Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հիմնական դերակատարը շարունակում է մնալ Ռուսաստանը:
Այս մասին ՀՀ ԱԺ-ում ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները ո՞ր կողմի միջնորդությամբ են իրականացվում:
ԱԺ նախագահն ընդգծեց, որ բոլոր տեղերից տարբեր միջնորդություններ կան: Եվ տարբեր խողովակներով տարբեր հարցեր են քննարկվում:
«Ինչ-որ հարցեր կան, որ անմիջականորեն Արցախի իշխանություններն են մասնակցում ու խոսում, դրանք մասնավորապես ԼՂ-ին վերաբերող հարցերն են: Պայմանագրերի առաջարկները փոխանակվում են տարբեր խողովակներով, հիմնական ճանապարհը ռուսական կողմի միջոցով փոխանակումն է: Հիմնական դերակատարը շարունակում է մնալ Ռուսաստանը»,-ասաց Սիմոնյանը:
Նա հավելեց՝ սակայն կա նախաձեռնություն նաև ԱՄՆ-ից, որը բավականին ակտիվ է :