Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը մեդալ կունենա Եվրոպայի կանանց մեծահասակների առաջնությունում: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող ստուգատեսում մեր առաջին մեդալն ապահովել է 63 կգ քաշային Սոնա Հարությունյանը: Քառորդ եզրափակչում հայ մարզուհին մրցել է վրացի Տեկլե Լամինիձեյի հետ ու հաղթել մեծ առավելությամբ:
Բոլոր 3 ռաունդներում Սոնան տակտիկապես շատ գրագետ մենամարտ է անցկացրել: Արդյունքում՝ բոլոր մրցավարները 5:0 հաշվով հաղթանակը շնորհել են Հարությունյանին: Նա կիսաեզրափակչում է և ապահովել է առնվազն բրոնզե մեդալ:
2-րդ մեդալն ապահովել է 69 կգ քաշային Անի Հովսեփյանը, որը մրցակցին հաղթել է նոկաուտով: Հունգարացի Ռեգինա Լակոսի հետ մենամարտում հայ մարզուհին պարզապես ջախջախել է մրցակցին:Առաջին ռաունդի մեկնարկից Անին նախաձեռնողի դերում էր և հուժկու հարվածների տարափ էր հասցնում մրցակիցն: Մեր մարզուհու հարվածներից մեկը շատ ուժեղ դիպել է հունգարացուն և մրցավարը հաշիվ է բացել:
2-րդ ռաունդում Անիի առավելությունը շատ ավելի մեծ էր: 2-րդ ռաունդի կեսին Անիի ևս մեկ շատ ուժեղ հարված հասել է նպատակին, մրցավարը հաշիվ է բացել և տեսնելով, որ հունգարացին հետ է քայլում և դժվարանում է մնալ ոտքի վրա՝ դադարեցրել է մենամարտը: