Կիրակի, 26 Հուլիս, 2026

Քաղաքացին չպետք է մամուլից տեղեկանա, որ իր բակում գտնվող դպրոցն օտարվում է, և տեղում կառուցվելու է բիզնես կենտրոն. Գաբրիելյան

Մենք առաջարկում ենք ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու միջոցով, այս պահի դրությամբ գոնե որոշակիորեն կանոնակարգել նմանատիպ գույքերի օտարումը՝ նախևառաջ հանրությանը հասանելի դարձնելու եղանակով: Այսինքն՝ քաղաքացին չպետք է մամուլից տեղեկանա, որ իր բակում գտնվող մանկապարտեզը, դպրոցը կամ սպորտդպրոցն օտարվում է և տեղում կառուցվելու է մեկ այլ քաղաքացու առանձնատուն կամ բիզնես կենտրոն: Այս մասին ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 3-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով իր և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի հեղինակած  «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախաձեռնության նպատակն է ապահովել պետության և հասարակության համար մշակութային, պատմական, գեղարվեստական, գեղագիտական կամ այլ արժեքավոր նշանակություն ունեցող որոշ խումբ գույքերի՝ այլ նպատակներով օգտագործման, տիրապետման դեպքերի նվազեցումը:

Սիսակ Գաբրիելյանի խոսքով հատկապես վերջին շրջանում  մամուլի հրապարակումներից  հայտնի է դառնում, որ այս կամ այն հանրային նշանակություն ունեցող գույքերը՝ մարզադաշտեր,  նախկինում պետական այլ կառույցներ,  անկախացումից՝ 1991 թվականից հետո, այս կամ այն օրինական կամ անօրինական ճանապարհով անցել են իրավաբանական անձանց  սեփականության տիրույթ: Դրանց  ավելի քան 80 տոկոսն արդեն օտարվել է, փոխարենը կառուցվել են այլ շենք-շինություններ կամ էլ գտնվում են անմխիթար վիճակում:

«Ունենք նախնական տեղեկություններ, որ որոշ դեպքերում այդ գույքերը նույնպես գնում են մասնավորեցման և օտարման»,- ասել է Սիսակ Գաբրիելյանը: Պատգամավորի տեղեկացմամբ  երկրում նման ավելի քան 27.000 գույք կա, որոնք իրավաբանական կամ հասարակական կազմակերպությունների կողմից մասնավորեցվել են:

Նշվել է, որ   բոլոր դեպքերով  իրականացվում են ուսումնասիրություններ:  Ընդհուպ մինչև 1947 թվականի փաստաթղթերն  են ուսումնասիրվում, և երբ առաջանում է կասկած, որ պետության սեփականությունը ոչ իրավաչափ եղանակով է անցել  իրավաբանական անձանց, ապա գրավոր դիմում է ներկայացվում Գլխավոր դատախազությանը, որն  ուսումնասիրելուց հետո և հիմքերի առկայության դեպքում հայցեր է ներկայացնում դատարաններ: Վերջնական նպատակը գույքերի վերադարձն է պետությանը:

Գլխավոր դատախազությունն այս պահին արդեն 2-3 դեպքերով հայցեր է ներկայացրել դատարաններ, որպեսզի այդ գույքերը կրկին անցնեն  ՀՀ սեփականությանը:

Տարընթերցումներից խուսափելու նպատակով Սիսակ Գաբրիելյանը   պարզաբանել  է, որ նախաձեռնությունը   որևէ մեկից սեփականության իրավունք խլելու և այն այլ անձի օտարելու նպատակ չի հետապնդում:

Կառավարության դրական կարծիքը նախագծի վերաբերյալ ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը՝ նշելով, որ նախագիծը որոշ լրամշակումների կարիք ունի:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական նախաձեռնությանը: Այն նախատեսվում է քննարկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի ընթացքում: