ԱԱ. Արթուր Ալեքսանյանը կպայքարի իր չորրորդ ոսկե մեդալի համար. News.am

19

Սերբիայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը նվաճեց եզրափակիչի ուղեգիր եւ կպայքարի աշխարհի չեմպիոնի չորրորդ տիտղոսի համար:

97 կգ քաշայինների կիսաեզրափակիչում աշխարհի եռակի չեմպիոնը մրցեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի գործող չեմպիոն, Իրանի ներկայացուցիչ Մոհամադհադի Աբդուլահ Սարավիի հետ եւ հաղթեց 3:1 հաշվով:

Գոտեմարտի մեկնարկից մեկ րոպե անց գորգի մրցավարն Արթուր Ալեքսանյանին պասիվություն տվեց եւ իրանցի ըմբիշին վերեւից աշխատելու հնարավորություն տվեց: Աշխարհի գործող չեմպիոնը չկարողացավ Արթուրին պոկել եւ հնարք կատարել: Մրցակիցները գնացին հանգստի 1:0 հաշվով՝ Սարավիի առավելությամբ:

Երկրորդ մրցափուլում մրցավարը պասիվություն տվեց Սարավիին, Արթուր Ալեքսանյանը երկու միավորանոց գլորում կատարեց: Օլիմպիական չեմպիոնը պատրաստվում էր երկրորդ գլորումը կատարել, բայց գորգի մրցավարը դադարեցրեց գործողությունը: Գոտեմարտն ավարտվեց 3:1 հաշվով Արթուր Ալեքսանյանի հաղթանակով:

Գոտեմարտի ավարտին աշխարհի գործող չեմպիոնը հրաժարվում էր գորգից բարձրանալ, նրան օգնեց Արթուր Ալեքսանյանը:

Նախորդ անգամ Ալեքսանյանն ու Սարավին հանդիպել էին Տոկիոյի Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչում, որտեղ աշխարհի եռակի չեմպիոնը  4։1 հաշվով հաղթել էր իրանցի ըմբիշին:

Եվրոպայի հնգակի չեմպիոնը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից, որտեղ մրցակիցը հրաժարվել էր պայքարից՝ հաղթանակը շնորհելով Ալեքսանյանին: 1/8 եզրափակիչում 3:1 հաշվով հաղթել էր թուրք Մեթեհան Բասարին, քառորդ եզրափակիչում էլ ժամանակից շուտ 9:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Ղրղզստանի ներկայացուցիչ Բեկսուլթան Մախմուդովի նկատմամբ:

Ավելի ուշ բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, 23-ամյա Մալխաս Ամոյանը: Երիտասարդ ըմբիշը 77 կգ քաշում աշխարհի առաջնությունում իր առաջին մեդալը կվիճարկի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, սերբ Վիկտոր Նեմեշի հետ: