Azg.am-ի զրուցակիցն է լրագրող Դավիթ Սարգսյանը։
-Դավի՛թ, մարտի 31-ին Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հայց է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան Ձեր և «168 ժամ» ՍՊԸ -ի՝ ներողություն խնդրելուն, պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու պահանջով։ Ձեր աշխատավարձային հաշվեհամարի և անշարժ գույքի վրա կալանք է դրվել, քանի որ հայցվոր կողմը դատարանից պահանջել է նաև կիրառել հայցի ապահովման միջոց, ինչը բավարարվել է մասնակի՝ 9 միլիոն դրամի չափով:
Ինչո՞ւ, ըստ Ձեզ, Տիգրան Ավինյանը փորձ չի կատարել խնդիրը լուծել նախ արտադատական կարգով, այդ թվում՝ խմբագրությունից չի պահանջել հերքում հրապարակել, այլ միանգամից դիմել է դատարան։
-Այս պահին ո՛չ ես, ո՛չ խմբագրությունը դեռ հայցը չենք ստացել, և մենք չգիտենք՝ նա առհասարակ որևէ փոխհատուցման կամ բռնագանձման պահանջ ներկայացրե՞լ է։ Առանց տեղյակ պահելու՝ անմիջապես հայցի ապահովման միջոց է կիրառվել, իսկ հաջորդ օրը՝ նաև լրատվամիջոցի հաշիվների և անշարժ գույքի վրա։
Ընդ որում՝ սա աննախադեպ է, երբ լրագրողի, ոչ թե լրատվամիջոցի, գույքի և հաշիվների վրա այդ չափի հայցի ապահովման միջոց է դրվում։ Այսինքն՝ դատաքննությունը դեռ չսկսված՝ հայցվորի պահանջով դատարանը կալանքի տակ է վերցնում նրա ունեցվածքը, գույքը, երբ նույնիսկ դեռ հայցը չի ստացվել։
Եթե Տիգրան Ավինյանը վեճը նույնիսկ արտադատական կարգով չլուծեր, կարող էր դատական կարգով ընդամենը պահանջել հերքում և պատասխան, ինչը նախատեսված է Քաղաքացիական դատավարության օրենսգրքով։ Բայց նա դա էլ չի արել և ինձ ու լրատվամիջոցին, որպես առանձին պատասխանող սուբյեկտներ, դատի է տվել ոչ թե վիրավորանքի և զրպարտության, այլ պատվի, արժանապատվության և գործարար համբավի արատավորման և այդ տեղեկությունները հերքելու և փոխհատուցում վճարելու մեղադրանքով։ Այսինքն՝ ինքն էլ ընդունում է, որ իմ ասածի մեջ ո՛չ վիրավորանք կա, ո՛չ զրպարտություն, այլ ընդամենը նախկինում հրապարակված և երբևէ չհերքված, ավելին՝ նաև ապացուցված փաստերի արձանագրումներ են և դրանց հիման վրա մի քանի գնահատողական դատողություններ, ինչպես օրինակ՝ «նորահայտ մեծահարուստ», «կոռուպցիոներ», «քաղաքական և տնտեսական կոռուպցիա», «անշեղորեն հարստանում է նրա ընտանիքը» և այլն։
Այս բոլորի իրավունքը լրագրողը ոչ միայն ունի, այլև այդ իրավունքը անխոցելի է և պաշտպանված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի տասնյակ նախադեպային որոշումներով։ Լրագրողը միայն փաստահավաք առաքելություն չի իրականացնում. նա ազատ է նաև գնահատողական դատողություններ անելու՝ իր ձեռքի տակ ունեցած փաստերի հիման վրա։
Իսկ թե ինչու Ավինյանը արտադատական կարգով չի փորձել հարցը լուծել, շատ պարզ է. որովհետև նրա նպատակը չէ այդ տվյալները հերքելը, որովհետև նա հրաշալի հասկանում է, որ դրանք փաստացի ճշմարտություն են և համապատասխանում են իրականությանը։ Նրա նպատակը բացառապես մեկն է՝ ճնշում գործադրել լրատվամիջոցի և լրագրողի վրա, վախեցնել լրատվամիջոցին և լրագրողին, ինչպես նաև մեր մյուս գործընկերներին։
Առաջիկայում նախընտրական շրջան է, և Տիգրան Ավինյանը հրաշալի հասկանում է, որ ես հրապարակել եմ իմ ձեռքի տակ ունեցած փաստերի փոքր մասը միայն։ Առաջիկայում նրա պոտենցիալ ընտրողներին նոր բացահայտումներ են սպասվում։
-Այսինքն՝ հակված եք կարծելու, որ Երևանի փոխքաղաքապետի գործողությունների իրական նպատակը լրատվամիջոցին սնանկության հասցնելն է՝ վերջնարդյունքում նաև դադարեցնելու նրա գործունեությունը։
– Նա հրաշալի հասկանում է, որ լրագրողին և լրատվամիջոցին լռեցնելու լավագույն ձևը ֆիանանսական և նյութական կորուստ պատճառելն է և դրա համար էլ գնացել է այդ ճանապարհով։
-Դավի՛թ, արդյոք Երևանի փոխքաղաքապետի՝ ազատ խոսքը լռեցնելու քայլի մասին ծանուցել եք միջազգային իրավապաշտպան կառույցներին։ Եթե այո, ինչ դիրքորոշում են վերջիններս հայտնել, եթե ոչ՝ պատրաստվո՞ւմ եք դիմել։
-Այո՛, Հայաստանի ժուռնալիստների միությունը և «168 ժամ»-ը ծանուցել են մեր միջազգային գործընկերներին։ Անգլերենով համապատասխան տեղեկանք է պատրաստվել և ուղարկվել։ Արձագանքին, ճիշտն ասած, տեղյակ չեմ. այս պահին էլ զբաղված եմ իմ փաստաբանների հետ խորհրդակցությամբ, թե որն է լինելու մեր քայլերի հաջորդականությունը։ Հայցը ստանալու, ուսումնասիրելու, հայցադիմումի պատասխան գրելու դեպքում միայն կկարողանամ ավելի հստակ պատասխանել բոլոր հարցերին։
– Ձեր և և «168 ժամ» ՍՊԸ -ի դեմ դատական հայցը կարո՞ղ է պատճառ հանդիսանալ, որպեսզի այլևս չանդրադառնաք Տիգրան Ավինյանի և իշխանության այլ ներկայացուցիչների բիզնեսներին և ունեցվածքին։
-Ո՛չ, երբե՛ք, ճիշտ հակառակը։ Մենք ավելի մեծ սկզբունքայնությամբ ենք շարունակելու լուսաբանել և ներկայացնել այս վարչախմբի իրական դեմքը՝ հայցելով մեր լրագրող գործընկերների համերաշխությունը։
-Դավի՛թ, ինչպե՞ս կգնահատեք դատարանի գործողությունները, հայցի արդար քննության հույս ունե՞ք։
-Թույլ տվեք որևէ կերպ չմեկնաբանել դատարանի գործողությունները, քանի դեռ հայցադիմումը չեմ ստացել։ Հայցադիմումն ստանալուց հետո փաստաբանների հետ խորհրդակցելով՝ արդեն կկողմնորոշվեմ։ Իսկ հայցի արդար քննության հույս անպայման ունեմ։ Արդարությունը պետք է հաղթանակի։