժողովրդական կուսակցությունը (EPP) 2023 թվականի նոյեմբերի 14-ին ընդունված «Աջակցելով Եվրոպայի քաղաքական բանտարկյալներին աճող ավտորիտարիզմի ժամանակ» հրատապ բանաձեւում Հայաստանից ընդգրկել է հենց Արմեն Աշոտյանի դեպքը որպես քաղաքական հետապնդում (կցվում է):

2. Կենտրոնամետ դեմոկրատների ինտերնացիոնալը (IDC-CDI) 2024 թվականի ապրիլի 9-ին առանձին բանաձեւով է անդրադարձել Հայաստանում քաղաքական հետապնդումներին՝ ընգծելով հենց Արմեն Աշոտյանի դեպքը (կցվում է):

Զոռբայությամբ, լաչառությամբ, ստերով եւ ճտպտան բառակույտով այլեւս անհնար է կոծկել Հայաստանի բազում խնդիրները, այդ թվում՝ քաղաքական հետապնդումների աղաղակող փաստերը»,-գրել է Մելիքյանը։